Չորեքշաբթի, 24 հուլիսի

Դեն Գիլմոր. «Ինտերնետի կարգավորումը կամ սահմանափակումը վնասաբեր կլինի ազատ խոսքի համար



Ամերիկացի լրագրող, դասախոս եւ մեդիա ձեռներեց Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գիրքը թարգմանվել է հայերեն: Հեղինակի մասնակցությամբ այսօր Երեւանում տեղի ունեցավ գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գրքում պրոֆեսոր Գիլմորն անդրադառնում է մեդիա էկոհամակարգի գլոբալ ձեւափոխմանը, վստահելի մեդիա արտադրության սկզբունքներին եւ տեղեկատվության գերառատության դարաշրջանում կարեւորում է յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունը որպես մեդիա ստեղծող: Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության եւ զանգվածային հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր Գիլմորը Հայաստանում է «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության հրավերով, որն էլ նախաձեռնել է գրքի հայերեն թարգմանությունը:

Շնորհանդեսից առաջ տեղի ունեցավ սեմինար-քննարկում հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների համար, որի ընթացքում Գիլմորը ներկայացրեց ավանդական ԶԼՄ-ի կողմից թվային մեդիա մեթոդների կիրառության միջազգային հաջողված եւ ձախողված փորձեր, ժամանակակից մեդիա գործընթացներում լսարանի մասնակցության կարեւորությունը եւ այլն:

21-րդ դարում, ըստ Գիլմորի, փոխվել են տեղկատվության արտադրման գործընթացն ու տեղեկատության սպառման ձեւերը, լրագրության եւ լրագրողի դերերը: Այսօր, երբ ցանկացած մարդ տեղեկատվություն ստեղծող է, Գիլմորի կարծիքով կարեւոր է ոչ թե այն, թե ում ենք անվանում լրագրող, այլ թե ինչն ենք անվանում լրագրություն: «Շատերը, օրինակ՝ բլոգերները, տեղեկատվություն են ստեղծում, որովհետեւ նրանք սիրում են դա անել եւ դրա համար չեն վճարվում, սակայն նրանց արածը լրագրության տարրեր է պարունակում»:

Ինտերնետի ընձեռած դրական հնարավորությունների մասին խոսելով՝ պրոֆեսորն անդրադարձավ նաեւ բացասական հետեւանքներին: «Այստեղ շատ ինֆորմացիոն աղբ կա,- ասաց նա,- ուստի լսարանը պեք է զգույշ լինի կեղծ ինֆորմացիայի նկատմամբ»: «Ինչո՞ւ այդ դեպքում չսահմանափակել կեղծ ինֆորմացիայի տարածումը» հարցին պրոֆեսորի պատասխանը հետեւյալն էր. «ԱՄն-ում մենք վատ տեղեկատվությանը դիմակայում ենք ավելի լավ տեղեկատվությամբ, ոչ թե այն կանխելով: Ես դեմ եմ պետական գրաքննություն կիրառելուն որեւէ տեղեկատվություն կանխելու համար: Այս խնդրի լուծումը մեդիագրագիտության տարածումն է, հակառակ դեպքում ինտերնետի սահմանափակումը վնասաբեր կլինի ազատ խոսքի համար»:

Գիլմորին հատկապես մտահոգում է այն, որ ինտերնետը շատ արագ կենտրոնացվում է կառավարությունների եւ կորպորատիվ ջանքերով: Դրանում ներգրավված են հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Գուգլը եւ այլն: «Ազատ խոսք Ֆեյսբուքում կա, եթե այն թույլ է տալիս: Եթե մի օր նրանք ծրագրային փոփոխություն անեն, որը որոնման համակարգի առաջին էջից հանի ձեր էջը, ապա ազատ խոսքը կսահմանափակվի: Ցավոք, որոշումներն այլեւս լրագրողները չեն կայացնում, այլ հեռահաղորդակցության ընկերությունները, որոնք համագործակցում են կառավարությունների հետ»,- ասաց Գիլմորը: Նա առանձնացրեց Ֆեյսբուքը, որը դոմինանտ դեր ունի ներկայումս եւ ասաց, որ թեեւ հիանում է այս ընկերության տեխնիկական հմտություններով, սակայն չի վստահում նրան: «Ֆեյսբուքն այնպես է ուզում անել, որ մարդիկ մտածեն, թե ինտերնետը հենց Ֆեյսբուքն է, եւ նրանց իրականացրած վերահսկողությունը մտահոգիչ է»:

«Երկու ընտրություն կա՝ կամ ընդունել Ֆեյսբուքի ստեղծած աշխարհը, կամ ստեղծել նոր աշխարհ»,- խմբագիրների հետ քննարկումն ամփոփեց Դեն Գիլմորը:

Հայաստանյան այցելության օրերին Գիլմորը դասախոսություններով եւ հանրային ելութներով հանդես կգա Երեւանի (ԵՊՀ, Ամերիկյան համալսարան) եւ Գյումրիի մի շարք կրթական հաստատություններում: 

Լուսանկարները` Սոնա Սիմոնյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված