ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հայկ Կյուրեղյանին այցելել են ՄԻ պաշտպանի ներկայացուցիչները



Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, օրեր առաջ որդուն սովորականի պես հանձնուք է տարել «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն պարզել է, որ Հայկն իր խցում չէ, այլ հացադուլավորների համար նախատեսված խցում:

Փաստորեն նոյեմբերի 30-ին, երբ Վերաքննիչ դատարանում լսվում էր Կյուրեղյանի բողոքը, նա արդեն 13 օր գտնվում էր հացադուլի մեջ: Նկատելի էր, որ հյուծված է: «Բայց չէի կարող ենթադրել, որ Հայկը հացադուլի մեջ է, ու այդ մասին չի հայտարարում: Երկուշաբթի օրը անպայման կտեսակցեմ նրան: Քանի դեռ չեմ տեսել, չեմ կարող ասել, թե ինչու է հացադուլ արել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Հայկ Կյուրեղյանին երեկ այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները` հացադուլի մասին տեղեկանալով մամուլի հրապարակումներից: ՄԻՊ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը «Հետքին» ասաց, որ Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նոյեմբերի 17-ից հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի հետ, ով գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հացադուլավորների համար առանձնացված խցում. «Առողջական վիճակը բավարար է եղել, Կյուրեղյանը ևս հավաստել է, որ բժիշկների հսկողության տակ է, չի դժգոհել ՔԿՀ պայմաններից, աշխատակազմից: Նշել է, որ չի ցանկացել հրապարակայնեցնել հացադուլի փաստը»,- նշեց ՄԻՊ մամուլի խոսնակը` ընդգծելով, որ առանձնացված խցի պայմանները նորմալ են, ջերմային պայմանները` ապահովված:

Իսկ որն է հացադուլի պատճառը հարցին, Շուշան Դանիելյանը պատասխանեց. «Որևէ հստակ պատճառ Հայկ Կյուրեղյանը չի մատնանշել»:

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են նաև բանտի ղեկավարության հետ, ծանոթացել Հայկ Կյուրեղյանի անձնական գործին, բժշկական քարտին: Պլանավորել են կրկնակի այցելել նրան երկուշաբթի օրը:     

Մենք զրուցեցինք նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով հայտնեց, որ Հայկ Կյուրեղյանը հացադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել նոյեմբերի 17-ին` գրելով, որ հացադուլը կապված է իր առողջական խնդիրների հետ. «Հայկ Կյուրեղյանը բուժում էր ստանում, հետո ընդհատեց բուժումը և հայտարարեց հացադուլ»,-ասաց ՔԿՎ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 30-ին անփոփոխ թողեց Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ սեպտեմբերի 15-ի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի 316 և 258 հոդվածներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի դիմաց կայանած մեքենաներից մեկի վրա, ապա օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել: Ըստ քրեական գործի` տուժել էր 5 ոստիկան. նրանք ստացել էին թեթև մարմնական վնասվածքներ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել էր որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված