Կիրակի, 20 հոկտեմբերի

«Մենակ ինձ նման ռոմանտիկ անձնավորությունը կարող է այսպիսի գործ անի ու անունը դնի բիզնես»



Անին իր նոր ձեռագործն է տոպրակից հանում: Նարնջագույն երանգով մանկական զգեստը կախիչով հայտնվում է մյուս զգեստների մոտ, որոնք վաճառվում են: Նա հեռվից նայում ու ժպտում է:

Անի Ավետիսյանը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է: Այժմ աշխատում է ուժային կառույցում (խնդրում է չհրապարակել աշխատավայրի անունը): Ձեռագործությամբ սկսել է զբաղվել մայրանալուց հետո: Որդին՝ Սամվելը, 2 տարեկան է: «Օրը մի քիչ գունավորելու, հետաքրքիր դարձնելու համար սկսել եմ ստեղծագործել»,- ասում է զրուցակիցս:

Սկզբնական փուլում աշխատանքները նվիրում էր ընկերներին, հետո վերջիններիս առաջարկով սկսել է վաճառել: Ընկերներն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ են բացել իր համար: Աշխատանքները ներկայացնում է «Summy handmade» պիտակով: Որդու անվամբ է պայմանավորված. կարճ «Սամ», ավելի փաղաքշական՝ «Սամմի»:

Ձեռագործությունն անում է հելյունով: Ասում է, որ այն ազատություն է տալիս իրեն: Աշխատանքները տարբերվում են իրարից, քանի որ դրանք ստեղծագործություններ են Անիի համար: Դա է նաև պատճառը, որ պատվերներ հաճախ չի ընդունում և կտրականապես հրաժարվում է այն պատվերներից, երբ հագուստի նկար են բերում՝ պահանջելով 100 տոկոսով նույնից ստանալ:

Մեկ ձեռագործ աշխատանքն առավելագույնն ավարտում է 4-5 օրում: «Շատ արագ եմ գործում՝ աշխատանքի վայրում՝ ընդմիջումներին, մարշրուտկայում, գիշերները... Հիվանդության նման բան է»,- նշում է նա:

Հիշում է, որ երբ երթուղային տաքսում սկսել էր ձեռագործ անել, կողքին նստած տղամարդը խնդրել է, որ վաճառի, դստեր համար էր ուզում գնել: Անին ծիծաղելով պատմում է դեպքը, անմիջապես ավելացնում, որ, բնականաբար, չի վաճառել:

Զրուցակիցս ասում է, որ եթե հիմնական աշխատանք չունենար, ապա Հայաստանում ձեռագործ աշխատանքով հնարավոր չէ ընտանիք պահել: Մեր երկրում ձեռագործ աշխատանքներն այնպես չեն գնահատվում, ինչպես դրսում: Մեզ մոտ, ըստ Անիի, կարծրատիպային մոտեցում կա: Հաճախ գնորդները ցանկանում են, որ ձեռագործ աշխատանքը վաճառվի մեքենայագործ աշխատանքի գնով, բայց դա, Անիի կարծիքով, հնարավոր չէ: «Հայաստանում մեքենայագործ աշխատանքն ավելի շատ են գնահատում: Ներքին շուկան էլ է խաբուսիկ, որովհետև երբեմն ոչ որակյալ թելերով են գործում»,- ասում է 29-ամյա կինը:

Անիի աշխատանքները 6-7 ամիս է՝ վաճառվում են «Երևան մոլի» «Art-room» վաճառասեղանին, սակայն եկամուտ դեռ չի ստացել: «Պետությունը ոչ մի բանով չի խթանում փոքր բիզնեսի զարգացմանը: Գոնե առաջին կես տարին հարկ չուզեն: Հիմա ծախսերն ու եկամուտը բացարձակ չեն համապատասխանում, դրա համար մենակ ինձ նման ռոմանտիկ անձնավորությունը կարող է այսպիսի գործ անի ու անունը դնի բիզնես»,- ասում է զրուցակիցս:

Ցուցահանդես-վաճառքներին սովորոբար չի մասնակցում, որովհետև, ինչպես ասում է, մեկ օրվա համար, ենթադրենք, 20.000 դրամ են ուզում սեղանիկի համար, բայց հայտնի չէ՝ այդ օրը գնորդ կունենա՞, թե՞ ոչ:

Ապագա ծրագրերի մասին նախընտրում է չխոսել, ասում է՝ «քանի էնտուզիազմով եմ աշխատում, չեմ ուզում ծրագրեր կազմել»: Առայժմ, ըստ նրա, դիմադրում է դժվարություններին:

«Գիտե՞ք՝ ինչքան աշխատանք փնտրողներ կան, ամեն օր ինձնից աշխատանք են հարցնում, հնարավոր կլիներ ստեղծել այդ աշխատատեղերը, երբ եկամուտ ունենայի, տարածք ունենայի, պայմաններ լինեին»,- նշում է Անին, ապա հավելում, որ Հայաստանում իր նման հազարավոր կանայք, աղջիկներ կան, ովքեր իրենից լավ ձեռագործություն են անում, սակայն իրացնելու հարթակ չունեն:

Ասում է՝ սիրում է երկիրը, չի ցանկանում գնալ, բայց երբեմն դժվարությունները տարակուսանք են առաջացնում Հայաստանում մնալու հարցի շուրջ: Շեշտում է՝ այդ տարակուսանքն առաջացել է որդու ծնվելուց հետո, քանի որ պատասխանատվություն է կրում նրա ապագայի համար:  

Օտարերկրյա կազմակերպություններից առաջարկներ ստացել է ձեռագործ աշխատանքները վաճառելու համար, սակայն հրաժարվել է: Ասում է՝ լավատեսության աղբյուր դեռ ունի:

«Լավատեսությունն այն է, որ այսօր ժպիտով նոր բան բերեցի ցուցադրեմ, կամ այն, որ ժպիտով պատմում եմ, որ էսքան դժվարություններ կան, բայց շարունակելու եմ աշխատել: Դա արդեն գործ է, չէ՞, ոչ թե խոսք: Կաշխատեմ ելք գտնել»,- եզրափակում է Անին:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Այս թեմայով

  • «Դյութեն». բնական քսուքներ՝ 28-ամյա կենսաքիմիկոսից
    «Դյութենը» բնական քսուքների նոր ապրանքանիշ է, որը պատրաստում է կենսաքիմիկոս Գայանե Հովհաննիսյանը: Արտադրանքում չեն օգտագործվում եթերայուղեր ու կոնսերվանտներ: Սա Գայանեի գիտական և ստեղծագործական աշխատանքի արդյունքն է:
  • «Հայկական չրեր №1». Եղեգնաձորի նոր այցեքարտը
    Սիլվա Եղոյանն ասում է, որ չիրը պատրաստման փուլեր ունի, պետք է իմանաս, թե ինչքան պիտի մնա արևի տակ, ու երբ պիտի տեղափոխես հով տեղ: Եթե ամբողջապես մնա արևի տակ, և՛ որակն է փոխվելու, և՛ գույնը: Փաթեթավորումից առաջ չիրը պարտադիր լվանում են, տիկին Սիլվան խորհուրդ է տալիս՝ եթե չեք հոգնում, գնելուց հետո մի անգամ էլ դուք լվացեք:
  • «Զաբել». դիվանագետի ասելիքը՝ գինու տեսքով
    «Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
  • «Պիաֆչիկ». ասեղնագործություն մետաղի վրա
    Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
  • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի
    «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:
... կարդացեք ավելին «Made in Armenia» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված