Շաբաթ, 16 նոյեմբերի

Ամբաստանյալի աթոռին չորս շարքայիններ են, հրամանատարական կազմից մեղադրյալներ չկան



Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր 1-ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Հաջորդ օրը` հունվարի 30-ին, ձերբակալվել էին Հայկազ Բարսեղյանի 19-ամյա 4 համածառայակիցները` Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց առաջադրվել է առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու մեղադրանք: Նախաքննությամբ պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում` մի խումբ անձանց կողմից: Մեղադրանքը հաստատվելու դեպքում չորս մեղադրյալներին սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Ողբերգական դեպքից հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էին Ռազմական ինստիտուտի պետի տեղակալներ, գնդապետներ Արմեն Ռազմիկի Մզիկյանը, Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանը, Պողոս Գարուշի Աբրահամյանը և այլ սպաներ: Դեպքից օրեր անց էլ պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանը:

Սակայն ամբաստանյալի աթոռին չորս շարքայիններ են, իսկ հրամանատարական կազմից մեղադրյալներ չկան:

Դատական նիստը դեռ չէր սկսվել, երբ ոստիկանական խմբի ուղեկցությամբ ներս բերեցին չորս ամբաստանյալներին: Տեսնելով նրանց` տուժող կուրսանտի հարազատները վրդովվեցին, հունից դուրս եկան: Ոստիկաններն ամբաստանյալներին արագ ուղեկցեցին նիստերի դահլիճից դուրս: Մի քանի րոպե պահանջվեց, որպեսզի դատական կարգադրիդները հանդարտեցնեին տուժողի հարազատներին:

Միջադեպի պատճառով դատական նիստը սկսվեց մի քանի րոպե ուշացումով: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը զգուշացրեց, որ եթե որևէ մեկը խոչընդոտի դատարանի բնականոն աշխատանքը, ապա սանկցիաներ կկիրառվեն: «Իմ կարծիքով, բոլոր նրանք, ովքեր ներկա են նիստին, շահագրգռված են գործի արդարացի ելքով»,- ասաց դատավորը:

Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը, ով դիմում էր ուղարկել դատարան` հայտնելով, որ մասնակցում է մեկ այլ դատական նիստի: Դատարան չէին ներկայացել նաև ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանն ու իր պաշտպանը, ինչպես նաև մյուս տուժողները: Այդ պայմաններում անհնար էր գործի քննության շարունակությունն, ուստի այն հետաձգվեց և նշանակվեց դեկեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014 թ. նոյեմբերի 16-ին նույն մարտկոցի կուրսանտ Տիգրան Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծել են Մանասերյանին և 2015 թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծել են համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Վարազդատ Սաֆարյանը կալանքի տակ չէ, ինչպես Հայկազ Բարսեղյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող չորս ամբաստանյալները: Նրա նկատմամբ կիրառվել է հրամանատարության հսկողության հանձնելը որպես խափանման միջոց:

Դատական նիստից հետո Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը, նշեց, որ ծանոթացել է նախաքննության բոլոր նյութերին: Նշեց, որ այդ նյութերում կան վկայություններ, որ մինչև որդու սպանությունը ծեծի մի քանի դեպքեր են եղել ինստիտուտում չնչին պատճառներով:

Արկադի Բարսեղյանը կարծում է, որ որդու հետ կատարվածի բոլոր մեղավորները չէ, որ ներգրավված են գործում. «Հիմա չորսի անունն է տրված, որ գլխավոր մեղավորները նրանք են, բայց կապիտան Զարաֆյանը տեղյակ է եղել: Ինչի՞ համար է հենց էդ օրը իրեն զանգել Մովսեսը (ամբաստանյալներից մեկն է- հեղ.): Բայց քննիչի հարցին կապիտանը պատասխանել է, որ չգիտի, թե երբ է զանգը եկել: Ցուցմունք է տվել, որ երևի մատն է միամիտ կպել… Մի հատ ընտանեկան բիզնես է դարձել: Ցավը նա է, որ բանակում, նույնիսկ Ռազմական ինստիտուտում բիզնես է: Գնելի (ամբաստանյալներից մեկն է- հեղ.) մեծ եղբայրը թիկունքի պետի տեղակալ է կարծես աշխատել»,- նշեց սպանված կուրսանտի հայրը:

Արկադի Բարսեղյանը նշեց նաև, որ Ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Մարկոսյանն ազատության մեջ է: «Բայց իր վրա երկու հոդված կա` պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով, ամեն անգամ տղուն թղթով տուն ա թողել, նա նույնիսկ էնտեղի ճաշարանում հաց չի կերել»,-ասաց նա:  

Թեպետ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում դեռ փետրվարին հարուցվել էր նոր քրեական գործ` ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով և այդ գործի շրջանակներում փետրվարի 13-ին ձերբակալվել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, այդուհանդերձ կարճ ժամանակ անց նա ազատվել էր։ Իսկ քննչական կոմիտեի փետրվարի 14-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր. «Նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսևորված անգործության վերաբերյալ»:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված էր. «Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա. Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»:

Սակայն կարճ ժամանակ անց կապիտան Ավետիսյանին ազատել են. «Ավետիսյանին ձերբակալեցին, հետո անհասկանալի պատճառներով ազատեցին: Ի դեպ, հենց նա է եղել այդ օրվա հարկի հերթապահը: Ասել է, որ ինքը ոչ մի բան չի լսել»,- նշեց տուժողի իրավահաջորդը:  

Ամբաստանյալներից Վաչե Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նախաքննությունը կառուցված է կուրսանտների ցուցմունքների հիման վրա, որոնք հաճախ իրարամերժ ու հակասական են: Մինչդեռ, ըստ փաստաբան Արսենյանի, նշանակված ու կատարված փորձաքննությունների եզրակացություններով, մեղադրանքը հաստատող որևէ ապացույց ձեռք չի բերվել: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված