Երեքշաբթի, 12 նոյեմբերի

«Օֆշորի» գործով հետազոտվեցին նաև Կիպրոսից ստացված ապացույցները



«Օֆշորի գործով» այսօրվա դատական նիստում կողմերը շարունակեցին հետազոտել ապացույցները: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, հետազոտվեցին մի շարք փաստաթղթային ապացույցներ, այդ թվում նաև Կիպրոսի Հանրապետության հետ իրավական աջակցության շրջանակներում ստացված արդյունքների զննության արձանագրությունը:

Կիպրոսից ստացված փաստաթղթերում ներկայացված էր այն տեղեկատվությունը, որի մասին «Հետքը» գրել էր «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հետաքննական հոդվածում դեռևս 2013 թ-ի մայիսի 29-ին:

Մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանը, հրապարակելով նախաքննությամբ ձեռբերված ապացույցները, նշեց, որ ընդհանուր հաշվով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվից  9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար է փոխանցվել «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում օֆշորային երեք ընկերությունների հաշվեհամարներին: Դրանք են`

  1. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
  2. «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
  3. «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:

Դատախազը ներկայացրեց նաև ապացույց, որտեղ նշված էր, որ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ի 66 տոկոս բաժնետերը եղել է  WLISPERA HOLDINGS LIMITED-ը, նշվեց նաև որ այդ ընկերության բաժնետերեր են եղել գործարար, այսօր` գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը (Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկը), ինքը`  Սամվել Կճոյանը և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» -ից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ` տուժող ճանաչված Փայլակ Հայարպետյանից ստացած լիազորագրերի հիման վրա ու Փայլակ Հայրապետյանին ու իր ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրելով: Ըստ տուժողի ցուցմունքի և ըստ այլ ապացույցների, կազմվել էր բիզնես պլան, որի շրջանակներում պետք է գնվեին մեքենա-սարքավորումներ, սակայն դրանք վերը նշված վարկով ձեռք չեն բերվել, այլ փոխանցվել են օֆշորում գրանցված ընկերություններ: Այդպիսով` բիզնես ծրագիրը չի գործել: Հետևանքը եղել է այն, որ «Ամերիաբանկը» չվճարած տոկոսների ու գումարների դիմաց վաճառել է Փայլակ Հայրապետյանին պատկանող գրավադրված անշարժ գույքը:     

Ու թեպետ տուժող Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է իր ունեզրկման մեղավորների անունները, այդուհանդերձ գործով միակ մեղադրյալը Աշոտ Սուքիասյանն է։ Իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասով գործն առանձնացվել է: Այն դեռ նախաքննության փուլում է:

Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանն այսօր նշեց, որ Աշոտ Սուքիասյանը որևէ դիտավորություն չի ունեցել. «Իմ պաշտպանյալի կամքից անկախ հանգամանքներում սկզբնական փուլում չի ստացվել բիզնեսը նման հեռավորության վրա կարգի բերել» (հանքը գտնվել է Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետւթյունում, որտեղից պիտի ադամանդի հումք գար Հայաստան, ըստ բիզնես ծրագրի):

Տուժող Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանն ասաց. «Ապացույցները ներկայացվելուց հետո համոզվեցինք, որ վարկի առաջին իսկ օրվանից ոչ մի կոպեկ չի ծախսվել բիզնես ծրագրի նպատակով: Անհասկանալի է` ինչ նպատակներով են այս գումարները Կիպրոս փոխանցվել…եթե տուժողն իմանար, որ իր գումարները գնալու են Կիպրոս, չէր համաձայնի գրավադրել գույքը»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված