ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Պահեստազորի մայոր. «Նույնիսկ բանտախցում մեր պայքարը չի ընդհատվել»



Այսօր` 2013 թ-ի նոյեմբերի 5-ից ուղիղ երկու տարի անց ազատություն է վերադարձել 39-ամյա պահեստազորի մայոր, հայոց բանակում 20 տարի ծառայած Արմեն Հովհաննիսյանը: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման «Արժեքների հեղափոխության» կամ ինչպես ասում են` «Շանթ Հարությունյանի ու ընկերների» գործով:  Պատիժը կրում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Նա այս գործով ազատազրկման դատապարտված 12 քաղաքացիներից երրորդն է` Տիգրան Պետրոսյանից ու Սևակ Մնացականյանից հետո, ում պատժի ժամկետը լրացել է և այդ հիմքով վերադարձել է ազատություն:

«Հետքն»  այսօր զրուցել է Արմեն Հովհաննիսյանի հետ` ազատության առաջին ժամերի, քաղաքական հայացքների համար դատապարտվելու ու ազատության մեջ հետագա ծրագրերի մասին:  

- Արմեն, ազատության առաջին զգացողությունների մասին եմ ուզում հարցնել:

- Ես ինձ անազատ չեմ զգացել այս երկու տարիներին. պարզապես սահմանափակվել էր իմ ազատ տեղաշարժը: Իմ ազատությունը ոչ մեկն ինձանից չէր խլել: Ես եղել եմ ազատ թե բանտային խցում, թե հիմա: Ես միշտ ազատ եմ: Դա է պատճառը, որ ազատության ու անազատության սահմանը ես չեմ զգացել: Շատ ուրախ էի, իհարկե, որ իմ հարազատներին ու ընկերներին այսօր տեսա: Արդեն իրենց հետ կլինեմ ու կտեղաշարժվեմ ազատ:

- Առաջինն ի՞նչ արեցիք ազատության մեջ:

- Ես երկար ժամանակ իմ դստրիկին չէի տեսել, շատ ուզում էի իրեն տեսնել ազատության մեջ: Նա եկել էր ինձ դիմավորելու ու հենց բանտի պատերի տակ տեսա նրան: Մնացածն էլ չեմ պլանավորել դեռ, չնայած շատ գործեր կան, որ պետք է անեմ հերթով:

- Շարունակելո±ւ եք սկսած պայքարը արժեքների փոփոխության համար, նրա համար, որ մեր երկրում չլինեն քաղբանտարկյալներ:

- Նույնիսկ բանտախցում` ճաղավանդակների հետևում մեր պայքարը չի ընդհատվել, այն ընթացի մեջ է: Չեմ կարող կոնկրետացնել ու հիմա ասել, թե ինչ ձևով եմ շարունակելու պայքարը, բայց միանշանակ պայքարելու եմ արժանապատիվ, բարեկեցիկ կյանքի, իմ ընկերների ազատության համար: Դա առաջնային խնդիր է ինձ համար:

- Որտե՞ղ եք աշխատելու, կա՞ն ծրագրեր:

- Ճիշտն ասած, դեռ կոնկրետ պլաններ չկան, բայց այն, որ պիտի աշխատանք գտնեմ, միանշանակ է, քանի որ ընտանիքի սոցիալական խնդիրները պիտի հոգամ: Չեմ բացառում, որ խնդիրներ ու դժվարություններ կլինեն այդ առումով, բայց կհաղթահարենք:

- Պայմանական ազատման ներկայացրե՞լ էին Ձեզ:

- Առաջին անգամ «Վարդաշեն» բանտի ադմինիստրացիան հունիս ամսին ինձ ներկայացրեց պայմանական ազատման, սակայն անկախ հանձնաժողովը մերժեց առանց որևէ հիմնավորման: Չնայած որ մի ակնկալիք էլ չունեի ոչ այս ռեժիմից, ոչ էլ իշխանությունից: Իսկ երկրորդ անգամ վարչական հանձնաժողովն անգամ չներկայացրեց, իմաստ էլ չուներ երևի, քանի որ 35 օր էր մնացել, որ վերադառնայի ազատություն:

- Արմեն, բանտային երկու տարիներն ինչ-որ բան տվեցին Ձեզ:

- Բանտը ինձ ոչինչ չի տվել` ոչ լավ, ոչ` վատ: Էնտեղ ոչ սովոլերու բան կա, ոչ էլ փորձություն էր ինձ համար: Տարբեր ազատազրկված մարդկանց եմ հանդիպել: Հավատացեք, որ բանտում բոլորը չէ, որ մտահոգված են հայրենիքի ճակատագրով, մարդիկ ավելի շատ իրենց ընտանիքների ու իերնց սոցիալական վիճակի մասին են մտածում, որովհետև Հայաստանն այսօր մի մեծ սոցիալական ճահիճ է, որտեղ բոլորը խրվում են ու ցանկացած հարց ստորադասվում է մի կտոր հաց վաստակելուն:

- Ձեր կարծիքով, բանտերում կան այնպիսի մարդիկ, ովքեր հանցագործ չեն:

- Միշտ մտածել եմ, որ եթե հանցագործություն ես կատարել, ուրեմն պիտի պատժվես: Բայց տեսա ու հասկացա, որ բանտերում ոչ բոլորն հանցագործ: Չեմ ասի իմ պես, բայց, իրոք, անմեղներ կան, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են ճաղավանդակների հետևում: 

Նշենք, որ Արմեն Հովհաննիսյանը ծնվել է Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել Հայաստան, ապրել են Քաջարան քաղաքում: Դպրոցն ավարտելով՝ ապագա զինվորականը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու տեղի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանում: Ապա նա վերադարձել է հայրենիք, անցել ծառայության՝ մոտ 20 տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ Իջևանում, Սովետաշենում, Կապանում ու Վայքում: Վերադաս հրամանատարության կողմից բնութագրվել է որպես կարգապահ, բարձր պրոֆեսիոնալիզմով զինվորական: Բանակաշինության գործում ունեցած ներդրման համար Արմեն Հովհաննիսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», արիության համար 1-ին, 2-րդ աստիճանի և ՀՀ ԶՈՒ 20 տարվա հոբելյանական մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:  

Առաջին  լուսանկարը` Տաթեւ Խաչատրյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Արմենակ Եղիայեան02:31 - 6 նոյեմբերի, 2015
Մի կտոր հաց վաստկելու հոգը բաւարար պատճառ չէ, որպէսզի Հայաստանը կոչուի «սոցիալական ճահիճ». Աշխարհի բոլոր անկիւններն ալ, թէկուզ հէնց դրախտավայր Միացեալ Նահանգներու մէջ,-- որի բանտերում մաշւում են տասնեակ հազարաւոր Հայաստանէն արտագաղթածներ,-- նոյն հոգն է՝ պատառ մը հացը: Տարբերուիւնը այն է, որ հայաստանի մէջ ոմանք յամառօրէն կը ճգնին այդ պատառ մը հացը մակաբուծաբար շահիլ եւ այդ նպատակով ալ հրապարակ կ'իջնեն՝ ազատութեան անունով:
2. Մ,Գրգորյան18:12 - 7 նոյեմբերի, 2015
Բարի գալուստ,սիրելի Արմեն:Չարչարանքիդ ապաշխարանք: Կարևորը, որ սիրելիներիդ հետ ես: Պարոն Եղիայան. ում նկատի ունեք '' մակաբուծվողներ" և "ազատության անունով հրապարակ իջնողներ" ասելով: Երևի դժվար եք պատկերացնում, որ մարդը կարող է գիտակցված գնա զրկանքների հանուն այդ ազատության և իր դավանած արժեհամակարգի:Քանի որ այս հոդվածի տակ եք գրել Զեր մեկնաբանությունը, ուզում եմ հայտնել, որ Արմենը և բանտում գտնվող իր ընկերները մեր ազգի պայծառագույն զավակներն են, նաև նրանց հերոսական կանայք ու երեխաները, որոնք հպարտանում են իրենց հայրիկներով ու ամուսիններով թեև շատ դժվարություններ են կրում:(Որոշումներ կայացնողներից շատերը կերազեին այդպիսի կանանց ու զավակների մասին:) Մեկնաբանությունը...
3. Մարտիկ11:49 - 8 նոյեմբերի, 2015
Թող բոլոր հանիրավի բանտարկվածները րոպե առաջ վերադառնան ազատություն։ Լսեցի՞ր, ՀՀ Արդարադատության նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյան
4. Հասմիկ Ա. Ա.14:41 - 10 նոյեմբերի, 2015
Շնորհավորում եմ Արմեն Հովհաննիսյանին, հաղթանակներ ու հաղթանակներ եմ մաղթում իր արդար գործում: Հարգելի Արմենակ Եղիայեան, Դուք պատկերացում չունեք ժողովրդի կեցությունից, համեմատությունն էլ անտեղի է: Լսե՞լ եք՝ մի դատեք, որ ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված