ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Մհեր Ենոքյան. «Դե՛, սպասե՛նք Սերժ Սարգսյանի որոշմանը»


Անի Հովհաննիսյան, Զարուհի Մեջլումյան

Վերաքննիչ դատարանը մերժեց ցմահ բանտարկյալին

20-րդ տարին անազատության մեջ գտնվող, «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանի գործի վերաբացում տեղի չի ունենա: Այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանն օրինական ուժի մեջ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը արտագնա դատական նիստ էր հրավիրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ապահովելով Մհեր Ենոքյանի ներկայությունը:

Բայց մինչ այդ, դատավարության սկզբում Մհեր Ենոքյանին նախ փակեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճում դեռ խորհրդային իշխանության տարիներից մնացած վանդակի մեջ: Դուռը բացեցին միայն Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի հրահանգից հետո:

Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 20 տարեկանում՝ 1996թ. նոյեմբերի 29-ին, ՀՀ Գերագույն դատարանի կողմից՝ մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Թե՛ դատարանում, թե՛ մինչ օրս նա պնդում է, որ մարդ չի սպանել: Նա տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ, որ փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մեղադրանքի ու դատավճռի հիմքում ընկած է գործով մյուս մեղադրյալի, այսինքն՝ տվյալ գործով շահագրգիռ անձ հանդիսացող Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինը: Սկզբում Արամ Հարությունյանը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, ապա աստիճանաբար մեղքը բարդել է Ենոքյանի վրա: Դատարանն, ի վերջո, արժանահավատ է համարել Հարությունյանի վերջին ցուցմունքը՝ Մհեր Ենոքյանին դատապարտելով մահապատժի, իսկ Արամ Հարությունյանին՝ 15 տարվա ազատազրկման: Արամն արդեն 4 տարի ազատության մեջ է: Այս գործով նախաքննությունն ու դատավարությունը տևել են ընդամենը 4 ամիս: 3 հատորանոց քրեական գործով չեն կատարվել անհրաժեշտ փորձաքննություններ՝ մատնադրոշմային, հոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն, քննչական փորձարարություն և այլն: Այս տարիներին Մհեր Ենոքյանը փորձել է նոր երևան եկած հանգամանքներ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն ու դատարաններ՝ գործի վերաբացման խնդրանքով, սակայն ապարդյուն:

«Ես 20 տարի շարունակ պնդում եմ, որ անմեղ եմ և չեմ կատարել այն հանցագործությունը, որում ինձ մեղադրել են: Եվ, փառք Աստծո, Եվրոպայի պարտադրմամբ վերացվեց մահապատիժը: Մահապատժի վերացման հիմնավորումներից մեկն այն է, որ հնարավոր չէ խուսափել դատական սխալներից: Սակայն, Հայաստանում մինչ օրս չկա նախադեպ, որ մահապատժի դատապարտվածի գործ վերաբացվի, իսկ մեր օրենքների համաձայն՝ դա հնարավոր է դատական սխալի հիմքով ու նոր երևան եկած հանգամանքներով»,- նշեց Մհեր Ենոքյանը:

Դատապարտյալը նշեց, որ անցյալ տարի դիմել է Նիդերլանդներում գործող անկախ դատափորձագիտական կենտրոն՝ IFS: Նոր դատաբժշկական փորձաքննությունն իրականացրել է դատական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Սելմա Էյքելենբում-Շիվիլդը, որը հիմնված է 2010 և 2014թթ. գիտության վերջին նվաճումների վրա:  

Այնուհետև ցմահ բանտարկյալը մեջբերեց եզրակացությունից մի հատված. «1996թ. դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի՝ բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է...մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում»:

Ենոքյանը շեշտեց, որ փորձաքննությունում կա առնվազն 2 նոր երևան եկած հանգամանք, ինչը հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել դատարանին 1996թ., որովհետև դրանք հիմնված են 21-րդ դարի բժշկագիտության տվյալների վրա: Սակայն, Գլխավոր դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը գործի վերաբացման վարույթի մերժումը հիմնավորել են այսպես՝ չկա դատարանին անհայտ մնացած հանգամանք:

«1996թ. դատաբժշկի տված եզրակացությունը չի համապատասխանում այսօրվա գիտությանը: Սա նշված է եվրոպացի դատաբժշկի՝ 2014-ին տված եզրակացության մեջ: Սա նոր երևան եկած հանգամանք չէ՞, սա անհայտ չէ՞ր: Ո՞նց կարելի է աչք փակել սրա վրա»,- նշեց Ենոքյանը՝ պատմելով, որ հենց երեկ լսել է, որ ԱՄՆ-ում 25 տարի դարձյալ ցմահ բանտարկված է արդարացվել նոր երևան եկած հանգամանքներով: «337-րդ դատապարտյալն է այնտեղ վերադառնում ազատություն: Նույնը Ֆրանսիայում, Իտալիայում, ամենուր, բացի Հայաստանից»:  

Առաջին ատյանի դատարանի, ինչպես նաև Գլխավոր դատախազության մերժումների մեջ որպես հիմնավորում նշված է. «Ենոքյանի այն փաստարկները, որ 21-րդ դարում կատարվել է ժամանակակից գիտությանը համապատասխան նոր փորձաքննություն, իրենց համար խիստ կասկածելի են: Մերժման որոշումների մեջ նշված է նաև, որ չի կարելի թերագնահտել 1996-ին դատաբժիշկ Մակարյանի տված ցուցմունքը և առավելություն տալ 2014-ին Նիդերլանդներում կատարված դատաբժշկական փորձագետի տված եզրակացությանը»: «Սա աբսուրդի է հասնում, ներողություն, բայց Դուք ասում եք՝ մենք թքած ունենք, թե արտասահմանում ինչ են ասում, մեր 20 տարի առաջ տված ցուցմունքը ավելի արժանահավատ է»,- ասաց Ենոքյանը:

Դատապարտյալն անդրադարձավ նաև մի քանի այլ ցմահ դատապարտյալների գործերին՝ նշելով, որ նոր երևան եկած հանգամանքներով գործերի վերաբացումները դարձյալ մերժվում են՝ Արթուր Մկրտչյան, Սողոմոն Քոչարյան. «Ավելին՝ այսօր Սողոմոն Քոչարյանը ծանր հիվանդ է, բայց նիստ չեն գումարում, որ ազատեն, այսինքն՝ կամք չկա անդրադառնալու այդ գործերին»:

Ենոքյանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ գլխավոր դատախազության կողմից վարույթները հարուցվում են նոր երևան եկած հանգամանքների առկայությունը հաստատելու կամ հերքելու համար. «Բայց գլխավոր դատախազությունը առանց վարույթ հարուցելու մերժում է: Միգուցե վարույթ հարուցվի, օբյեկտիվ, լրիվ, ամբողջական քննություն անեք, մերժեք»,-ասաց դատապարտյալը:

Գլխավոր դատախազությունից դատախազ Լևոն Չարխիֆալաքյանը առարկեց՝ նշելով, որ ցանկացած դատապարտյալի կամ ցանկացած փաստաբանի դիմումը նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու մասին չի կարող իմպերատիվ բնույթ կրել վարույթն իրականացնող մարմնի համար: Դատախազն ընդգծեց, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նոր երևան եկած հանգամանքները սահմանող 4 կետից գոնե մեկը պետք է առկա լինի, որ իրենք կարողանան ստուգել դրանք:

«Այսինքն՝ ցանկացած դիմում ինքնին նոր վարույթ իրականացնելու հիմք չի՞ հանդիսանում»,- դատախազին հարց ուղղեց դատավոր Սևակ Համբարձումյանը:

«Ո՛չ, չի կարող իմպերատիվ պահանջ լինել վարույթ հարուցելու մասին»,-ասաց դատախազ Լևոն Չարխիֆալաքյանը՝ պնդելով, որ առաջին ատյանի դատավճռում չկա դատավարական ու նյութական իրավունքի խախտում, ուստի խնդրեց մերժել Ենոքյանի բողոքը:  

Դիմելով նախագահող դատավորին՝ 20-րդ տարին բանտում գտնվող Մհեր Ենոքյանն ասաց. «Ես գիտեմ, որ Դուք էլ եք մերժելու... մինչև նախագահականից չեն ասում, որոշում չի կայացվում: Դուք արդեն որոշումը կայացրել եք, որովհետև մենք դեռ չենք հասել այն մտածողության, որ ողջ մարդը կարող է անմեղ դատապարտված լինի: Դե՛, սպասե՛նք Սերժ Սարգսյանի որոշմանը»:

Իսկ ելույթն ամփոփելով՝ նա նշեց սահմանադրական դրույթը՝ կարծիքն ազատ  արտահայտելու ու խոսքի ազատության մասին. «Հարգելի՛ դատարան, որպեսզի ես խղճիս առաջ հանգիստ լինեմ, պետք է ասեմ, որ Հայաստանի դատարաններին ամենևին չեմ հարգում, հիմնավորված ձևով չեմ հարգում, բոլոր այն դատավորներին, ովքեր մերժման որոշումներ են կայացնում՝ սկսած Զինավոր Ղուկասյանից, ով ինձ՝ 20 տարեկան Մհերիս, անարդար մահապատժի դատապարտեց: Ասում եմ՝ հարգելի դատարան, բայց չեմ հարգում, որովհետև 20 տարի ես անմեղ տառապում եմ»:

 Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Խեղված ճակատագրեր» թեմայով
Մեկնաբանություններ (5)
1. Anna03:03 - 9 հոկտեմբերի, 2015
Նողկալի դատարան իր բոլոր ատրիբուտներով։ Ի ցույց է դրվում արդարադատության համակարգում ու կառավարության ողջ համակարգում արմատացած դաժանությունը եւ արհամարհանքը մարդու կյանքի հանդեպ։ Մեծ սրիկաները ազատության մեջ երկրի ռեսուրսներն են թալանում, աջ ու ձախ ծեծում, սպանում, իսկ այս երիտասարդը հավերժ պիտի մնա վանդակում։ Բա լավ, եթե անգամ վստահ եք որ ճիշտ եք դատել, քսան տարին միթե բավական չի որ ձեր բորենու ծարավը հագենա․․․ չէ որ պատիժն աննպատակ չէ եւ ակնհայտ տեսնում եք որ այս մարդը հասարակության համար վտանգավոր չէ, խելացի, հավասարակշռված մեկն է։ Լավ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ու օրենքը անպետք են երբ գործը հասնում է արդարադատությանն ու մարդու հիմնարար ազատություններին, իսկ ինչու՞ մեր բարեխիղճ դարավոր եկեղեցին այսպես անտարբեր կողքի է քաշվել ու մոռացել մարդուն․․․․դե իհարկե, կարեւոր այլ գործեր կան, քիչ էր մնում մոռանայի։
2. Նարեկ Սարգսյան11:10 - 9 հոկտեմբերի, 2015
Դահլիճը, որտեղ տեղի է ունեցել դատական նիստը, ճիշտ այսօրվա հայկական պետության պատկերն է` փթած պատեր, անճաշակ նախշեր, վանդակ, ձևական դրոշ, ծիծաղելի զինանշան, բութ դեմքով դատավորն, ինքնահավան ու տգետ դատախազ... գերազանց լրացնում են դեկորը: Գրոշ չարժեզող դատարան: Է` սրանց կայացրած դատական ակտն ինչ պտի լինի....?
3. President13:30 - 9 հոկտեմբերի, 2015
Հարգելի Մհեր, ստալինյան կամ սովետական արդարադատությունը դատական ակտի (հատկապես` քրեական գործի)` նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հավանականություն չի ենթադրում: Դատապարտյալը իր պատիժը կրում էր կալանավայրում, մահվան դատապարտվածին էլ գնդակահարում էին: Ոչինչ չի փոխվել այդ արդադադատություն սկզբունքների ու գործնական կիրառության իմաստով: Հիմա` քո (և բոլորիս) ընդվզումի պատճառն այն է, որ քեզ չեն գնդակահարել (կներես), ավելին` դու գտել ես նոր երևան եկած հանգամանքներ, որոնք հերքում են քեզ դատապարտող դատական ակտը: Սա դուրս է այն ընկալումից, որ կար ստալինի ժամանակ և շարունակվում է գործել մերօրյա Հայաստանում: Հարցի լուծումը իշխանությանը չի հետաքրքրում. (i) ամենակարևորը` իրենց համար նյութական հետևանք չկա, (ii) իշխանության հեղինակության կամ լեգիտիմության վրա ազդելու խնդրի չկա, քանի որ դա նրանց պետք չէ, (iii) բողոքը մերժող դատավորը ոչ մի իրավիճակում չի կարող սիստեմին հակառակ որոշում կայացնել:
4. Հասմիկ Ա. Ա.20:36 - 9 հոկտեմբերի, 2015
Համամիտ եմ, հարգելի Աննա: Միայն փոքրիկ ուղղում. Մհերը հավերժ վանդակում չի մնալու, նա ազատագրվելու է անմիջապես այս անմարդկային, դաժա՜ն, ստո՜ր իշխանություններին հեռացնելուց հետո, ինչպես և մյուս անարդար դատապարտվածները, այսինքն՝ շուտով:
5. Դավիթ11:53 - 10 հոկտեմբերի, 2015
Բառեր չեմ կարողանում գտնելդատարանի, դատախոզի ու առհասարակ ՀՀ արդարադատության համակարգի նկատմամբ նոխկանքս արտահայտելու համար, երևի որպես նոր երևան եկած հանգամանք պետք է համարել լիսկայի բանդայի ներկայացուցիչ լինելը, կամ էլ այս հանցագործ իշխանություններին լավ ծառայություններ մատուցելը, սթափվեք պարոնայք դատավոր չէ որ հետո պատասխան եք տալու սերունդների, սերժիկի բանդան վաղ թե ուշ պիտի հեռանա, իսկ ինչ պատասխան եք տալու գոնե մի վայրկյան Մհերի Սողոմոնի Արթուրի ու մյուսների փոխարեն պատկերացրեք ձեր լակոտներին, որոնք հաստատ մի քանի անգամ մեղավոր են քան այս լուսավոր ու կարքին տղաները, Մհեր ջան դուխդ հանկարծ չքցես, հանկարծ չդդադարես պայքարելուց հիշիր, որ դու մենակ չեսքո կողքին լիքը մարդիկ կան, ովքեր հավատում են քո գործի արդարությանը ու քո ազատությանը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։