ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Եթե ընտանիքը բազմազավակ է` հիմնականում անապահով է



Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի դպրոցում սովորում է 269 երեխա, որոնցից 55-ը բազմազավակ ընտանիքներից են: Դպրոցի տնօրինությունն առանձնացրել էր նաև անապահով ընտանիքների երեխաների ցուցակը, որտեղ նշված էր 39 երեխայի անուն: Բազմազավակ ու անապահով ընտանիքների երեխաների անունները հիմնականում կրկնվում էին երկու ցուցակներում: Եթե ընտանիքը բազմազավակ է, ուրեմն հիմնականում անապահով վիճակում է:

Լուկաշինում ապրող 55 բազմանդամ ընտանիքներից մեկն էլ Աշոտ Գևորգյանի ընտանիքն է, որտեղ մեծանում է 1,6- ից 13 տարեկան վեց երեխա` Գալյան, Արմենուհին, Բենիկը, Դավիթը, Վահագնը և Հայկը: Նրանցից հինգը դպրոցահասակ են ու սովորում են գյուղի միջնակարգ դպրոցում:  


Գևորգյանների տունը գտնվում է գյուղի ծայրամասում: Ամեն օր երեխաները ոտքով երկար ճանապարհ են կտրում ու հասնում դպրոց։ Մեր այցելության պահին մեծ տղաներից երկուսն արդեն դպրոցից տուն էին եկել ու շտապել դաշտ` կովերին բերելու: Տանը չորս երեխաներն էին, ովքեր կրտսեր եղբորը բակ էին տանում:

Բակ տանող աստիճանները կիսափուլ վիճակում են,  ու երեխաներն հմտորեն շրջանցում էին քանդված մասը: Գալյան ու Արմենուհին իրենց ընտանիքի խնդիրներից չէին ուզում խոսել: Հարցրեցի երազանքներից: 13 տարեկան Գալյան ասաց, որ ամենակարևորն ու առաջնայինն իր համար սովորելն է:

Մեծ ընտանիքի մայրը` Լիաննա Այվազյանն ասաց, որ 6 երեխայի համար ստանում են 59.000 դրամ նպաստ. «Ամեն երեխային մոտ 10 000 դրամ է գալիս ամսական, բայց դա ահավոր քիչ է: Էրեխեքը գնալով մեծանում են, ուզում ենք լավ ուսում ստանան, բայց ամեն ինչ գումարային հարցեր են: Բայց եթե պետությունը բազմազավակ ընտանիքներին խրախուսեր, հնարավոր է շատերը ռիսկի դիմեին ու շատացնեին մեր ազգը»,- ասում է Լիաննա Այվազյանը:

Աշոտ Գևորգյանն էլ ասում է, որ նպատակ ունի տունն ու տանիքը վերանորոգել, սակայն հանապազօրյա հաց վաստակելու խնդիրը թույլ չի տալիս այլ պլաններ կազմել. «Հասցնում ենք օրվա ուտելիք ու մի քիչ էլ հագնելիք երեխաների համար»,- ասում է Աշոտ Գևորգյանն ու շեշտում, որ շուտով ձմեռ է, ու աթարով է տաքացնելու տունը, քանի որ գազի գումարը շատ թանկ է: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված