Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Հացադուլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` գործերի վերանայման պահանջով



Երեկվանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մոտ 40 ցմահ դատապարտյալ վերսկսել է հացադուլը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներից:

Այս լուրը փորձեցինք պաշտոնապես հաստատել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «28 դիմում է ներկայացվել ցմահ դատապարտյալներից հացադուլ հայտարարելու վերաբերյալ: Պահանջը` իրենց քրեական գործերի վերանայումն է»,- «Հետքին» փոխանցեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: 

Հացադուլավորների հարազատները մեզ հետ զրույցում նշեցին, որ ցմահ բանտարկյալների` դեռևս հոկտեմբերի սկզբին բարձրացված 10 կետանոց խնդիրներին անդրադարձ չի կատարվել: Նրանք շեշտեցին, որ, ճիշտ է, Արդադարադատության նախարարությունից ստացել են նախագահական մուտքագրված դիմումի պատասխանը, սակայն այնտեղ գրված է` տեսակցությունները կավելացվեն, պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը կկարգավորվեն. «Բայց ամեն ինչ անորոշ է` երբ կկարգավորվեն տասնյակ տարիներ ձգձգվող հարցերը: Բացի էդ, 10 կետերի մեջ տեսակցությունների հարցը վերջին տեղում էր, մինչև դա 9 կետ կար, որը լուծումներ էլ է իր մեջ պարունակում: Բայց էդ հարցերը չեն ուզում լուծեն»,- «Հետքին» փոխանցեց հացադուլավորներից մեկի բարեկամը` նշելով, որ հացադուլի պահանջը նույնն է` 10 կետերում շարադրված խնդիրները լուծել, որի հիմնական «մեխը» օրենսդրական ճանապարհով գործերի վերանայման ռեալ հնարավորություն ստեղծելն է:    

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 12-ին մոտ 5 տասնյակ ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին ուղարկել, որը վերահասցեագրվել էր Արդարադատության նախարարությանը: Այնտեղից էլ ստացվել էր պատասխան, որը, սակայն, չէր գոհացրել ցմահ դատապարտյալներին: Նրանց հարազատների փոխանցմամբ, դա է պատճառը, որ հացադուլը վերսկսվել է:   

Երեկ հացադուլավոր բանտարկյալներին այցելել են ՄԻ պաշտպանի ներկայացուցիչները: Կարեն Անդրեասյանի խոսնակ Շուշան Դանիելյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ քիչ ուշ կտրամադրի այցի մանրամասները:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ երեկ այցելել են Նուբարաշեն ՔԿՀ` Հայկ Կյուրեղյանին տեսակցելու նպատակով: Նրան տեսակցելուց հետո տեղեկացել են, որ ցմահ դատապարտյալներից ոմանք հացադուլ են հայտարարել, ուստի տեսակցել են նաև թվով 25 ցմահ դատապարտյալներին: Վերջիններս նշել են, որ պահանջը գործերի վերաբացումն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված