Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցերն ընդդեմ գլխավոր դատախազության ու ոստիկանության անցան դատաքննության փուլ



Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչական դատարանում` դատավոր Լիաննա Հակոբյանի նախագահությամբ, սկսվեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացրած երկու հայցերով դատաքննությունն` ընդդեմ գլխավոր դատախազության ու ոստիկանության: Երկու պետական գերատեսչության դեպքում էլ պահանջը նույնն է` դատարանի միջոցով պարտավորեցնել գլխավոր դատախազությանն ու ոստիկանությանը «Հետաքննող լրագրողներին» տրամադրել հայցված տեղեկատվությունը: Եթե ոստիկանության պարագայում կազմակերպության հարցմանը տրվել էր պատասխան` մերժման տեսքով` վկայակոչելով անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության մասին համապատասխան հոդվածը, ապա գլխավոր դատախազությունից հասարակական կազմակերպությունն առհասարակ չէին պատասխանել:

Երեկվա նիստում պարզ դարձավ, որ ոստիկանությունը հնարավոր է հաշտության գա «Հետաքննող լրագրողների» հետ ու պահանջված տեղեկատվությունը տրամադրի: Սակայն գլխավոր դատախազությունը առարկում է լրագրողական կազմակերպության հայցի դեմ ու գտնում, որ հայցը ենթակա է կարճման:   

Ի՞նչ տեղեկատվություն ենք պահանջել ՀՀ գլխավոր դատախազությունից

«Հետքը» (հիմնադիր` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ) դեռևս 2014 թ. նոյեմբերին գրավոր նամակով ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու 1995 թ.-ին ՀՀ գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով դատախազական վարույթին և կատարել լուսանկարահանում: Դատախազությունը որևէ կերպ չէր արձագանքել մեր հարցմանը: Նույնաբովանդակ նամակ «Հետքը» ուղարկվել էր նաև 2015 թ. մարտին, սակայն գլխավոր դատախազությունից երկրորդ անգամ ևս որևէ պատասխան չէինք ստացել: Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան:

Դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը ներկայացրեց հայցը: Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մանե Գալուստյանը առարկեց` նշելով, որ հայցի կարճման հիմք կա: Ըստ գլխավոր դատախազության, մեկ անգամ պատասխան չստանալով` լրագրողական կազմակերպությունը երկրորդ անգամ է հարցում ուղղել և այդպիսով չարաշահել իր իրավունքը: Սակայն դատավոր Լիաննա Հակոբյանը նշեց, որ կարճման հիմքի բացակայության մասին դատարանն արդեն իր դիրքորոշումն արտահայտել է հայցը վարույթ ընդունելով: Իսկ Գրիշա Բալասանյանը նշեց, որ գլխավոր դատախազությունն իր կողմից դրսևորած արգործությունը փորձում է վերագրել իրավունքի չարաշահման հայցվորի կողմից, ինչը իրականությանը չի համապատասխանում:

«Հայցվորի երկու հարցումներին չեք պատասխանել, ինչո՞ւ». դատավորի հարցին գլխավոր դատախազության ներկայացուցիչը պատասխանեց, որ նախնական դատական նիստին այդ հարցին արդեն պատասխանել է: Իսկ նախնական դատական նիստին Մանե Գալուստյանը նշել էր, որ այլ ստորաբաժանման աշխատանքներով է զբաղվում և տեղյակ չէ, թե ինչու չեն պատասխանել հարցմանը:

Ի՞նչ տեղեկատվություն ենք պահանջել ՀՀ ոստիկանությունից

«Հետքը» այս տարվա սկզբին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ոստիկանություն` պարզելու, թե մի խումբ քաղաքացիների վկայություններով վաշխառությամբ` գույքի գրավադրմամբ տոկոսով միլիոնավոր գումարներ տրամադրող երկու անձանց` Վարուժան Մարգարյանի ու Նաիրա Ասատրյանի վերաբերյալ վերջին հինգ տարվա ընթացքում քանի բողոք է ներկայացվել ոստիկանություն, ինչ հիմքերով, ինչպես են լուծվել այդ բողոքները, հարուցվել են արդյոք քրեական գործեր, թե ոչ:

Սակայն ոստիկանությունը մերժել էր տրամադրել հայցվող տեղեկատվության տրամադրումը` վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը):

Երեկվա դատաքննության ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանը թեև դարձյալ պնդեց, որ առարկում է հայցի դեմ, այդուհանդերձ, ընդունեց, որ քրեական գործեր հարուցել-չհարուցելու մասին տեղեկատվության տրամադրմամբ չի խախտվում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Բացի այդ, Արթուր Պիվազյանը խոսեց անմեղության կանխավարկածի մասին, որի մասին վկայություն չկար ոստիկանության պատասխանի մեջ: Նրա կարծիքով, հիշյալ անձանց մասին տեղեկատվություն տալով` հնարավոր է խախտվեր նրանց անմեղության կանխավարկածը: Փաստաբան Գրիշա Բալասանյանը նկատեց, որ անմեղության կանխավարկածը խախտվում է նույն ոստիկանության հեռուստահաղորդումների միջոցով, երբ մեղադրական տոնով խոսվում է անձանց մասին այնպես, կարծես նրանց նկատմամբ արդեն կայացվել է վերջնական դատական ակտ: Գրիշա Բալասանյանը հարց ուղղեց, թե ինչու է նման խտրական մոտեցում ցուցաբերվում, քանի որ նա ապացույցներ էր ներկայացրել, որ այլ անձանց վերաբերյալ նույնաբովանդակ հարցումներին ՀՀ ոստիկանությունը նախկինում պատասխանել է:

Դատավոր Լիաննա Հակոբյանը հարցրեց` արդյոք հնարավոր է կողմերը հաշտության գան: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանը նշեց, որ հնարավոր է: Հայցվորի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը չառարկեց: Մի քանի օրից ոստիկանությունը կներկայացնի` արդյո՞ք գնում է հաշտեցման` տրամադրելով լրագրողական կազմակերպության կողմից հայցված տեղեկատվությունը, թե ոչ: 

Ոստիկանությունը չի հիմնավորել, թե ինչու են կարծում, որ պահանջված տեղեկատվության տրամադրումը խախտում է վերը նշված անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը:

Հիշեցնենք, որ քաղաքացիների բողոքների հիման վրա «Հետքը» մի քանի հոդված է հրապարակել քաղաքացիներ Նաիրա Ասատրյանի և Վարուժան Մարգարյանի վերաբերյալ: Նրանք պատմել են, թե ինչպես են տոկոսով գումարներ վերցրել Նաիրա Ասատրյանից ու Վարուժան Մարգարյանից, սակայն տոկոսները չմարելու պատճառով զրկվել ու զրկվում են իրենց բնակարաններից: «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները ապրիլի 13-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի Վարուժան Մարգարյան- Անահիտ Մարգարյան-Նաիրա Ասատրյան (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) ընտանեկան եռյակի նկատմամբ: Այս բոլոր լրագրողական նյութերը ներկայացվել են վարչական դատարան:

Դատական նիստին ներկա էր նաև Երևանի բնակիչ Մարի Հովհաննիսյանը, ում ընտանիքը ևս տուժել է վերը հիշատակված անձանց գործողություններից: Նա կորցրել է Նոր Նորքում գտնվող իրենց ընտանիքին պատկանող բնակարանը: Այսօր նրա ընտանիքի վտարման պահանջով հայց կա դատարանում: Մարի Հովհաննիսյանը նշեց, որ շատ կարևոր է ոստիկանությունից ստանալ տեղեկատվություն Նաիրա Ասատրյանի ու նրա ամուսնու՝ Վարուժան Մարգարյանի վերաբերյալ:

Երեկվա նիստում դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլ, երկու նիստերն էլ նշանակվեցին հոկտեմբերի 1-ին:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված