ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Ցմահները դադարեցրել են հացադուլը



Այսօր երեկոյան` հացադուլի 10-րդ օրը 32 ցմահ դատապարտյալներ դադարեցրել են հացադուլը: Այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ ցմահ բանտարկյալների հարազատների խմբին երեկ ընդունել էր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում հացադուլավորների բարեկամները դեկտեմբերի 21-ին 10 կետանոց դիմում էին հանձնել:

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք խնդիրները: Հովհաննես Սահակյանի հետ հանդիպումը իմ մեջ կոնկրետ հույս արթնացրեց, որ մի բան կփոխվի: Նրան խնդրեցինք, որ գնա, լսի հացադուլ անողներին»,- ասաց ցմահների ծնողներից Մարինե Բադալյանը` շեշտելով, որ Ազգային ժողովի առաջիկա նիստերին հետևելու են, հետևողական են լինելու ու շարունակելու ենք պայքարը:

Այսօր ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն ու ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են հացադուլավորների մի խմբի, լսել նրանց խնդիրները:

«Հացադուլ անողների ծնողները երեկվա մեր հանդիպման ժամանակ խնդրեցին, որ այցելեմ, լսեմ ու հորդորեմ դադարեցնել հացադուլը: Այսօր պարոն Օսիկյանի հետեղանք «Նուբարաշենում», խոսեցինք իրենց բարձրացրած 10 կետերից: Ասացի, որ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական նոր օրենսգրքերի շրջանակներում անդրադարձ կարվեն մի քանի խնդիրների»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին հացադուլավորներին էր այցելել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու հորդորել դադարեցնել հացադուլը:  «Հետքի» հետ զրույցում նա նշեց, որ հացադուլավորների հետ խոսել է ցմահներին վերաբերող խնդիրների օրենսդրական լուծումներից.  «Բոլոր այն հարցերը,  որոնք  ենթակա են օրենսդրական կարգավորման, առաջիկայում կքննարկենք խորհրդարանի քաղաքական ուժերի հետ»,- ասաց ԲՀԿ ղեկավարը: 

Օրենսդրական լուծումներից է, օրինակ, մի նախագիծ, որը արդեն 5-րդ տարին` 2011 թ.-ից ԱԺ նիստերի օրակարգում է: Այն հեղինակել էր Դավիթ Հարությունյանը, ապա նույն օրինագծով զբաղվել էր ներկայիս արդարադատության նախարար, այն ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Սակայն այս նախագիծն այդպես էլ մինչ օրս օրենքի ուժ չի ստացել, թեպետ տարիներ առաջ է մտել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Այն նախատեսում է 15 տարի պատիժը կրելուց հետո փակ ռեժիմից անցում կիսափակ ռեժիմի, իսկ 18 տարի անց՝ անցում կիսաբաց ռեժիմի: Արդյունքում՝ արդեն մոտ 50 ցմահ դատապարտյալ կլիներ կիսափակ ու կիսաբաց ռեժիմային գոտում:

Մյուս լուծումը կապված է 2011 թվականի մայիսի 25-ին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հետ, որով ՔՕ 55-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի նախկին 15 տարվա փոխարեն: 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված