Կիրակի, 22 սեպտեմբերի

«Ժիրայրները պատմություն կերտող մարդիկ են»



Վահե Սարուխանյան
Էդիկ Բաղդասարյան

Հարցազրույց Ժ. Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Բարսեղյանի հետ

- Իշխանություններն իսկապե՞ս Ժիրայրից վտանգ էին տեսնում:

- Իհարկե, տեսնում էին: Ժիրայրենց խումբը պիտի բազմանար, հզորանար ու միջամտեր քաղաքական զարգացումներին, բավականին լուրջ ուժ պիտի հավաքվեր: Դրանից էր, որ իշխանությունները վախենում էին: Ամեն ինչում լինում են ուղղակի եւ անուղղակի պատճառներ. սա նրան բռնելու ուղղակի պատճառն էր: Անուղղակի շատ պատճառներ էլ կան: Օրինակ՝ æավախքի հարց, Ղարաբաղում փոխզիջումների գնալու հարց: Եթե իշխանություններն այս հարցերում փոխզիջումների գնան, իրենց սպասածից ավելի լուրջ ընդդիմության պետք է հանդիպեն, որը կլինի ոչ միայն խոսելու միջոցով:

- Ձեր կարծիքով՝ որքա՞ն կպահեն Ժիրայրին:

- Ես կարծում եմ, որ ամենաշատը մինչեւ ընտրություններ:

- Ինչպիսի՞ն են ԱԱԾ-ի մեկուսարանի պայմանները:

- Ժիրայրն ասում է՝ լավ է, սակայն ես լավ բան չտեսա: Բայց վերաբերմունքը շատ լավ է, շատ կիրթ են, ես զարմացած եմ: Եղել է, որ հանձնուքը ուրիշն է տարել իմ լիազորագրով, ընդունել են: Կան ուտելիքներ, որ մյուսներին թույլ չեն տալիս, բայց քանի որ ասել եմ, որ Ժիրոն դիետիկ բաներ է ուտում միայն, ընդունել են: Նամակի հետ կապված միայն մի անգամ դեպք է պատահել. Ժիրոյի նամակը, որ փաստաբանն էր տարել, ուզեցել են բացել, կարդալ, բայց փաստաբանը պատռել է, չի թողել:

- Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է մերժվում Ժիրայրի՝ քաղաքացիություն ստանալու դիմումը:

- Իշխանությունները բացատրություն չեն տալիս: Նախագահականից միայն թուղթ ենք ստացել այն մասին, որ մեր դիմումը մերժվել է, եւ օրենքի համաձայն՝ մեկ տարի հետո կարող ենք նորից դիմել: Ես էլ եմ երկու տարի առաջ անձնագրի համար դիմել օվիր: Չեն տվել: Ասում են՝ դու մեզնից էլ լավ գիտես, թե ինչու չենք տալիս: Ասում են նաեւ, թե ԱԱԾ-ում արխիվ ունենք: Երեխային էլ կեցության թուղթ չեն տալիս: Իսկ ինձ արտգործնախարարությունը կեցության թուղթ տվել է այն պատճառով, որ Լիբանանի դեսպանատանն եմ աշխատում: Մի ժամանակ Ժիրայրին եւ մեր ամբողջ ընտանիքին երեք տարվա վիզան ձրի բերում-տալիս էին:

- Հնարավո՞ր է, որ Ժիրայրին արտաքսեն Հայաստանից:

- Ինձ թվում է՝ արտաքսումը բացառված է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հրայր Մարուխյանը արտաքսվեց: Եվ դրանից հետո սփյուռքահայերն իրենց վստահությունը Հայաստանի նկատմամբ կորցրին՝ ասելով, որ բացի անուններից ոչ մի բան էլ չի փոխվել, Սովետն այստեղ է: Այդպես եղավ, եւ մինչեւ իշխանությունները կարողացան սփյուռքը ետ կանգնեցնել, բավականին երկար տեւեց: Եթե իրենք հիմա ուզում են սփյուռքի հետ իրենց կապերը վերջնականապես վատթարացնել, թող Ժիրայրին արտաքսեն: Բայց ինձ թվում է՝ դա բացառված է:

- Իսկ սփյուռքն այսօր ինչպե՞ս է արձագանքում այս ամենին:

- Իշխանությունները չեն հայտարարում, բայց արտգործնախարարություն ամեն օր, եթե ոչ օրը մի քանի հատ, բողոքի նամակներ էին գալիս Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից: Ամեն տեղից նամակ էր գալիս. բողոք, բողոք, բողոք:

- Դաշնակցությունը որեւէ կերպ արձագանքե՞լ է:

- Ոչ:

- Իսկ ո՞րն է ՀՅԴ-ից Ժիրայրի հեռացման պատճառը:

- Ժիրոն հեռացվեց, երբ Մատաղիսի հրամանատարն էր: Բայց մինչեւ հեռացվելը նրա անդամությունը սառեցված էր, որովհետեւ ով որ զինվորական գործունեության մեջ է, օրենքով ինքնըստինքյան կուսակցության անդամությունը սառեցվում է: Բանակից դուրս գալուց առաջ արդեն հեռացվել էր: Իրենք ասում են՝ պատճառը Դաշնակցության օրենքներին չենթարկվելն էր:

- Իսկ ի՞նչ զարգացումներ կան Ժիրայրի իբր անօրինական ատրճանակի վերաբերյալ:

- Այդ զենքն անօրինական չէ: Նա դա նվեր է ստացել Ղարաբաղի բանակի հրամանատարությունից: Համարով գրանցված զենք է, թույլտվության թուղթն էլ կա, ուղղակի թույլտվության ժամկետն անցել էր մի երեք տարով. Սերժն էր՝ չէր նորոգում: Ժիրայրը 12 տարեկանից զենք ունի, մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը: Ինքն էլ, ես էլ, բոլորս էլ Լիբանանում զենք ենք ունեցել: Զենքը նրա մարմնի մի մասն է, բայց նա զենքը չի գործածել ո՛չ ռեստորաններում, ո՛չ հարսանիքներում, ո՛չ էլ քեֆերի տեղերում: Ժիրայրին թող իրենք լավ իմանան: Այսօր իրենք կան, վաղը չկան, բայց Ժիրայրները միշտ էլ լինելու են այս ժողովրդի մեջ:

Պատմությունն է այդպես, Ժիրայրները պատմություն կերտող մարդիկ են: Ես սա չեմ ասում, որովհետեւ Ժիրայրն իմ ամուսինն է, ոչ, պարզապես ես տեսել եմ Ժիրայրի տառապանքները, չարչարանքները, ամենալավ տարիքը, երբ ինքը պիտի աշխատեր ու իր ապագան ունենար: Եթե այսօր Ժիրայրը նյութական ոչինչ չունի, շատ մեծ բարոյական աջակցություն ունի: Դա է հարստությունը: Բայց դա հասկացող է պետք: Անշուշտ, «Համմերներ» քշողները դա չեն հասկանա, ոչ էլ ուզում ենք նրանց հասկացնել: Պետք չէ: 1995-ին մի ռուս թղթակից Շամիլ Բասաեւի հետ զրույցի ժամանակ հարցնում է. «Դուք որտե՞ղ եք պարտություն կրել», պատասխանում է. «94-ին Մարտակերտում, հետո Ֆիզուլիում շատ մեծ պարտություն եմ կրել դաշնակների դեմ»: Այն ժամանակ Ժիրոն էր դաշնակների գումարտակի հրամանատարը: Բասաեւը ասում է. «Եթե ես էդ դաշնակների տղերքի նման 20 տղա ունենայի, ես ամբողջ Ռուսաստանը կգրավեի»: Ժիրայրենք Մարտակերտում մոջահեդ էին գերի բռնել: Շամիլ Բասաեւը թողել դուրս է եկել կռվից՝ ասելով, որ այս մարդիկ իրենց հողին հավատալով են կռվում, իսկ իմ կողքինները չեն հավատում, որ այդ հողն իրենցն է, հողը փախչում է իրենց ոտքերի տակից: Այս ամենը կա արխիվում: Ես հիմա փնտրում եմ, թե դա որ թերթն էր, որ տարին ու օրը: Պիտի հանեմ ու տպեմ, փակցնեմ բոլոր պատերին, որ իմանան, թե ով է Ժիրայրը, եթե չեն ճանաչում: Եթե հիմա մենք ապահով նստել ենք, իրե՛նց շնորհիվ ենք նստել: Նախագահը նրա պես տղերքի շնորհիվ է նստել:

- Նախկինում ինչպիսի՞ն են եղել Ժիրայրի հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:

- Երբ որ Քոչարյանը նոր պիտի ընտրվեր, Ժիրայրը Քոչարյանի տանն էր: Ասում էր՝ պետք է Քոչարյանին ընտրենք: Համոզված էր, որ Քոչարյանը Ղարաբաղի հարցում զիջումների չի գնա եւ իսկապես պիտի փրկի Հայաստանն ու Ղարաբաղը: Ինքն իր շրջապատին համոզում էր, որ Քոչարյանը պիտի օգտակար լինի Հայաստանին ու Ղարաբաղին: Բայց հենց որ քի-վեսթյան եւ մյուս հանդիպումները տեղի ունեցան, պարզ եղավ՝ ով ով է: Այդ ժամանակ էր, որ թղթակիցներից մեկը Ժիրայրին հարցրել էր. «Դուք պրն Քոչարյանին ո՞ր դիրքերում եք տեսել», նա էլ ասել էր. «Ոչ մի դիրքում չեմ տեսել»: Դրանից Քոչարյանը վիրավորվել էր: Ինքը այդպիսի բան Ժիրայրից չէր ակնկալում: Սերժի հետ էլ այդ ժամանակ, կամ գուցե մի քիչ ավելի ուշ սրվեցին հարաբերությունները: Սերժն ասում է, թե ինքը ոչ մի կապ չունի Ժիրայրի ձերբակալության հետ: Ոչ Սերժը կապ ունի, ոչ Ռոբերտը. տեսնես ո՞վ կապ ունի, չգիտեմ: Բոլորը գցում են իրենք իրենց վրայից: Ինչու՞:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված