Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիների և քաղաքացիներն ընդդեմ ոստիկանության



Անցյալ տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէրերգիայի բարձրացման դեմ իրենց բողոքի ձայնը բաձրացնող քաղաքացիների ու ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված գործողությունների մասով գործը դեռ նախաքննության փուլում է: Փոխարենը վարչական դատարանում լսվում են Ոստիկանության հայցերն ընդդեմ քաղաքացիների: Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան սեպտեմբերի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար մի խումբ քաղաքացիների վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:  

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունից Էռնեստ Ավանեսովը

Փաստաբան Հայարփի Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միայն ինքը նույն օրվա կապակցությամբ ութ քաղաքացու է ներկայացնում Վարչական դատարանում, իսկ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 12-ի գործով ավելի քան 20 քաղաքացու դեմ հայց կա ոստիկանության կողմից: Նրանցից մեկն էլ «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներից Էռնեստ Ավանեսովն է: Նրա գործով այսօր նախնական դատական նիստն էր՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ:

Դատավոր Լիանա Հակոբյանը

Փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշ գործերով, այդ թվում և Ավանեսովի գործով, հակընդդեմ հայց են ներկայացրել, որով վիճարկում են ոստիկանության գործողությունների իրավաչափությունը:

Էռնեստ Ավանեսովը նշեց, որ իրեն ձերբակալել են մայթից բռնի ուժ կիրառելով, ապա տարել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՀՈ բաժանմունք։ Ավանեսովն ու իր ներկայացուցիչը նշեցին, որ ճանապարհին ոստիկանները չեն ներկայացել, չեն հայտնել իրենց պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, չեն ներկայացրել ազատությունից զրկելու իրավական հիմքը։ ՀՀ ոստիկանությունում որևէ փաստաթուղթ Ավանեսովին չի տրամադրվել։ Ավանեսովը բաժնում մնացել է մոտ երեք ժամ, չի ունեցել փաստաբան:

Փաստաբան Հայարփի Սարգսյանը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության մայոր Մարտա Մելիքսեթյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 11-ի համար Երևանի քաղաքապետի իրազեկումը կար, որով  հավաք ու երթ կատարելու  նախապես հայտնի երթուղի էր սահմանված: Սակայն հավաքի մասնակիցները շեղվել են երթուղուց, ապա չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, թույլ են տվել վարչական իրավախախտում: Ոստիկանության մայորն ընդգծեց, որ ոստիկանությունը նախապես տարածել է հաղորդագրություն, որ երթի մասնակիցների գործողություններն անօրինական են: Սակայն հավաքի մասնակիցները չեն կատարել օրենքի պահանջները: Ապա տրվել է ժամանակ Բաղրամյան փողոցն ազատելու համար:

Ոստիկանության մայոր Մարտա Մելիքսեթյանը

Ոստիակնության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ներկայացուցիչ Մարիաննա Մարգարյանն էլ նշեց, որ միայն իրենց բաժնում նույն օրվա կապակցությամբ 17 հայց կա, որոնցից որոշներով կան նաև հակընդդեմ հայցեր:

Նշենք, որ վարչական խախտումը հաստատվելու դեպքում քաղաքացիներից կգանձվի 50.000-ական դրամ:   

Ոստիկանության ներկայացուցիչ Մարիաննա Մարգարյանը

Փաստաբան Հայարփի Սարգսյանը, սակայն, նկատում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ ոստիկանությունը կարող էր հենց տեղում կազմել, եթե այդպիսի հիմքեր ուներ. «Դրա համար պետք է մարդուն այն էլ բռնի ուժով տանել ոստիկանություն»:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներից Արթուր Քոչարյանի կարծիքով (նրա դեմ էլ հայց կա), այս վաչական գործերը քաղաքացիներին ճնշելու միջոց են. «Եթե խախտման մասին է խոսքը, ապա ոստիկանությունն է կարգ խախտել, տեսագրություններ կան, թե ինչպես են ոստիկանները մայթերից առևանգում մարդկանց: Սա գնահատում եմ որպես քաղաքական հետապնդման միջոց քաղաքացիների նկատմամբ, որ մարդիկ վախենան հարցեր բարձրացնել փողոցում»,- կարծիք հայտնեց նախաձեռնության անդամը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունից Արթուր Քոչարյանը

Հիշեցնենք, որ 2015թ-ի սեպտեմբերի 11-ին խաղաղ հավաքի մասնակիցները փորձել են իրենց բողոքն արտահայտել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Երթի մասնակիցները շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, որի սկզբնամասում հանդիպել են ոստիկանական «պատի»։ Արդեն սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 5-ին ոստիկանությունը 30 րոպե ժամանակ է տրամադրել, որպեսզի խաղաղ հավաքի մասնակիցներն իրենց հավաքը շարունակեն Բաղրամյան պողոտայի մայթերում, այնուհետև ոստիկանական ուժերը բռնի ուժով ցուցարարներին տարել են մայթեր, ապա որոշներին բերման ենթարկել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված