Կիրակի, 15 դեկտեմբերի

Մահացել է ցմահ բանտարկյալ Կարեն Բոյաջյանը



Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ Կարեն Սերգեյի Բոյաջյանը: Այս լուրը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը `տեղեկացնելով, որ նա կոմայի մեջ է ընկել: Հարցին, թե ինչն է եղել մահվան պատճառը, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ ամեն բան պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում 1992 թ-ին` ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով` մեղադրվելով մեկ անձի սպանության մեջ: Նա համարվում է անկախ Հայաստանում առաջին դատապարտվածներից մեկը: 1991-ին ՀՀ-ի`ՄԱԿ-ի անդամ դառնալով` մորատորիում էր հայտարարվել մահապատժի իրագործման նկատմամբ, այսինքն` մահապատժի դատավճիռները թեպետ հրապարակվում էին դատարանների կողմից, սակայն չէին իրագործվում: Իսկ 2003 թ-ին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման:

2014 թ-ի հուլիսից ցմահ բանտարկյալը գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունքում: Տառապել է հոգեկան հիվանդություններով: Պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, որը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թ-ի մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ, նշված է. «Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան խանգարումներ (փսիխոզներ և թուլամտություն), անձին զրկող հնարավորությունից գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը»: Մեր ունեցած տեղեկություններով, պատժի կրման վերջին տարիներին Կարեն Բոյաջյանը չի գիտակցել իր գործողությունները: Նշենք, որ չի ունեցել իր սեփական ընտանիքը, իսկ ծնողները մահացել են տարիներ առաջ:  

Հ.Գ. «Հետքը» դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտ Կարեն Սերգեյի Բոյաջյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Մենք ստացել ենք թույլտվություն, ուստի շուտով կներկայացնենք նաև քրեական գործի մանրամասները: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Հայկ Հակոբյան23:18 - 9 նոյեմբերի, 2015
Պարզ է, սարքած գործ է եղել, հոգեկան հիվանդի վրա են գցել անաստվածները։ Էյ, Արփինե Հովհաննիսյան, արդեն վրադ երկու մահ է գրանցվել
2. Լուսինե16:12 - 10 նոյեմբերի, 2015
Հարգելի Հայկ, կխնդրեի մի հատ Ձեր վրա պատկերացնեիք: Դուք 18 տարեկանից նստած լինեիք մինչև 42 տ.,կայուն նյարդային համակարգ կունենաիք? Այն էլ 92-93 թթ. երբ նույնիսկ ազատության մեջ պայմաններ չկային ապրելու: Ինչ է 18 տարեկանը? Թող բոլորը հիշեն իրենց այդ տարիքում, փայլուն գիտակցում էիք ձեր քայլերը, համեմատած արդեն կայացած մարդու հետ? միթե կարելի է այդ տարիքում ցմահ նշանակել??? Բավականին էլ երկար ա դիմացել էտ էրեխեն: Մահը իրա փրկությունն է եղել: Հույս ունեմ,որ Աստված վերջիվերջո կհասկացնի էտ անարխիստներին, որ իրենք անարդար են վարվում դեռ գոնե 21-ը չբոլորած էրեխեքի հետ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված