Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Հրաչյա Հարությունյանի դուստրը հերքեց հորը ստորացնելու մասին լուրերը



Մի քանի ամսից կլրանա 3 տարին, ինչ ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում ավտովթարի գործով 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն անազատության մեջ է:

Հրաչյա Հարությունյանն ունի շաքարային դիաբետ, ողնաշարի ճողվածք

Նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը, մեզ հետ զրույցում հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե հոր հանդեպ վատ վերաբերմունք կա Տոմբովի գաղութում: «Ստորացման ու տանջելու մասին լուրերը 100 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը,- ասաց Լիլիթ Հարությունյանը,- բայց առողջական վիճակն իսկապես վատ է: Ունի շաքարային դիաբետ, ողնաշարի ճողվածք: Որոշ ժամանակ առաջ իմացանք, որ դժվար է քայլում»:

Հարությունյանի առողջական վատ վիճակի մասին մենք տեղեկացրեցինք ՄԻ պաշտպանի գրասենյակին և արդարադատության նախարարությանը: Օմբուդսմենի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ հարցը մշտապես գտնվում է օմբուդսմենի գրասենյակի ուշադրության ներքո:  

Իսկ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ թեև նախարարությունը Հրաչյա Հարությունյանի հարազատների կողմից մինչ այս պահը առողջական վիճակի վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, այդուհանդերձ, արդեն իսկ, իր իրավասության շրջանակում, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին՝  խնդիրը պարզելու նպատակով: 

Ավելի քան երկուսուկես տարվա ընթացքում Հարությունյանների ընտանիքի անդամները չեն կարողացել տեսակցել Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանին: Աղջիկն ասում է, որ խնդիրն, առաջին հերթին, գումարային է: Չկա նաև հեռախոսային կապ: Հորից տեղեկություններն իմանում է Ռուսաստանում ապրող ու աշխատող բարեկամների միջոցով, որոնք հանձնուք են փոխանցում Հրաչյա Հարությունյանին:

Այս պահին ընտանիքի հոգսը ծանրացած է Լիլիթ Հարությունյանի ուսերին, որը չորս անդամից բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է, միակ աշխատողը: «Ես իմ աշխատանքով ոչինչ չեմ հասցնի, եթե բարեկամների օգնությունը չլինի: Իրենք են մեզ օգնում»,-ասում է Լիլիթը:

Դեռ հստակեցված չէ՝ երբ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան

Թեպետ 2014 թ-ից Հրաչյա Հարությունյանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կան ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարներին ուղղված նրա հարազատների դիմումները՝ պատիժը Հայաստանում կրելու վերաբերյալ, այդուհանդերձ մինչ օրս նրա փոխանցումը Հայաստան չի կատարվել:

«Անկեղծ ասած, չեմ հասկանում փոխանցման հարցն այսքան ձգձգելու պատճառը: Երկար ժամանակ լուռ համբերել ենք, սպասել ենք, թե երբ են հորս տեղափոխելու Հայաստան պատիժը կրելու: Գոնե մեզ մոտ կլինի, կկարողանանք տեսակցել, օգնել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Լիլիթ Հարությունյանը:

Մեր հարցմանն ի պատասխան արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ԱՆ-ն ստացել է Հրաչյա Հարությունյանին Հայաստանում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին նրա կնոջ դիմումը: Նախարարությունը ընթացք է տվել դիմումին՝ նախապատրաստելով «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը: Դիմել է ՌԴ արդարադատության նախարարությանը՝ խնդրելով քննարկել և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման  համար անհրաժեշտ փաստաթղթերը:

ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ Հրաչյա Հարությունյանի փոխանցման համար ՌԴ Պատիժների կատարման ֆեդերալ ծառայությունը նախապատրաստում է Կոնվենցիայով անհրաժեշտ փաստաթղթերը:

Արդարադատության նախարարության պատասխանում նշված է, որ դատապարտյալների փոխանցման գործերը, սովորաբար, տևում են տարի և ավելի: 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին «Կամազ» մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մոտ բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թ-ի օգոստոսի 4-ի դատավճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների կանոնների խախտում ու կեղծ փաստաթղթերի օգտագործում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված