Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Պետությունը ֆրանսիականին զուգահեռ շարունակում է գնել հնդկական «DiaZone MR»- ը՝ ավելի բարձր գնով



«Հետք»-ն արդեն գրել էր որ, հակառակ կառավարության որոշմանը, Հայատանը շարունակում է  ներկրել շաքարային դիաբետով հիվանդներին տրվող հնդկական«DiaZone MR»դեղը, պոլիկլինիկաների էնդոկրինոլոգներն էլ չեն հերքում, որ այն տալիս են հիվանդներին՝ ըստ ցուցման։ Վերջերս էլ հնդկական դեղի նոր խմբաքանակ էր ներկրվել՝ մոտ 4000 տուփ։ Պարզվում է՝ Առողջապահության նախարարությունը, կառավարության որոշմանը զուգահեռ, պայմանագիր է կնքել և շարունակում է «Արմֆարմ» ՍՊԸ-ից գնել «DiaZone MR»-ը։ Բայց այդ մասին չի բարձրաձայնում։

Հնդկական դեղը ձեռք է բերվում ավելի բարձր գնով

Առողջապահության նախարարության և «Արմֆարմ» ՍՊԸ-ի միջև 2015թ․ փետրվարի 16-ին կնքվել է մոտ 42 մլն դրամի (90 000 ԱՄՆ դոլար) «ՇՀԱՊՁԲ-11/4-2015/3-1-2» ծածկագրով պետական գնման համաձայնագիր, որով ձեռք է բերվել գլիկլազիդ 60մգ դեղորայքը՝ («DiaZone MR») մեկ հաբը՝ 44.7 դրամով, այն դեպքում, երբ արդեն կար ուժի մեջ մտած կառավարության որոշում, որով առաջիկա 5 տարիների համար դեղը ձեռք էր բերվելու «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրոյով (42.33 դրամ՝ ըստ հավելվածի): Նույն որոշման մեջ նաև նշվել էր, որ քանի որ ««նվազագույն գին առաջարկած «Արմֆարմ» ՍՊԸ-ի գնային առաջարկը բարձր է եղել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության գնային առաջարկից», պայմանագիր կնքվել է ֆրանսիական «Սերվիե» ընկերության հետ, քանի որ վերջինս նաև իջեցրել է մեկ հաբի գինը՝ այնտեղից հանել ավելացված արժեքի հարկը, ինչպես նաև ամեն տարվա պահանջարկի 10%-ը տրամադրելու է Հայաստանին մարդասիրական օգնության հիմունքներով»։

Կառավարությանն ուղղված մեր հարցմումը, թե ինչու՞ է պետությունը զուգահեռ ձեռք բերում լրացուցիչ քանակությամբ դեղորայք մեկ այլ ընկերությունից ավելի թանկ գնով, հասցեագրվել էր առողջապահության նախարարությանը, որտեղից դարձյալ ստացել էինք անորոշ պատասխան, ըստ որի՝ ԱՆ 2014թդեկտեմբերի 26-ին հայտարարել է ՇՀԱՊՁԲ-11/4-2015/3-1-2» ծածկագրով մրցույթ, որի արդյունքում «Արֆարմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է պայմանագիր։ Պարզաբանումն այսքանով ավարտվում է։

Հիշեցնենք, որ երբ փորձեցինք ԱՆ-ից ճշտել, թե հնդկական դեղի դեռևս քանի խմբաքանակ է մնացել, մեզ հայտնեցին, որ  «իրենք հաշվի են առնում ներկայացված եռամսյակային հաշվետվության պահանջարկը»՝ չնշելով, որ արդեն իսկ կա կնքված պայմանագիր, որով դարձյալ մոտ 1 միլիոն հաբ «DiaZone MR» է ձեռք բերվել։

«DiaZone MR»-ը պետությանը վաճառվել է 5 անգամ ավել գնով

Հնդկական «DiaZone MR» դեղը պետությունը սկսել է ձեռք բերել 2013թ․-ից՝ մեկ հաբը  56.7 դրամ։ Մինչև 2014թ․ նոյեմբերը մեկ հաբը դարձել է 44.7 դրամ։ Սա այն դեպքում, երբ 2013-2014թթ․ «Արմֆարմ» ընկերությունը «DiaZone MR»-ը հնդկական կողմից ձեռք էր բերում 70% ավելի ցածր գնով՝ մեկ տուփի համար (100 հաբ) վճարելով 2,5 ԱՄՆ դոլար ներկայիս 4,25-ի համեմատ։

Ստացվում է, որ Հնդկաստանում մեկ տուփի համար վճարելով 2,5  դոլար (մեկ հաբը՝  10-12 դրամ)՝ «Արմֆարմ»-ն այն պետությանը վաճառել է մոտ 5 անգամ թանկ։ Իսկ հիմա, երբ հնդկական դեղի մեկ հաբն արժե մոտ 20 դրամ, վաճառում է 44,7 դրամով։

Մոտ 5 մլն դոլարի պայմանագիր՝ «Արմֆարմ» ընկերության հետ

2012-2015թթ․ ընկած ժամանակահատվածում առողջապահության նախարարության և «Արմֆարմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է մոտ 2 միլիարդ 245 մլն դրամի (5 մլն ԱՄՆ դոլարի)  պայմանագիր․ դրանք բոլորը տարբեր տեսակի դեղորայքի ձեռքբերման շրջանակային համաձայնագրեր են։
Դրանց մեջ են մտնում նաև հնդկական  այլ՝ «Diamet F» (մետֆորմին) և «DiaMar M» (գլիմեպիրիդ) դեղերը, որոնք մինչ այժմ ներկրվում և տրվում են հիվանդներին։ Եթե առաջինի դեպքում ներկվել է ընդամենը 200 տուփ (260 ԱՄՆ դոլար), այն էլ՝ 2015թ․ մարտին, ապա «DiaMar M»-ի վերջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել օգոստոսի 20-ին՝ Վրաստանով՝ 12 500 տուփ՝ մոտ 11,5 մլն դրամ արժողությամբ։ (24 000 ԱՄՆ դոլար  )։ 

Պոլիկլինիկաների էնդոկրինոլոգները շարունակում են պնդել, թե «մարդիկ կան, որ նախընտրում են հնդկականը» և վերջինիս և ֆրանսիականի միջև ընտրությունն անում են իրենք՝ ըստ հիվանդի  ցուցումների։ «Պարզ չի՞, որ իրենք կգերադասեն «Diabeton»-ըստանալ,- ասում է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Հրաչուհի Սարոյանը,- բայց «DiaZone»-ը պետք է վերջանա, չէ՞։ Պիտի վերջացնե՞նք, թե ոչ, հո չի՞ մնալու, հետո վառեն այդ դեղը»։

Ակնհայտ է, որ այն չի վերջանա այնքան ժամանակ, քանի դեռ ունի բարձրաստիճան հովանավորներ, և այստեղ խնդիրն ամենևին էլ բարձր գինը, որակը կամ շաքարային 2-րդ տիպի դիաբետ ունեցող 67 000 մարդիկ չեն։

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված