ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Անմեղ քաղաքացին` դատավորին. «Ես հանցանք չեմ գործել, հանցանքը կատարվել է իմ հանդեպ»



Ամեն առավոտ իմ օրը սկսում եմ` կարդալով միջազգային մամուլ. մի բան, որը կուզեի անեին նաև մեր դատարաններում: Ի թիվս քաղաքական, տնտեսական, միջազգային թեմաների` մամուլը գրեթե ամեն շաբաթ գրում է տասնյակ տարիների վաղեմության քրեական գործերի վերաբացման, դատավճիռների բեկանման ու արդարացման դատավճիռների մասին:

ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանի ռեեստրում արխիվացվող տեղեկատվության համաձայն, 1989 թ-ից սկսած ԱՄՆ-ում ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված 1700 անմեղ քաղաքացի է վերադարձել ազատություն, որոնցից 333-ը արդարացվել է տասնյակ տարիներ անց իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ կատարված գենետիկական` ԴՆԹ թեստերի արդյունքներով:

Քըրք Բլուդսվորթ

ԱՄՆ քաղաքացի Քըրք Բլուդսվորթը 1985 թ-ին` 22 տարեկանում, դատապարտվել էր մահապատժի, իսկ 8 տարի անց` 1993 թ-ին դարձավ առաջինն աշխարհում, ով արդարացվեց իրեղեն ապացույցների ու ԴՆԹ փորձաքննության շնորհիվ: Իրական հանցագործին գտել էին միայն 10 տարի անց:

«Եթե դա եղավ ինձ հետ, կարող է լինել նաև յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա:

 Ավելի, քան 20 տարի նա պայքարում է անմեղ մարդկանց բանտարկությունից փրկելու համար:

Ջեֆրի Դեսկովիչը 17 տարեկանում դատապարտվել է համադասարանցու բռնաբարության ու սպանության մեղադրանքով, սակայն 16 տարի անց ԴՆԹ թեստը ապացուցել էր, որ նա բացառապես անմեղ է:

Ջեֆրին վերադարձել է ազատություն, ստացել իրավաբանական կրթություն, իսկ որպես փոխհատուցում ստացած ավելի քան 6 մլն դոլարի մեծ մասը ներդրել է «Արդարության հիմնադրամի» ստեղծման գործում:

Այսօր նա իր գիտելիքներով ու փորձով օգնում է անմեղ մարդկանց վերականգնել արդարությունը: 

Հետաքննող լրագրողները` որպես հին ու կասկածելի գործերի բացահայտողներ

Ռյուվեն Ֆենթոն

Տարիների վաղեմություն ունեցող գործերի վերաբացման, արդարության վերականգնման դժվարին գործում մեծ ներդրում ունեն նաև արտասահմանի մեր գործընկերները` հետաքննող լրագրողները:

Հաճախ հենց նրանց աշխատանքների հիման վրա են նոր վարույթներ սկսվում:

Հետաքննող լրագրող Ռյուվեն Ֆենթոնը երկար ժամանակ ուսումնասիրում է դատական ճակատագրական սխալների զոհերի գործերը:

Նա հեղինակել է «Գողացված տարիներ» գիրքը, որտեղ ներկայացրել է 10 անմեղ ճանաչվածների պատմություններ:

«Նրանք վերապրել են դժոխքը, որ պատմեն իրենց պատմությունները»,- գրում է Ֆենթոնը  “New York Post” պարբերականում:  

«Այն մարդիկ, որոնք ներկայացված են իմ գրքում ընդամենը մի փոքր մասն են անմեղ դատապարտվածների, որոնք դուրս են եկել բանտերից»,- գրում է լրագրողն իր հոդվածում` նշելով, որ տարեցտարի ավելանում է անմեղ մարդկանց թիվը, ովքեր վերադառնում են ազատություն:

«Գողացված տարիներ» գրքի շապիկը

Այսպես` եթե 1989 թ-ին տարիների դադարից հետո վերաբացվել է 21 մարդու գործ և արդյունքում նրանք ճանաչվել են անմեղ, ապա անցյալ տարի` 125 քաղաքացի է արդարացման դատավճռով վերադարձել հասարակություն:

Լրագրող Քերոլին Ռաֆլին գրկել է Թեմբեկիլ Մոլոդզիին` մարդու, ով 11 տարի բանտում պատիժ է կրել չկատարած սպանության համար:

11 տարվա գործի վերաբացման մեջ իր ներդրումն է ունեցել նաև լրագրողի հետաքննությունը:

Իսկ ամիսներ առաջ անմեղ դատապարտյալը վերադարձել է ազատություն:

Նա գրել է. «Ես հանցանք չեմ գործել, հանցանքը կատարվել է իմ հանդեպ»: 

  ԱՄՆ քաղաքացի Էնթոնի Գրեյսը 1994 թ-ին դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով 6 մարդու սպանության մեջ` տարեց կնոջ, նրա դստեր ու չորս թոռների: Սակայն 18 տարի անց նոր ապացույցներով հաստատվել է, որ Գրեյսը բացառապես անմեղ է:

Որպես փոխհատուցում ստացած դոլարներից 1.5 մլն գումարը դատական սխալի զոհ դարձած ԱՄՆ քաղաքացին օրերս ներդրել է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Լրագրող Քերոլին Ռաֆլին`անմեղ բանտվածի հետ

Հիմա նա մեքենայով շրջում է քաղաքից քաղաք, հանդիպումներ է ունենում ուսանողների հետ, պատմում իր պատմությունը: «Նրանք խլեցին իմ կյանքի 18 տարիները, ուզում էին ինձ սպանել, բայց ես մնացի, որ ասեմ` պետք է համակարգը դարձնել լավը»,-ասում է ազատություն ստացած քաղաքացին`նշելով, որ իր պատմությունը օգտագործում է մարդկանց ուսուցանելու համար:

Անմեղությունն ապացուցելու հարցում նրան օգնել է լրագրող, իրավաբան Նիկոլ Գասարեսն` իր ուսանողների հետ, ովքեր անշահախնդիր օգնել են Էնթոնի Գրեյսին: Արդարացման դատավճռից հետո Տեխաս նահանգի շրջանային դատախազ Չարլզ Սեբեստան նախ պաշտոնանկ է արվել (ապացուցվել է, որ այս գործով նա հավաքել է կեղծ ապացույցներ ու ստել դատարանում), ապա դատախազին զրկել են հատուկ կոչումից, որը նրան հնարավորություն էր տվել ընտրվել այդ պաշտոնում: 

Արդարացված Էնթոնի Գրեյսն` ուսանողների հետ հանդիպման ժամանակ

«Ամենամեծ խնդիրը անհավասարությունն է: Երբ մարդը չունի գումար, անկախ մաշկի գույնից, չի կարողանում նաև լավ փաստաբան վարձել: Իսկ այդպես ոստիկանությունն ու դատախազությունը հեշտ են կարողանում ճնշում գործադրել: Հաճախ անմեղ մարդկանց ստիպում են, որ իրենց մեղավոր ճանաչեն`փոխարենը խոստանալով մեղմ պատիժ»,- ասել է 2010 թ-ին անմեղ ճանաչված Էնթոնի Գրեյսը:   

Ի՞նչ է ցույց տալիս դատական սխալների վիճակագրությունը

“New York Post” –ը գրում է, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս` ներկայում ամերիկյան բանտերում պատիժ կրողների 2.5-5 տոկոսը դատական սխալի զոհեր են: Դա նշանակում է` խոսքը մոտ 10.000 դատապարտյալի մասին է: Իսկ ծանրագույն հանցանքների մեջ մեղադրված, այնուհետև տասնյակ տարիներ անց վերաբացված ու անմեղ ճանաչված 1700 նախկին դատապարտյալների գործերը տեսակավորելով` տեսաբանները ստացել են հետևյալ պատկերը: 

1700 անմեղ դատապարտվածների 13 տոկոսը բանտերում է հայտնվել ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա, որոնք կորզվել են ոստիկանական բաժանմունքներում սպառնալիքների հետևանքով:

Անմեղ դատապարտվածների 32 տոկոսը ճաղերի հետևում է հայտնվել սխալ վկայության պատճառով:

Կոռնելյուս Դյուպրե կրտսեր` 31 տարի պայքարել է իր անմեղության հաստատման համար

Կոռնելյուս Դյուպրե կրտսերը 31 տարի է չիդադարել կրկնել` ես անմեղ եմ: 1979 թ-ին նա դատապարտվել էր 60 տարվա ազատազրկման ավազակային հարձակման ու մի կնոջ բռնաբարության համար: Հենց տուժողի ցուցմունքն էլ հիմք էր դարձել Կոռնելյուս Դյուպրեին ձերբակալելու, ապա դատապարտելու համար: Տուժած կինը լուսանկարներում ճանաչել էր իր վրա հարձակվողին` մատնացույց անելով Դյուպրեին: Բայց ինչպես 30 տարի անց կատարված ԴՆԹ թեստի արդյունքներն էին ցույց տվել, սխալվեր էր: Սխալվել էր նաև արդարադատությունը` դատապարտելով մարդուն սխալ վկայության հետևանքով:

1700 անմեղ դատապարտյալներից 13 տոկոսը դատապարտվել է ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա, 32 տոկոսը` սխալ վկայության, 22 տոկոսը` ոչ լիարժեք փորձաքննությունների, 55 տոկոսը` սուտ ցուցմունքների, 47 տոկոսը` պաշտոնական զանցանքների:

1700 անմեղ դատապարտվածների 22 տոկոսը ճաղերի հետևում է հայտնվել դատաբժշկական թերի, ոչ լիարժեք փորձաքննությունների պատճառով:

Անմեղ դատապարտվածների 55 տոկոսը ճաղերի հետևում է հայտնվել սուտ ցուցմունքների պատճառով, իսկ 47 տոկոսը` պաշտոնական զանցանքի ու կեղծիքի, երբ դատախազությունն ու ոստիկանությունը պարզապես ոչնչացրել են կասկածյալների ու մեղադրյալներին արդարացնող ապացույցները, ստիպել են, որ մեղադրյալները տան խոստովանական ցուցմունքներ, իսկ վկաները` սուտ ցուցմունքներ:

Արդար դատաքննությունը` որպես մարդու իրավունքների «թագուհի»

Ճիշտ է` դատական համակարգը չի կարող վերադարձնել քաղաքացիներից «գողացված» տարիները, բայց դատական սխալի շտկումը մարդու իրավունքների նկատմամբ մեծագույն հարգանքի ու արդարության վերականգնման դրսևորում է:

Այս մարդկանց պատմությունները, թվերը, փաստերը գալիս են ասելու, որ անմեղ բանտվածներ կան ավել, քան 200 տարեկան դատաիրավական համակարգ ունեցող ԱՄՆ-ում: Մինչդեռ մեր պետության 24 տարիների ընթացքում տարիների վաղեմության որևէ քրեական գործ չի վերաբացվել, չնայած նրան, որ «Հետքի» լուսաբանումների արդյունքում և արտասահմանում արված նոր փորձաքննության հիմքով ի հայտ են բերվել նոր հանգամանքներ: Սակայն մեր դատաիրավական համակարգը դեռ չի ընդունում հնարավոր սխալներն անգամ այն դեպքում, երբ մեզ մոտ պետությունն օրենքով ոչնչացրել է իրեղեն ապացույցները: Եվ այսօր միայն ենթադրել կարելի է, թե ինչ պատկեր կունենայինք մենք` Հայաստանում, եթե հին ու կասկածելի, հաճախ 1 անձի իրարամերժ ցուցմունքներով կառուցված, գործի ելքով շահագրգիռ անձանց ցուցմունքներով «կարված» քրեական գործերով պահպանված լինեին իրեղեն ապացույցները:

Հ.Գ. Առաջին լուսանկարում ԱՄՆ քաղաքացի Ջոնիի Հինքեյփին է, ում լրագրողները լուսանկարել են իր դատավճռի բեկանման մասին լուրը լսելուց հետո` այս տարվա սեպտեմբերին: Նա 25 տարի պայքարել է արդարության համար: Նյու Յորքի գերագույն դատարանը բեկանել է 25 տարվա դատավճիռը` նոր ապացույցների երևան գալով ու համարելով, որ 1990 թ-ին ապացույցները բավարար չեն եղել նրան սպանության մեղադրանքով դատապարտելու համար: Ջոննին միշտ պնդել է, որ անմեղ է: 

Լուսանկարները` “New York Post”


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Դավիթ Հարությունյան04:47 - 22 նոյեմբերի, 2015
Ողջույն ազնիվ լրագրող Զարուհի ջան, Ցավոք Սրտի ՀՀ դատաիրավական համակարգը շաաաաատ հեռու է իր օրենքով ընձեռնված հիմնական գործառույթի իրականացումից և դժվար թե առաջիկա տարիներին հնարավոր լինի խախտել մեր քննիչների, դատախազների, դատավորների ու սրանց նման մյուս չինովնիկների ուղեղների տեխնիկական կուսությունը և սրանց նմաններին դժվար թե հնարավոր լինի բացատրել, որ իրենց բուն գործունեությունը իրավապահ գործունեություն կամ էլ արդարադատության իրականացումն է, այլ ոչ թե կաշառակերությունը, բանսարկությունն ու ֆոկուսնիկությունը։ Հակառակ դեպքում այսօր ազատության մեջ կլինեին շատ ազնիվ մարդիկ, որոնց պակասը չի զգացվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և հենց Ձեր կայքը բավականին հարուստ է աղաղակող ապօրինությունները բարձրաձայնող նյութերով։
2. Դավիթ Հարությունյան04:47 - 22 նոյեմբերի, 2015
Ողջույն ազնիվ լրագրող Զարուհի ջան, Ցավոք Սրտի ՀՀ դատաիրավական համակարգը շաաաաատ հեռու է իր օրենքով ընձեռնված հիմնական գործառույթի իրականացումից և դժվար թե առաջիկա տարիներին հնարավոր լինի խախտել մեր քննիչների, դատախազների, դատավորների ու սրանց նման մյուս չինովնիկների ուղեղների տեխնիկական կուսությունը և սրանց նմաններին դժվար թե հնարավոր լինի բացատրել, որ իրենց բուն գործունեությունը իրավապահ գործունեություն կամ էլ արդարադատության իրականացումն է, այլ ոչ թե կաշառակերությունը, բանսարկությունն ու ֆոկուսնիկությունը։ Հակառակ դեպքում այսօր ազատության մեջ կլինեին շատ ազնիվ մարդիկ, որոնց պակասը չի զգացվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և հենց Ձեր կայքը բավականին հարուստ է աղաղակող ապօրինությունները բարձրաձայնող նյութերով։
3. Դատավոր Կաշառիկյան13:08 - 22 նոյեմբերի, 2015
Ես որպես ՀՀ դատաիրավական համակարգը ներկայացնող անձնավորություն պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ 7 տարեկան տղան իր արդար աշխատանքով է գնել 100.000 ԱՄՆ դոլարանոց Բենթլին, իսկ 17 տարեկան դուստրս, երկար տարիներ աշխատելով դպրոցում որպես աշակերտ, կարողացել է Երևանի Բլուր թաղամասում գնել 450.000 ԱՄՆ դոլարանոց եռահարկ առանձնատուն իր ընդարձակ այգիով, իսկ կնոջսհաշվեհամարին հայտնված 27 միլիոն ԱՄՆ դոլարը նա ժառանգություն է ստացել Սինգապուրի նախկին վարչապետից, իսկ իմ եղբոր անունով գրանցված բազմաթիվ ընկերությունները նա ստեղծել է իր արդար քրտինքով, երբ Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադում էր կռվում Լֆիկի ու Տարոնի կողքին: Այնպես որ մեզ՝ ազնիվ դատավորներիս, այսինքն՝ ՀՀ դատաիրավական համակարգի մասին խոսեք կա՛մ միայն լավը, կա՛մ ոչինչ:
4. Զարուհի19:03 - 4 հուլիսի, 2016
Հարգելի Դավիթ Հարությունյան, շնորհակալ եմ բարձր գնահատականի համար; Ճիշտ եք, որ դժվար է, բայց կարդացեք իմ հոդվածներից մեկը, որ նոր է տեղադրվել, վերնագիրն է ; Կարծում եմ` քայլ առ քայլ պետք է առաջ գնալ; Չէ որ Էքզյուպերին ասում էր, որ պետք է սովորել փոքր քայլերի արվեստը;
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված