Կիրակի, 17 նոյեմբերի

3 հավի և 8 աղավնու գողության փորձի համար՝ 3 տարի 4 ամիս ազատազրկում



«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում դատական գործերին ծանոթանալով՝ հաճախ կարելի է հանդիպել գործերի, որտեղ թեթև հանցանքի համար քաղաքացին դատապարտվել է մինչև հինգ տարվա ազատազրկման:

Նույն համակարգից տեղեկացանք, որ երկու անչափահաս երեխաների հայր, վարաձորցի Արթուր Պետրոսյանը գտնվում է կալանավայրում՝ համաքաղաքացու 3 հավն ու 8 աղավնին գողանալու փորձի համար: Անցյալ տարի նա դատապարտվել է 3 տարի 4 ամսվա ազատազրկման: Ըստ գործի՝ գողացվելիք հավերը 9 հազար դրամ են արժեցել, իսկ աղավնիները՝ 24.000 դրամ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի նկարագրական մասում նշված է, որ Արթուր Պետրոսյանը, նախապես իմանալով, որ հարակից թաղամասի բնակիչ Դավիթ Կիրակոսյանը շենքի բակում գտվող անասնագոմում պահում է աղավնիներ և հավեր, որոշել է գողանալ դրանք: Հարբած վիճակում, իրենց տանից նախապես վերցնելով հարթաշուրթ, պտուտակահան և ուսապարկ, գնացել է հիշյալ գոմ, պտուտակահանով դռան փականը վնասելով՝ մտել է ներս, պարկի մեջ լցնել 3 հավ ու 8 աղավնի: Այդ պահին նրան նկատել և բռնել է թռչունների տերը՝ Դավիթ Կիրակոսյանը: Նա ծեծել է Արթուր Պետրոսյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է հոնքի սալջարդ, ձախ աչքի վերին կոպի արյունազեղում՝ ուղեկցված գանգուղեղային փակ, բութ տրավմայով, որովայինի արյունազեղում, 8-9-րդ կողերի փակ կոտրվածք: Սակայն անասնագոմի տիրոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Արթուր Պետրոսյանի հետ հաշտվելու հիմքով: 

Դատապարտվել է միայն Արթուր Պետրոսյանը՝ գողության փորձի համար: Նա չի ունեցել անգամ փաստաբան: Դատավճռում որևէ տող չկա փաստաբանի կամ թե հանրային պաշտպանի ներգրավման կամ նրանց ծառայություններից Պետրոսյանի հրաժարվելու մասին: Այս գործը չի բողոքարկվել Վերաքննիչ, հետևաբար և Վճռաբեկ դատարաններ: Մեկ ամիս առաջ գործը ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ, արխիվ: Իրեղեն ապացույց ճանաչված 3 հավերը և 8 աղավնիները հանձնվել են տուժող Դավիթ Կիրակոսյանին:

Նախկինում մի քանի անգամ դատապարտված Պետրոսյանն  իրեն մեղավոր է ճանաչել, քննիչին հայտնել, որ բնակվում է կնոջ և փոքրահասակ երեխաների հետ սոցիալական ծանր պայմաններում: Հայտնել է նաև, որ չկարողանալով գտնել աշխատանք՝ ընտանիքի կարիքները հոգալու համար որոշել է գողանալ Դավիթ Կիրակոսյանի թռչունները և վաճառել:

«Հաշվի առնելով Արթուր Պետրոսյանի կատարած հանցավոր արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, վերջինիս անձը, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները, դատարանը հանգում է հետևության, որ վերջինիս նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի: Ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան»,- նշված է նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի կայացրած դատավճռում: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված