Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Գյուղ, որտեղ մարդիկ ապրում են լքված մանկապարտեզի շենքում



Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում չգործող մանկապարտեզի վթարային երկհարկանի շենքում ապրում է վեց անապահով ընտանիք: Համայնքի ղեկավար Միսակ Միսակյանն ու մանկապարտեզի բնակիչները պատմեցին, որ ապրում են անվճար հիմունքներով: «Մի կերպ մինիմալ պայմաններ ենք ստեղծել ու ապրում ենք: Ամառը լավ ա, բայց աշնանը ու գարնանը տանիքից անձրևաջրերը ներս են լցվում»,- ասացին մանկապարտեզի բնակիչները:

Այստեղ Խորհրդային իշխանության տարիներին շուրջ  30 տարի գործել է Ակնաշենի մանկապարեզը: 1995 թ-ից մանկապարտեզը չի գործում, շենքը վթարային է: Փոխարենը` գյուղի դպրոցում է բացվել նախակրթարան: Գործում է համայնքի ֆինանսավորմամբ: 

Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղն այսօր ունի 460 տնտեսություն, 1750 բնակիչ,  դպրոցում սովորում է 280 երեխա, վերջին 10 տարիներին երեխաների թիվը պակասել է, գյուղից հիմնականում դուրս է եկել եզդի ազգաբնակչությունը` 130 եզդի բնակչության մեծ մասն արտագաղթել է: Միսակ Միսակյանը 25 տարի աշխատում է որպես համայնքի ղեկավար, որից 10 տարին Ակնաշեն համայնքի ղեկավարն է. «Մեր ներքին հավաքագրումները 8 մլն-ից չի անցնում, դոտացիա է տալիս կառավարությունը 20-22 մլն դրամի չափով: Սոցիալական օգնության ֆոնդը 2 մլն դրամ է, որով տարեկան երկու անգամ օգնություն ենք տրամադրում անապահովներին»,- ասում է գյուղապետը: 

Ազատամարտիկ Ռուդիկ Խուդոյանի ընտանիքը «մանկապարտեզում» տանիք գտած 6 ընտանիքներից մեկն է: Այստեղ են ապրում արդեն 9 տարի: Բազմազավակ ընտանիքը, որտեղ մեծանում է 7-ից 11 տարեկան երեք երեխա` Օվսաննան, Կարենն ու Ռոզան, գյուղում մեկ տարի վարձով է ապրել, հետո զգացել են, որ չեն կարողանում վարձը տալ, ու գյուղի համայնքի ղեկավարը նրանց անվճար տրամադրել է երկու սենյակ` նախկին մանկապարտեզի շենքում:

Արևիկ Թումանյանը` երեք երեխաների մայրն ասում է, որ ոչ մի աշխատանք անպատվաբեր չի համարում: Երիտասարդ կինն անգամ հողագործություն է անում, որ կարողանա երեխաներին ապահովել սնունդով ու դեղեր գնի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կոնտուզիա տարած ամուսնու համար:

Խուդոյանների ընտանիքը ստանում է 33.500 դրամ նպաստ: Ռուդիկ Խուդոյանը վատառողջ է,  սակայն թոշակավորման հարցը դեռ չեն կարողանում լուծել: «Ռուդիկը 16 տարեկանից կամավոր է գնացել, մասնակցել Ղարաբաղյան պատերազմին: Ամուսինս հիմնական աշխատանք չունի, վատառողջ է, անընդհատ գլխապտույտ ունի: Դեղերով ենք այս պահին պահում: Բայց մեքենայով շիշ ու երկաթ ա հավաքում, գերեզմանի փոս ա փորում: Ես էլ եմ աշխատում` հողագործություն եմ անում, հավաքարարություն, խանութում եմ աշխատում»,- պատմում է ընտանիքի մայրը` Արևիկը: 

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» հասարակական կազմակերպության էջում կարդացինք Խուդոյան ընտանիքի մասին գրառումը. «Ընտանիքը չունի սառնարան, ձմեռային հագուստ, երեխաները չունեն գրենական պիտույքներ, պայուսակներ, խաղալիքներ, հեծանիվ, առհասարակ ոչինչ չունեն: Նրանց հարկավոր է վառելիք, սնունդ, քանի որ ստացած նպաստը միայն հացին է բավականացնում, քաղցրավենիքի մասին երեխաները միայն երազում են, իսկ միրգ ու բանջարեղեն ամիսներով չեն էլ տեսնում»:


Այս կիրակի կազմակերպության անդամների հետ այցելեցինք Ակնաշեն գյուղ: Կազմակերպության ղեկավար Սոնա Մանուկյանը, ով չցանկացավ խոսել մեր տեսախցիկի առջև, բանավոր նշեց, որ սկզբում գործել են որպես ֆեյսբուքյան խումբ, ապա զգացել է, որ խումբն ընդլայնվում է ամեն այցելությունից հետո ու որոշել է հիմնել հասարակական կազմակերպություն: Արդեն երկու տարի ամեն կիրակի նվիրատվությունների շնորհիվ խմբի անդամները կարողանում են օգնել անապահով ընտանիքներին: «Մեր աշխատանքի մասին չեմ սիրում բարձրաձայնել, դա է պատճառը, որ չեմ ուզում տեսանկարահանվել: Անապահով մարդիկ, սոված երեխաներ այնքան շատ են մեր շուրջը, որ նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը կամ պետական մարմինները պիտի զբաղվեն այդ հարցերով, սխալ է: Դա է պատճառը, որ մենք ինքնակազմակերպվում ենք ու ամեն անգամ օգնում ծայրահեղ կարիքավոր ընտանքիներին»,- ասաց մասնագիտությամբ իրավաբան Սոնա Մանուկյանը:     

Արևիկը, Ռուդիկը, նրանց երեխաները զարմացած էին, թե ինչպես են երիտասարդները օգնել իրենց` բերելով վառելափայտ, կենցաղային տեխնիկա, սնունդ, տաք հագուստ, քաղցրավենիք, խաղալիքներ: «Ես միշտ ուզեցել եմ` մենք ստեղծենք մեր ապրուստը, վատ եմ զգացել, որ օգնում են մարդիկ: Ես պայքարել եմ, որ մեր անկյունը ունենանք, կոպեկ-կոպեկ փող ենք հավաքել, որ հող առնենք, անգամ գումարը մինչև վերջ չենք էլ փակել: Բայց տան հիմքը գցել ենք: Եթե մի քիչ մեզ կարողանան օգնել բարի մարդիկ, պատերն ու տանիքը կկանգնեցնենք»,- ասում էր Արևիկը ու օրհնում երիտասարդներին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված