Չորեքշաբթի, 24 հուլիսի

Իրավապահները չեն իրականացնում լրագրողների պաշտպանության մեխանիզմներ ապահովելու իրենց գործառույթը



Լրագրողները չեն հավատում, որ ՀՔԾ-ն կբացահայտի գործը

Այս տարվա հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայում կազմակերպած #ElectricYerevan ցույցի ցրման ժամանակ ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 1-ին մասով: Հիշեցնենք, որ ոստիկանները ցույցը ցրելիս ֆիզիկական բռնություն էին գործադրել լրագրողների վրա, կոտրել, վնասել նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններն ու լուսանկարները, առգրավել ֆոտո եւ տեսախցիկների հիշողության քարտերը:

Լրագրողները պատմում են հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցածի մասին

Արդեն 4 ամիս է՝ նախաքննություն է ընթանում: Ծավալուն այս գործը, որում ներգրավված է 31 անձ, առաջին երկու ամսվա ընթացքում քննում էր մեկ քննիչ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախաձեռնությամբ լրագրողական 9 կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ ՀՀ քննչական ծառայությունից պահանջելով կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ եւ օբյեկտիվորեն քննելու այս գործը: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասելով՝ միայն գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հետ իր հանդիպումից եւ իրավիճակը ներկայացնելուց հետո ցուցում տրվեց ՀՔԾ-ին՝ այս գործը քննելու համար ձեւավորել քննչական խումբ։

Քննչական խմբի ղեկավարն է ՀՀ հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Ավետիսյանը: 

Քրեական գործում ներգրավված են ոչ միայն լրագրողներ, այլեւ ակտիվիստներ եւ ոստիկաններ: «Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ ոստիկանության ծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հավաքի մասնակիցներ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական համալիր 11 փորձաքննություններ, կատարվել են բազմաթիվ զննություններ, առգրավումներ, քրեական գործին են կցվել և ուսումնասիրվել դեպքերին առնչվող տեսանյութեր, փաստաթղթեր»,- ասված է «Հետքի» հարցմանը ՀՔԾ տված պատասխան գրության մեջ:

Այդ օրը, ԽԱՊկ տվյալներով, խոչընդոտվել է ԶԼՄ-ների 24 աշխատակիցների՝ լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների մասնագիտական աշխատանքը: Սակայն հստակ չէ՝ արդյոք գործում ներգրավված 31 անձանցից քանիսն են ԶԼՄ ներկայացուցիչ: ԽԱՊԿ-ի տվյալներով՝ նրանցից 19-ը հրավիրվել են հարցաքննության: Չորս ամիսների ընթացքում այդպես էլ հարցաքննության չեն հրավիրվել հինգը` «1in.am» լրատվական կայքի նախկին աշխատակիցներ Կարեն Չիլինգարյանը Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, ներկա աշխատակից Արեն Մկրտչյանը, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը։

«1in.am» լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ԽԱՊԿ-ին ասել է, որ երբ քրեական գործ է հարուցվել, իրեն է զանգահարել ՀՔԾ-ից մի քննիչ ու զգուշացրել, որ կայքի տուժած աշխատակիցներին հրավիրելու է հարցաքննության: Դրանից հետո, Արման Բաբաջանյանի խոսքով, ինքն այլևս զանգ կամ հրավեր չի ստացել:

Ծանոթացեք հունիսի 23-ին աշխատող լրագրողների ցանկին, ում աշխատանքը խոչընդոտվել էր: 

Նոյեմբերի 23-ին ՀՔԾ-ի՝ մեզ տված պարզաբանմամբ՝ «ԶԼՄ-ների 4 ներկայացուցիչներ, թեև ծանուցագրերով հարցաքննության են կանչվել, սակայն չեն ներկայացել և չեն հայտնել իրենց ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին»:

ՀՔԾ չներկայացած լրագրողներից մեկը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Մկրտիչ Կարապետյանն է: Լրագրողը հաստատեց, որ գործում ներգրավված է որպես տուժող, բայց հրաժարվել է փորձաքննությունների մասնակցել. «Ժամանակ չունեմ, ամբողջ օրը կանչում էին, ես էլ նյութերս թողած գնում-գալիս էի»:   

«Հետքի» թղթակից Անի Հովհաննիսյանը նույնպես կանչվել է ՀՔԾ, սակայն չի ներկայացել: Իր այդ որոշումը նա մեկնաբանում է որպես «անվստահություն քննչական մարմինների նկատմամբ»: Նախկինում իր նկատմամբ տեղի ունեցած բռնության այլ դեպքերի քննության անարդյունավետությունն աչքի առաջ ունենալով՝ կարծում է, որ այս գործի քննությունը նույնպես չի բացահայտի մեղավորներին:   

Առանձնակի վստահություն քննության նկատմամբ չեն տածում նաեւ այն լրագրողներն ու լուսանկարիչները, ովքեր ներկայացել են ՀՔԾ:

Ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանն, օրինակ, կարծում է, որ քննիչները թեեւ շատ բարեհամբույր են եւ արտաքուստ տպավորություն են ստեղծում, թե շահագրգռված են, սակայն նրանց հարցադրումներն ու գործողությունները մեղավորներին բացահայտելու հույս չեն ներշնչում:

Lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանն ասում է, որ ինքը տեսանյութեր է տրամադրել քննիչներին եւ խնդրել կցել գործին, բայց չգիտի՝ դրանք կցվե՞լ են, թե՞ ոչ:

«Հետքի» թղթակից Հրանտ Գալստյանը, որը գործում ներգրավված է որպես վկա, քննիչների աշխատանքից հետեւյալ տպավորությունն է ստացել. «Քննիչը հարցնում էր բոլոր ավելորդ մանրամասներից՝ տպավորություն ստեղծելով, թե գործը ընթացք կստանա: Հաջորդող ամիսները ցույց տվեցին, որ դա ներկայացում էր»:

Անկախ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանը երկու անգամ հրավիրվել է ՀՔԾ. առաջին անգամ՝ ցուցմունք տալու, երկրորդ անգամ՝ քննչական խմբի անդամների հետ ծանոթանալու: Նրա տպավորությամբ՝ քննությունն ավելի շատ իմիտացիա է: «Անում են՝ անելու համար, ձեւացնում են, թե իբր աշխատանք է կատարվում»,- ասում է Գեւորգը: Մինչդեռ, նրա համոզմամբ, կատարվածի մասին առկա տեսանյութերը բավական են գործը բացահայտելու համար: «Շարքային քննիչի աշխատանքի վերաբերյալ բողոք չունեմ, նա իր գործն է անում իրեն թույլատրվածի սահմաններում»,- եզրափակեց Գեւորգ Ղազարյանը:

Լրագրող Փայլակ Ֆահրադյանին, որը որպես տուժող է ներգրավված քրեական գործում եւ ՀՔԾ-ում ցուցմունք է տվել, քննության ընթացքը չի գոհացնում. «Քննիչների պատճառաբանությունն այն է, թե գործը ծավալուն է, մանրակրկիտ աշխատանքներ են տարվում, սակայն այն փաստը, որ լրագրողների գործը քննվում է առանց լրագրողների մասնակցության, մեզ՝ տուժողներիս, տեղեկատվության գրեթե չի տրամադրվում, շատ քիչ ինֆորմացիա ենք ստանում ընթացքի վերաբերյալ, կարծում եմ, որ ձեւական բնույթ է կրում:  ՀՔԾ-ն փորձում է ժամանակ ձգել, որ մոռացության մատնվի»: Ըստ Ֆահրադյանի՝ գործում ներգրավված են բարձրաստիճան ոստիկաններ, որոնց հրամանով են կատարվել բռնի գործողությունները, ուստի չի կարծում, որ իրավապահները շահագրգռված են մեղավորների բացահայտմամբ:  

Ոստիկանների գործադրած բռնություններից ամենից շատ տուժել էր «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանը: Մենք փորձեցինք նախաքննության ընթացքի մասին զրուցել նրա հետ, սակայն Դավիթը հրաժարվեց այս թեմայի շուրջ առհասարակ խոսել եւ ասաց, որ այժմ ԶԼՄ համակարգում չի աշխատում:

Ոստիկանությունը հիմնականում փոխհատուցել է լրագրողներին պատճառված նյութական վնասը

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնություններից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ կփոխհատուցի ԶԼՄ ներկայացուցիչների կրած նյութական եւ տեխնիկական վնասի համար: Մենք փորձեցինք պարզել՝ ու՞մ եւ ի՞նչ գումարի չափով է ոստիկանությունը փոխհատուցում տվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տեղեկացմամբ՝ լրատվամիջոցներից վնասի հատուցման պահանջով ՀՀ ոստիկանություն դիմել է միայն «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը։ Վնասի հատուցումն իրականացվել է ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի կարգով (հետևանքների վերացում)։ Նշված գրասենյակին որպես հատուցում տրամադրվել է՝ տեսախցիկ Panasonic AG-AC 160, տեսախցիկի լույս, Benro եռոտանի, Samsung Galaxy S4 հեռախոս, micro SD 32 Gb, ռադիոմիկրոֆոն Senhheiser EW 112P՝ 2 մլն 798  հազար 200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։

Մինչդեռ 1in.am-ի գլխավոր Արման Բաբաջանյանը մեզ ասաց, որ ոստիկանությունը իրենց կրած նյութական վնասը սարքավորումների տեսքով փոխհատուցել է ավելի վաղ, քան «Ազատություն» ռադիոկայանին, դեպքից երկու շաբաթ անց՝ տրամադրելով 3 թվային տեսախցիկ եւ ուղիղ եթերի 2 սարք:

Անկախ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի կոտրված ակնոցի համար էլ փոխհատուցել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կիրակոսյանը: Նա իր աշխատակիցներից մեկին Գեւորգի հետ ուղարկել է օպտիկայի խանութ, որտեղ Գեւորգի ընտրությամբ այդ աշխատակիցն ակնոց է գնել:

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վերնաշապիկը եւ գլխարկն էր պատռվել, ոստիկանությունը փոխհատուցում է առաջարկել, սակայն լրագրողը հրաժարվել է: «Ինձ համար կարեւոր է, որ պատժվեն այն մարդիկ, ովքեր հրաման են տվել ծեծել քաղաքացիներին: Այդ պատճառով էլ հրաժարվել եմ փոխհատուցումից»,- ասում է Փայլակը:

Ոմանց պարագայում ոստիկանությունը գործարք է առաջարկել փոխհատուցման դիմաց: Ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի խոսքով՝ մինչ օրս ոստիկանությունը չի վերադարձել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով իրենից վերցված տեսախցիկի հիշողության քարտը: «Մինչեւ քրգործի հարուցումն ու ինձ դրանում ներգրավելը ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում առաջարկեցին փոխհատուցել քարտի համարժեքը՝ փոխարենը հավաստիանալով, որ ես «չեմ բողոքի»»-ասում է առաջարկը մերժած լրագրողը: Նրա կարծիքով՝ քարտը վերադարձնելը կնշանակեր, որ ոստիկանությունն ընդունում եւ խոստովանում է իր հանդեպ գործված բռնարարքը: 

Epress.am-ի օպերատորից խլված եւ գետնին նետված տեսախցիկը երկու օր անց «մաքուր»՝ առանց տեսագրված նյութի վերադարձրել էին ոստիկանությունում՝ հրաժարվելով արձանագրություն կազմել, իսկ կայքի մյուս երկու օպերատորների սարքերի հիշողության քարտերն այդպես էլ չէին վերադարձրել, դրանց համար փոխհատուցում եւս չի տրվել

Մյուս լրագրողներին եւ լուսանկարիչներին սարքերը վերադարձվել են նորմալ վիճակում, ոմանց կրած նյութական վնասն էլ փոքր է եղել, այդ պատճառով էլ փոխհատուցման պահանջ չեն ներկայացրել:

Խտրականություն լրագրողների նկատմամբ. բռնության դեպքերը չեն բացահայտվում հենց այն պատճառով, որ առնչվում են լրագրողներին

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստանյան լրատվամիջոցների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանսի ժամանակ նշեց, որ Հայաստանում ձեւավորված վատ ավանդույթի համաձայն՝  նախընտրական եւ հետընտրական շրջանում միշտ սրվում է լրագրողների նկատմամբ անհանդուժողական վերաբերմունքը: Նա մտավախություն հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը եւս չեն բացառվում ճնշումները եւ բռնությունները: ՀՀ անկախության շրջանում չի եղել որեւէ ընտրություն, որը չուղեկցվի լրագրողների նկատմամբ բռնություններով: Ցավալիորեն, դրանք գրեթե միշտ անպատիժ են մնում:

Սրա մեջ իրավաբան Արա Ղազարյանը դիտավորություն է տեսնում: Եվ անպատժելիության այս մթնոլորտը վերացնելու նպատակով նա մտադիր է խտրականության գործերով հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու ցույց տալ, որ այդ դեպքերը չեն բացահայտվում հենց այն պատճառով, որ գործվել են լրագրողների դեմ եւ առնչվում են նրանց: Նա, օգտագործելով ԽԱՊԿ փաստահավաք գործունեության արդյունքում կուտակված ինֆորմացիան բռնությունների մասին, փորձելու է Եվրադատարանում ապացուցել, որ Հայաստանում առկա է համակարգային խնդիր՝ իրավապահները չեն իրականացնում լրագրողների պաշտպանության մեխանիզմներ ապահովելու իրենց գործառույթը:      

Իրավաբանը նման անհրաժեշտության մեջ եւս մեկ անգամ համոզվեց նոյեմբերի 26-ին Վերաքննիչ  քրեական դատարանի կայացրած որոշման հրապարակումից հետո, որով մերժվեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքը: Հիշեցնենք, որ լրագրողը պահանջում էր բեկանել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։ Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում գտնվում էր քրեական գործը, հանցակազմի բացակայության հիմքով կարճել էր ։

Ինչպես կանցնի հանրաքվեի լուսաբանումը լրագրողների համար՝ կանխատեսումներ չենք ցանկանում անել: Լավ կլինի, որ այս անգամ բռնությունների սցենարը չկրկնվի, եւ «ավանդույթը» խախտվի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված