Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Դատարանը պարտավորեցրել է դադարեցնել «Nurofen»-ի «մոլորեցնող» հաբերի վաճառքը



Ավստրալիայի դատարանը պարտավորեցրել  է  բրիտանական «Ռեքիթ Բենքիզեր» (Reckitt Benckiser) ընկերությանը, որը հանդիսանում է   «Նուրոֆեն» դեղորայքի սեփականատերը, կասեցնել «մոլորեցնող» ցավազրկողների վաճառքը։  Պարզվել է, որ դրանց բոլորի բաղադրությունը նույնն է, իսկ գինը՝ 2 անգամ թանկ։ Դատավոր Ջեյմս Էդելմանը (James Edelman) 3 ամիս ժամանակ է տվել՝ այդ դեղատեսակները ավստրալական խանութներից վերացնելու համար։

Բրիտանական ընկերության դեմ դատավարությունը սկսվել է  դեռևս այս տարվա մարտին։ Դատարանը պարզել է, որ «Ռեքիթ Բենքիզեր»-ը  խաբել է ավստրալիացի սպառողներին՝ նրանց վաճառելով «Նուրոֆեն» ցավազրկող՝   կոնկրետ ցավերի, ասենք՝ ուժեղ գլխացավի, ժամանակավոր ցավի, միգրենի, մեջքի ցավի համար և այլն։

Այնինչ «Նուրոֆենի» բոլոր այդ տարատեսակների ակտիվ նյութը ՝ իբուպրոֆեն լիզինն է (ibuprofen lysine), և թվարկված տարատեսակնուում դրա պարունակությունը նույնն է եղել։

Իբուպրոֆենը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղահաբ է (NSAID), որը ներգործում է՝  նվազեցնելով օրգանիզմում բորբոքում և ցավ առաջացնող հորմոնները։

«Նուրոֆեն»-ի մամուլի խոսնակ Մոնթսե Պենան (Montse Pena) նշել է, որ այս դեպքը վերաբերում է միայն Ավստրալիային, իսկ մնացած բոլոր տեղերում դրանց վաճառքը շարունակվելու է ․ « «Նուրոֆենի»  կոնկրետ տեսակների արտադրանքը նպատակաուղղված էր օգնելու սպառողին՝ առաջնորդվել ցավը վերացնելու իրենց տարբերակով»,-ասում է  խոսնակը։ 

Հայաստանում «Իբուպրոֆենը»  «Նուրոֆենից»  մոտ 10 անգամ էժան է

Հայաստանի դեղերի պետական ռեեստրում «Ռեքիթ Բենքիզեր» ընկերության «Նուրոֆեն» դեղորայքի տարբեր տեսակներ են գրանցված մինչև 2015-2020թթ։

«Նուրոֆեն», «Նուրոֆեն ֆորտե», «Նուրոֆեն Ուլտրա Կապ», «Նուրոֆեն Էքսպրես նեո», «Նուրոֆեն» գել․ սրանց բոլորի ակտիվ նյութը իբուպրոֆենն  է ՝ ցավազրկող և ջերմիջեցնող մի շարք դեղերի հիմնական ակտիվ դեղանյութը։

Կա նաև նույնանուն ջեներիկ դեղը (generic drug)։ Վերջինս արտադրվում է նույն հումքով և տեխնոլոգիայով, ինչ այլ անունը կրող համարժեք բրենդային դեղը և շուկա է մտնում իր գլխավոր ակտիվ նյութի անվանմամբ,  ունի անհամեմատ ավելի ցածր գին։

«Իբուպրոֆենը» «Նուրոֆենից» ավելի քան 10 անգամ էժան է ։
Համեմատության համար հայաստանյան դեղատներում «Նուրոֆեն»-ը վաճառվում է  1400-4500  դրամի սահմանններում, իսկ իբուպրոֆենն արժե 80-600 դրամ՝ մոտ 10 անգամ էժան։

Օրինակ՝ alfa pharm-ի գնացուցակը (ՀՀ դրամով)


Նուրոֆեն


Իբուպրոֆեն 

Ամբողջ աշխարհում ջեներիկ դեղերը բրենդային դեղերից էժան են։ Ընտրությունն իհարկե, սպառողինն է, սակայն  «Ռեքիթ Բենքիզեր» ընկերության նման քայլը ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ մարքեթինգային հնարք, (ինչը մեր նյութերից մեկում  մանարամասն ներկայացրել էինք) ։

Այն մոլորեցնում է սպառողին՝ ստիպելով գնել նույն ազդեցությունն ունեցող դեղն ավելի թանկ գնով, բայց  ցանկացած ցավի դադարեցում՝ լինի դա գլխի, մեջքի և այլն, մարդու օրգանիզմում կատարվում է նույն սկզբունքով։ 

Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված