Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Հինգ երեխաների մայրը չի կարողանում ասել՝ ինչու է նրանց հայրը բանտում


Զարուհի Մեջլումյան

Խարբերդում ապրող 5 երեխաների մայր Մանե Մնացականյանը սիրով ու հպարտությամբ է պատմում ամուսնու մասին, ում հետ ծանոթացել է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում: Ալեք Պողոսյանը եղել է նրա պատմության ուսուցիչը: Սիրահարվել են, ու հակառակ մոր կամքի, ով ցանկացել է, որ աղջիկը բարձրագույն կրթություն ստանա, դպրոցն ավարտելուց հետո Մանեն փախել է իր պատմության ուսուցչի՝ Ալեքի հետ: Չի փոշմանել՝ անկախ բոլոր դժվարություններից: «Երբ սեր կա տանը, ամեն ինչ հաղթահարում ես»,- ասում է Մանեն, ով համատեղ կյանքի 16 տարիների ընթացքում Ալեքին նվիրել է 5 երեխա: Մանեն հերթով թվարկում է երեխաների անունները՝ մեծից փոքր՝ Մարտուն, Րաֆֆի, Մոնթե, Սաթենիկ, Շանթ: Հինգն էլ սովորում եմ Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցում:

6 տարեկան Շանթը թերևս երկար կհիշի այս տարվա սեպտեմբերի 1-ը ոչ միայն այն պատճառով, որ առաջին անգամ էր ոտք դնում դպրոց, այլ որ հայրը կողքին չէր: Նա իր հասակակիցներից միգուցե ավելի շուտ է մեծացել, իմացել, թե ինչ է ազատազրկումը: Բանտը նա բնորոշում է այսպես՝ «Չեն թողնում, որ պապան տուն գա»:

Նոյեմբերին կլրանա 2 տարին, երբ բազմազավակ՝ 5 երեխաների հայրը՝ Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի երբեմնի գյուղապետ Ալեք Պողոսյանն ընտանիքի հետ չէ: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման «Արժեքների հեղափոխություն» անունը ստացած գործով: Փաստորեն ընտանիքը զրկվել է միակ կերակրողից:

Պողոսյանների բազմազավակ ընտանիքը, որտեղ մեծանում է 6-15 տարեկան հինգ երեխա, գոյատևում է 52.000 դրամ ընտանեկան նպաստով ու հարազատ մարդկանց օգնությամբ: Մանե Մնացականյանը չի աշխատում, ասում է, որ չի կարող 5 երեխաների դաստիարակության հարցերն անտեսել, ու երեխաներին աչքաթող անել: Մանեն պատմում է, որ իրենց ընտանիքի մասին պատմող «Հետքի» առաջին հրապարակումից հետո մի բարի մարդ, ով չի ուզում, որ իր արած բարեգործության մասին բարձրաձայնվի, մշտապես օգնում է իրենց:  

Մեր տեսախցիկի առաջ Մանեն քչախոս էր, ասում էր, որ չի սիրում դժգոհել կյանքից, իրավիճակից, սոցիալական ծանր պայմաններից: Հարցրեցի՝ ինչպես է կարողանում 52.000 դրամով 5 երեխա պահել: Պատասխանեց, որ գումարը խելացի է ծախսում ու կոպեկը հաշվում, հետո ձեռքով արեց, թե՝ տեսախցիկը անջատեք: Օպերատորն անջատեց, իսկ Մանեն. «Ախր լաց լինել չեմ սիրում, Ալեքն էլ, ես էլ արժանապատիվ ենք միշտ ապրել»:

Ալեքն ընտանիքը Դավիթ Բեկից Խարբերդ՝ Երևանին մոտ է տեղափոխել 6 տարի առաջ, երբ զգացել է, որ երեխաները շախմատ լավ են խաղում, որ շախմատի խմբակ հաճախեն. գյուղում նման հնարավորություն չի եղել: Շախմատի առաջին ուսուցիչը հայրն է եղել: Ալեքի ու Մանեի 4 որդիներն ու միակ դուստրը՝ բոլորն էլ հաջողություններ ունեն շախմատում: Իսկ միակ դուստրը՝ Սաթենիկը, առաջատարն է ընտանիքում. նա ոսկե մեդալ ունի, որով էլ հպարտանում է:

Երեխաները պատմում են, որ այս տարի մոտ 2 տարվա ընդմիջումից հետո 3 օր երկարատև տեսակցությամբ կարողացել են հորը տեսնել բանտում ու շատ շախմատ են խաղացել: Մարտունն ու Սաթենիկը պարծենում էին, որ արդեն մեկ-մեկ կարողանում են հորը հաղթել:

45-ամյա Ալեք Պողոսյանն այսօր կարող էր իր ընտանիքի կողքին լինել՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելով: Սակայն «Կոշ» ՔԿՀ վարչակազմը մերժել է նրան ներկայացնել պայմանական ազատման: «Մերժման պատճառաբանության մեջ գրված է եղել, որ Ալեքը ծածկամիտ է»,-ասաց Մանեն: Սակայն ինչպես կալանքի տակ պահելիս ու դատապարտելիս, այնպես էլ վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս, հաշվի չի առնվում հինգ անչափահաս երեխաների խնամքի հարցն ու հայրենիքին մատուցած ավանդը:

Ալեք Պողոսյանը 1989 թվականից Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսից, ուսումը կիսատ թողած, մեկնել է Հադրութի շրջանի Սպիտակշեն գյուղը պաշտպանելու: Խծաբերդի ջոկատով մասնակցել է գյուղի, այնուհետև նաև՝ Կապանի շրջանի Դավիթ Բեկի գյուղի պաշտպանությանը: Շանթ Հարությունյանի հետ ծանոթացել է 1991 թ-ին, ընկերացել են, դարձել համախոհներ: 1994-ից պատմություն է դասավանդել հայրենի գյուղի դպրոցում: Ալեքը 1997 թ-ից 3 տարի եղել է Դավիթ Բեկի համայնքապետը:

5 երեխաների մայրն ասում է, որ չի կարողացել երեխաներից գաղտնի պահել, թե որտեղ է նրանց հայրը, քանի որ 2013 թ-ի նոյեմբերի 6-ին խուզարկել են իրենց տունը՝ զենք փնտրելով, որն այդպես էլ չեն գտել: Սակայն Մանե Մնացականյանը չի կարողանում մինչ օրս երեխաներին ասել, թե ինչու է նրանց հայրը բանտում. «Ո՞նց ասեմ, որ խուլիգանության հոդվածով են դատել իրենց հորը, էն դեպքում, որ ո՛չ Ալեքը, ո՛չ էլ մյուս տղաները խուլիգաններ չեն, այլ չեն ուզում ստրուկ լինել սեփական երկրում»:»:

լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։