ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Փաստաբան Վ. Հովհաննիսյան. «Եթե գործարք լիներ, իմ պաշտպանյալն այսօր կլիներ ազատության մեջ»



Անցյալ տարվա մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով կալանավորված չորս մեղադրյալներից Գարեն Աթաջանյանը կալանքի տակ է: Այս մասին «Հետքին» հայտնեցին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նույնը պնդեց նաև Աթաջանյանի պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է: Նրա պաշտպաններից Մհեր Բադալյանը, սակայն, հրաժարվեց որևէ տեղեկություն տալ Գարեն Աթաջանյանի գտնվելու վայրի կամ առողջության վերաբերյալ:

Նույն գործով անցյալ տարվա հուլիսի 3-ից կալանքի տակ գտնվող Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Հետքին» փոխանցեց, որ Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ, փոխարենը շուտով կլինի ազատության մեջ: Ըստ նրա՝ դա գործարքի հետևանք է:

«Գործարքն ընթացքի մեջ է, Գարեն Աթաջանյանն արդեն ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ, ստացվել է եզակացություն Աթաջանյանի առողջական վիճակի մասին, որ նրա վիճակը կարող է գնալով վատթարանալ՝ կալանքի մեջ մնալով: Միայն տեղյակ չեմ՝՝ արդեն ազատության մե՞ջ է, թե՞ դեռ ոչ»,- ասաց Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը դիտարկեց երկու տարբերակ. «Եթե անձը նման առողջական խնդիրներ ունի, ուրեմն ստացվում է, որ անձին այսքան ժամանակ պահել են կալանքի տակ և պայման դրել՝ կալանքից կհանենք, եթե Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տաս: Սա խոշտանգում է նշանակում: Մեկին ծեծում են, օրինակ, որ ցուցմունք տա, իսկ սա ավելի հարմար տարբերակ է՝ մարդուն այնքան են պահում անազատության մեջ, մինչև ցուցմունք տա: Նշանակում է՝ նա ցուցմունք է տվել խոշտանգման տակ»:

Երկրորդ տարբերակն, ըստ Ալումյանի, այն է, որ Աթաջանյանի վիճակը անհամատեղելի չէ ՔԿՀ-ում գտնվելու հետ: «Պարզապես ասել են՝ ցուցմունք կտաս, մենք էլ քո առողջական վիճակը կհարմարեցնենք պատժի կրմանն անհամատեղելի վիճակի հետ ու կազատենք»,- նշեց Ալումյանը: Նրա համոզմամբ՝ երկու դեպքում էլ օրենքի ակնհայտ, կոպիտ խախտում է:  

Ինչ հիվանդություններ ունի Գարեն Աթաջանյանը

Գարեն Աթաջանյանի պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալը գտնվում է առողջական ծանր վիճակում, ինչը հայտնի է եղել կալանքի առաջին իսկ օրվանից: Կան բժշկական փաստաթղթեր, որտեղ նշված է, որ նա տառապում է շաքարային դիաբետով և դրանով պայմանավորված՝ մի շարք բարդություններ՝ միկրոանգեոպաթիա, կարդիոպաթիա և այլն: 2010թ.-ից ունի զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, լարվածության ստենակարդիա՝ 2-րդ դասի: Փաստաբանի պնդմամբ՝ կալանքի առաջին իսկ օրվանից միջնորդություններ են ներկայացրել, որ կալանքն ու նրա առողջական վիճակն անհամատեղելի են: Հետագայում հնարավոր է դարձել կազմակերպել Աթաջանյանի հետազոտությունը «Էրեբունի» ԲԿ-ում: Արդյունքները հաստատվել են: Ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ Գարեն Աթաջանյանը տեղաշարժվում է ձեռնափայտով: Պաշտպանական կողմի միջնորդությամբ նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն, որի համաձայն՝ նրա առողջական ներկայիս վիճակի պայմաններում ստացիոնար բուժումը նպատակահարմար և անհրաժեշտ է: Կալանքի կիրառումը կարող է թողնել բացասական ազդեցություն նրա հիվանդությունների վրա: 

Հարցին, թե ինչու այդ դեպքում Աթաջանյանին չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» կալանքի վեց ամիսների ընթացքում, փաստաբան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ բազմիցս նախաքննական մարմնի կողմից իրենց առաջարկվել է Գարեն Աթաջանյանին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն քանի որ այնտեղ առավել բաց ռեժիմ է, Աթաջանյանին մտահոգել է իր անվտանգության հարցը: «Ոչ միայն, որ բուժումը կարող էր ոչ էֆեկտիվ կազմակերպվել, այլ մտավախություն ենք ունեցել նրա կյանքի և առողջության հետ կապված: Այդ իսկ պատճառով հրաժարվել ենք»,-ասաց մեղադրյալ Աթաջանյանի պաշտպանը:

Այնուամենայնիվ, ՔԿՀ-ներում կան դեպքեր, երբ անձը հենասայլակի մեջ է, կրում է կալանք, բայց այդպես էլ չի նշանակվում հանձնաժողովային փորձաքննություն: Օրինակ՝ վերջերս մեր կողմից լուսաբանված Տիգրան Հարությունյանի դեպքը: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ չի կատարել վերլուծություն, թե քանի դեպքով է նշանակվել հանձնաժողովային փորձաքննություն: Բայց նշեց, որ իրենց պարագայում փորձաքննության նշանակումը պաշտպանական կողմի ճկուն աշխատանքի արդյունք է եղել:

Ինչ վերաբերում է Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիտարկմանը, որ փորձաքննությունը գործարքի մաս է կազմում Արա Բուդաղյանի դեմ ցուցմունքի դիմաց, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ վերջին շրջանում չի մասնակցել քննչական գործողություններին և տեղյակ չէ, թե Աթաջանյանն ինչ ցուցմունք է տվել. «Եթե նման պայմանավորվածություն լիներ, ապա իմ պաշտպանյալն այսօր կլիներ ազատության մեջ, քանի որ շուրջ 20 օր է՝ կա հանձնաժողովի եզրակացությունը, բայց նախաքննական մարմինը դեռևս անհրաժեշտ չի համարում փոխել նրա խափանման միջոցը»:  Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են կալանքը փոխելու մասին միջնորդությամբ հանդես գալ, եթե նախաքննական մարմինը ինքնուրույն չնախաձեռնի այդ գործընթացը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, ձերբակալվել էր չորս քաղաքացի:

Գարեն Աթաջանյանին եւ Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու և ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ:

Արա Բուդաղյանը 2013-ի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպում սպանված Ավետիք Բուդաղյանի և սպանությունից հետո պատասխանատվության ենթարկված միակ անձ Արտակ Բուդաղյանի կրտսեր եղբայրն է (Արտակ Բուդաղյանը դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Խաչատրյան ընտանիքի հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնելու համար):

Արա Բուդաղյանը հուլիսի 3-ից՝ ավելի քան վեց ամիս կալանքի տակ է Սյունիքի մարզպետի մեքենայի վրա կրակելուն դրդելու մեղադրանքով: Կալանքի տակ մնալու ժամկետը երեք անգամ 2-ական ամսով երկարաձգվել է: Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՄԻ Եվրոպական դատարանում բողոքարկում է կալանքի որոշումները, նաև կալանքը գրավով փոխարինելու մերժման որոշումները:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի լուսանկարն՝ իր ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված