Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Բժշկական հանձնաժողովի՝ ենթադրությունների վրա հիմնված պատասխանն ու այդ հիմքով կարճված քրեական գործը



«Հետքը» արդեն ներկայացրել է մի քանի դեպք բժշկի անբարեխիղճ վերաբերմունքի և թերացման հետևանքով տուժած մարդկանց մասին։ Սակայն, այդ բոլոր դեպքերում բժիշկներից և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Պատրաստվեք սգո ծառայություններին»,- զգուշացրել են հիվանդանոցից

2014թ. մարտի 8-ին ինսուլտի նախանշաններով փաստաբան Գայանե Դավթյանն իր մորը՝ 81-ամյա Սաթենիկ Օթարյանին, շտապօգնության մեքենայով տեղափոխել է «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն»: Քանի որ վիճակը շատ ծանր էր, անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժին՝ բաժնի վարիչ Սուրեն Մակարյանի վերահսկողությամբ։

Երբ հիվանդի վիճակը լավանում է, և համակարգչային տոմոգրաֆիա անելու կարիք է առաջանում, Գայանեին պարտավորեցնում էին մուծումներ կատարել: «Ես տեղեկացված էի, եթե շտապօգնությամբ է տեղափոխվում, ապա այդ պարագայում պիտի անվճար լինի, իրենք ասացին՝ ոչ, մեզ մոտ դա չի գործում»,- հիշում է Գայանեն։

Վիճակը տոմոգրաֆայից հետո էլ գնահատվում է ծայրահեղ ծանր: Մի քանի օր անց, երբ նկատվում են դրական արտաքին փոփոխություններ՝ իր ձեռքով կերակուր էր ուտում, նստում, առանց արհեստական շնչառության, որոշում են անել 2-րդ համակարգչային տոմոգրաֆիան, որպեսզի տեսնեն՝ կա արդյոք վիճակի փոփոխություն։

Շուտով որոշում է կայացվում դեռևս ծանր վիճակում գտնվող կնոջը տեղափոխել մեկ այլ՝ նյարդավիրաբուժական բաժանմունք: «Ես ասացի՝ ես դեմ եմ՝ ծնողիս տեղափոխեք նյարդավիրաբուժական բաժանմունք,- հիշում է Գայանեն,- նյարդավիրաբուժականի վարիչն էլ, տեսնելով ծանր վիճակն, ասաց, որ այս հիվանդին ապարատային բուժում է անհրաժեշտ, ինքն էլ չէր համաձայնվում իր բաժին տեղափոխելու»:

Մինչ կորոշեն, թե կնոջն ուր են տեղափոխելու, նա 6-8 ժամ անցկացնում է միջանցքում։ Գայանեի կողմից կանխավճար թողնելուց հետո տեղափոխում են նյարդավիրաբուժական բաժանմունք, որտեղ վիճակը կտրուկ վատանում է։

Արդեն թոքաբորբով և բարձր ջերմությամբ՝ կնոջը նորից տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք:

Գայանեի հերթական զանգերից մեկի ժամանակ նրան հայտնում են, թե՝ «պատրաստվեք սգո սրահից օգտվելու նախապատրաստության»։

Դժգոհ լինելով «անպատասխանատու մոտեցումից» և որ պատշաճ բուժումից՝ Գայանեն իր մորը, արդեն կոմային վիճակում, տեղափոխում է «Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»։ Այստեղ էլ 12 օր անց՝ ապրիլի 3-ին, Գայանեի մայրը մահանում է:

Ենթադրությունների վրա հիմնված բժշկական եզրակացություն

Մայիսի սկզբին Գայանեն դիմում է ոստիկանություն, և քրեական գործ է հարուցվում ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ինչպես և պահանջվում է, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն:

Փորձաքննությունը տալիս է հետևյալ պատասխանը «կարելի կատարել ենթադրություն, որ ամենայն հավանականությամբ Ս․ Օթարյանի մահը պայմանավորված է եղել զարգացած գլխուղեղի այտուցի և բազմաօրգանային անբավարվածության հետևանքով»:

Որոշման մեջ նաև նշված է, որ, քանի որ չի կատարվել «գլխուղեղի ուսումնասիրություն» (հիվանդի գլուխը չի բացվել- հեղ․), «Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի կողմից տրված ախտորոշումը այն մասին, որ մահացու ելքը պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով․․․հիմնավորված չէ»։

Ստացվում է, որ բժշկական հանձնաժողովը, հիմնվելով չհիմնավորված եզրակացության վրա, կատարում է ենթադրություն, ինչի հետևանքով քրեական գործը կարճվում է։


Գայանեի մոր հիվանդության պատմության մեջ բացակայում է 2014 թ․ մարտի 17-21 գրառումները․ ի՞նչ բուժում են իրականացրել այդ օրերին հայտնի չէ․ քննիչի՝ բժշկական հանձնաժողվին ուղղված հարցման ժամանակ հանձնաժողովը տվել է հետևյալ պատասխանը․ «ՍՕթարյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը լրացվել են պատճաշ կարգով»:

Իսկ քննիչի այն հարցը, թե որ փուլում և որ բժշկական հաստատություններում են առաջացել մահվան հանգեցրած պատճառները, բժշկական հանձնաժողովի կողմից անպատասխան է մնացել։

Այս քրեական գործը 1,5 տարվա ընթացքում Աջափնյակ-Մաշտոց վարչական շրջանների ավագ քննիչ Ա. Խաչատրյանը 3 անգամ կարճել է, սակայն այն նորից վերաբացվել է։

Այս տարվա հուլիսի 20-ին Գայանեն կրկին դիմել է ոստիկանություն՝ կարճման որոշումը վերացնելու և գործը վերաբացելու համար։ Դեռևս պատասխան չկա։

Պետպատվերով բուժվող հիվանդից գումար են վերցրել

Արդեն մոր մահից հետո Գայանեն իմանում է, որ բուժումն իրականացվում էր պետպատվերի շրջանակներում։ «Գործի նյութերին ծանոթանալիս տեսնում եմ, որ մայրս բուժվել է պետպատվերի շրջանակներում. մենք ոչ մի լրացուցիչ դեղորայք չենք գնել, բուժումն իրականացվել է հիվանդանոցի հաշվին»,- ասում է Գայանեն։

Նա պատմում է, որ իրեն դեղորայքի գնման ամբողջ ցանկ էին տվել, որոնց գինը օրական կազմում էր 18-25 հազար դրամ:

«Արմենիա ՀԲԿ»-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ լավ հիշում է դեպքը, սակայն հերքեց, որ Գայանեից գումար են վերցրել և դեղերի ցանկ են տվել: 

«Ոչ ոք գումար չի վերցրել նրանից, ու՞մ է տվել,- ասաց Ս. Մակարյանը:- Ինքը տարբեր ինստանցիաներում բողոքել է, ոչ ոք էլ իր բողոքը բանի տեղ չի դրել: Թող դատարանը որոշի, եթե մենք սխալ ենք վարվել, թող մեզանից գումար գանձի»: Որևէ այլ մեկնաբանություն այս հարցի շուրջ նա հրաժարվեց տալ՝ խնդրելով այդ հարցով այլևս իրեն չանհանգստացնել:

Բայց մինչ այդ Գայանեն արդեն դիմում էր գրել «Արմենիա ՀԲԿ»-ի տնօրինությանը և հետ ստացել ծախսված գումարի մի մասը (բացի գնված դեղերից)։
Գայանեի, ինչպես և բժիշկների թերի աշխատանքից տուժած մեր նախորդ հերոսների միակ նպատակն այն է, որ մեղավորները կրեն իրենց պատիժը, և որ հետագայում այլ մարդիկ չտուժեն։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Գայա17:13 - 11 նոյեմբերի, 2015
Հարկ եմ համարում ,,մեծապատիվ,, բժիշկ, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ս․Մակարյանին հիշեցնել․ որ բժշկի սխալի համար նրանից ոչ թե գումար են գանձում, այլ զրկում են նրան բժիշկ լինելու կոչումից և քրեական պատասխանատվության ենթարկում
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված