Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Ո՞րբ էիք ման գալիս, որ կորցնեիք ցմահ»



13-րդ տարին անազատության մեջ գտնվող Ցոլակ Պողոսյանը տարեվերջին դիմել է «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանին` խնդրանքով, որպեսզի իրավական աջակցություն ցուցաբերվի իրեն 12 տարվա վաղեմության քրեական գործի վերանայման համար: Դատաքննությունից ի վեր Ցոլակը շարունակում է պնդել, որ անմեղ է, պայքարում է գործի վերաբացման համար:

Նա մեկն է այն 14 նախկին զինվորներից, ովքեր դատապարտված են ցմահ ազատազրկման (ցմահ ազատազրկվածների թիվը վերջին տվյալներով մեր երկրում 99 է):

Դատարանների արխիվում «Հետքը» ծանոթացել է համածառայակցի, իր մտերիմ ընկերոջ` Կարեն Պետրոսյանի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկին շարքային, երկկողմանի ծնողազուրկ Ցոլակ Պողոսյանի քրեական գործի նյութերին, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց ունեցել դատապարտյալի հետ:

Նույն գործով որպես մեղադրյալներ ներգրավված երեք զինվորներից Մանվել Բոյաջյանն ու Սուրեն Պետրոսյանը դատապարտվել են 6.5-ական տարվա, իսկ Սայաթ Արշակյանը՝ 5 տարվա ազատազրկման Ցոլակին օժանդակելու մեղադրանքով: Հենց վերջինի` 6-7 անգամ լրացվող ու փոփոխվող ցուցմունքներից վերջինն էլ դրվել է դատավճռի հիմքում:

Դատավճռի հիմքում դրվել է նաև Ցոլակի ինքնախոստովանական ցուցմունքը` տրված սպառնալիքների, ծեծի հետևանքով՝ 5 օր գտնվելով Ռազմական ոստիկանությունում և բռնության ենթարկվելով, ինչի մասին նա հայտարարել է դատարանում, սակայն որևէ իրավական հետևանք այն չի ստացել: ՌՈ-ում տեղի ունեցած ծեծ ու ջարդի մասին քրեական գործի նյութերում բազմաթիվ են զինվորների հայտարարությունները: Հատուկ կարևորության գործերով քննիչ Փիլոսյանը հանձնարարել է բժշկական փորձաքննություն նշանակել զինվորների հայտարարությունների հիման վրա, սակայն 4 հատորանոց քրեական գործի նյութերում որևէ տեղ այդպես էլ չգտանք այդ փորձաքննության արդյունքները: Ապացույց չի ճանաչվել տուժողի զինվորական հագուստը: Թեև քրեական գործի լուսանկարներում Կարեն Պետրոսյանը զինվորական համազգեստով է, այնինչ դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ դին ստացվել է մերկ վիճակում:

Ինչպե՞ս է ստացվել, որ ծառայակցի 6-7 անգամ անընդմեջ լրացվող ցուցմունքներով Կարեն Պետրոսյանի սպանության մեղքն ընկել է երկկողմանի ծնողազուրկ, ՌԴ-ում դպրոց գնացած, ռուսերեն գրել, կարդալ իմացող 21-ամյա Ցոլակ Պողոսյանի վրա, որը նախ որպես վկա, ապա որպես կասկածյալ հարցաքննվելիս չի ունեցել թարգմանիչ: Իսկ գործի քննության 3 տարիներին ֆինանսական վատ վիճակի պատճառով չի կարողացել վարձել փաստաբան:

«Հետքը» հանդիպեց Ցոլակ Պողոսյանի խնամակալ Անահիտ Մաթոսյանի հետ, ով նախկին զինվորի քեռակինն է: Նա պատմեց, որ Ցոլակի ծնողները ապրելիս են եղել Սպիտակում, երկուսն էլ 1988թ. երկրաշարժի զոհ են դարձել: Այդ ժամանակ Ցոլակը եղել է երկուսուկես տարեկան: Տիկին Անահիտը պատմեց, որ իր երեք երեխաներից մեկն էլ է երկրաշարժի ժամանակ զոհվել: «Աղջիկս մնաց փլատակների տակ, ասեցի՝ Ցոլակին էլ կպահեմ, հենց իմանամ իմ աղջիկն ա: Երանի չի գաք, տենաք Ցոլակը որտեղ ա մեծացել: Երկրաշարժից հետո էրեխեքին որբանոցներն էին տանում, բայց ես պահեցի դոմիկի մեջ: Մինչև հիմա էլ դոմիկի մեջ ենք»:

Ցոլակին խնամող քեռու ընտանիքը նույնիսկ տեղյակ չի եղել, թե ինչ է պատահել նրան: Անահիտի մյուս տղան երբ բանակից զորացրվել է ու վերադարձել Սպիտակ, նրան ուղարկել է, որ գնա-տեսնի Ցոլակին զորամասում: «Էկել ա ու իմացել, որ Ցոլակին ցմահ են դատել: Հետո եկել ենք բերդում տեսակցության, ասում էինք՝ գոնե խաբար անեիր, որ քեզ դատում են, ասեց՝ ո՞նց խաբար անեի, շորերն էլ են հանել հագներիցս,- ասաց տիկին Անահիտը,- մի անտեր էրեխա գտան, բարդեցին վրեն: Մենք էլ ուժ չունեինք, հազիվ էինք ապրում… ո՞րբ էիք ման գալիս, որ կորցնեիք ցմահ»:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Կիմա 18:33 - 8 հունվարի, 2016
Կեղծիքներով, ոստիկանության կողմից բանսարկություննրով կազմված, "Արդարադատության" կառույց հանդիսացող դատարանների անգործության և կեղծիքները պատճենահանելու ,առանց գործի լուրջ ուսումնասիրության․․․․ինրպես նաև , անտարբերության պատճառով ,բազմաթիվ են օրինակները,Կալանավայրերը ծանրաբեռնված,1 անկողնու համար 4հոգի, անբարենպաստ պայմաններ ,հիվանդներ,առանց բուժօգնության,,բողոքներ անարդարությունների դեմ,չկա սոցիալ կամ իրավաբանական հարցերով իրոք զբզղվող ծառայակից ,,բողոքները կասեցվում են տեղում․․․․․Իրավական կառույցներում էլ,դիմումների պատասխանները,շրջանցող,մեկը-մյուսի վրա գցող ,լղոզված ու ոչինչ չասող ;Ինչևէ,այդ անարդար շրջանը,լրացվում է կյանքից,անտեղի կորցրած տարիներով;Հերթը հասնում է ,թղթի վրա ամրագրված օրենքով,կիրառելու,"պատժից վաղաժամկետ ազատվելու" հարցը,և ահա նորից դեմ ենք առնում բետոնե մի նոր պատի,ընկնում անարդարություններով հյուսված Սարդոստայնը; Դիմում եմ Նոր Սահմանադրության հաստատման գործին ակտիվ որեն լծված քարոզիչներին․—Ու՞ր է ձեր խոստացված արդարությունը,․․․․․․․"բարեփոխումները";Տեր կանգնեք ձեր խոստմանն ու համոզմանը․․ ․․․․ ․ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ "ԿՈՄԱ"-ԻՑ ՀԱՆԵԼ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԿԻՐԱՌԵԼ ԱՅՆ․․․․
2. Արմեն00:40 - 9 հունվարի, 2016
Հայաստանը, ՍՍՀՄ փլուզումից հետո, մնում է ստալինյան մտայնությամբ ու մեթոդներով կառավարվող տարածք: Մտեք ԱԱԾ կոչվող կառույցի ցանկացած աշխատասենյակ. անխտիր պատից կախված կտեսնեք բոլշևիկյան վիժվածք Ֆելիքս Դերժինսկու սֆաթը: Այդ աշխատասենյակներում աշխատողներից ոչ մեկի մտքով չի անցել հանել դրանք: Նույնը դատախազությունում է. իրենց հոգևոր հայր Անդրեյ Վիշինսկու պատկերացումներով դատապարտյալը երբեք չի արդարացվում: Գլխավոր դատախազության դիմացի փողոցը ավտոշուի է հիշեցնում կամ ամերիկյան թաղման բյուրոյի պարկինգ (սև ու անճոռնի թանկարժեք մեքենաներ): Արդարադատության նախարարը կյանքից անտեղյակ` դատարկաբանության ռեկորդներ է սահմանում: Իսկ դատավորները... մեծ մասը դոլարով միլիոնատերեր են: Սա է արդարադատությունը ՀՀ կոչվող տարածքում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված