Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Սողոմոն Քոչարյանին օգոստոսի 5-ից ցուցված է եղել ստացիոնար բուժում, որը չի կատարվել



21-րդ տարին անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանին դեռևս այս տարվա օգոստոսի 5-ից ցուցված է եղել ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոցում», սակայն նրան շուրջ երկու շաբաթ շարունակել են պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին է վկայում օգոստոսի 5-ին «Էրեբունի» ԲԿ-ի կողմից տրված թիվ 12119 տեղեկանքը, որտեղ նշված է` անհրաժեշտ է ֆտիզատորի բուժում և ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոցում»: «Էրեբունի» ԲԿ-ում նույն օրը` օգոստոսի 5-ին ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն, տարած սրտամկանի ինֆարկտ, արյան շրջանառության անբավարարություն երկրորդ աստիճան:

Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը, ուսումնասիրելով ցմահ բանտարկյալի բժշկական քարտը, պարզել է, որ Սողոմոն Քոչարյանին դեռևս օգոստոսի 5-ից ցուցված է եղել ստացիոնար բուժում, սակայն նրան «Էրեբունի» հիվանդանոցից դարձյալ ետ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա շարունակել է գտնվել խցային պայմաններում, ինչն էլ հանգեցրել է առողջության վատթարացմանը:

«Հարց է առաջանում ինչո՞ւ չի կատարվել «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանի բժշկի ցուցումը, ինչո՞ւ Սողոմոն Քոչարյանին դեռ օգոստոսի 5-ին չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», ո՞վ պետք է պատասխան տա սրա համար: Այսինքն`չնայած բժիշկի ցուցմանը, Սողոմոն Քոչարյանին վերադարձրել են խուց,  որտեղ ամռանը սաստիկ շոգ է, իսկ այս ամառ, հայտնի է, որ Երևանում գրանցվել է 41-42 աստիճան տաքություն: Նույնիսկ առողջ մարդիկ ազատության մեջ ունեցել են սիրտ-անոթային խնդիրներ շոգի պատճառով»,- ասաց Գրիշա Բալասանյանը` շեշտելով, որ օգոստոսի 5-ից ևս 13 օր Սողոմոն Քոչարյանին խցային պայմաններում պահելով՝ է՛լ ավելի է վատթարացել նրա` առանց այդ էլ վատ վիճակը, այն էլ այն դեպքում, երբ եղել է ցուցում` ստացիոնար բուժօգնություն ցուցաբերելու մասին:

Սողոմոն Քոչարյանի բժշկական քարտից պարզ է դառնում, որ 9 օր անց` օգոստոսի 14-ին նա դարձյալ վատացել է, սրտի շրջանում ունեցել է սուր ցավեր, կանչվել է շտապօգնություն, նորից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, այս անգամ արդեն նրա մոտ ախտորոշվել է արյան շրջանառության 4-րդ աստիճանի անբավարարություն: Նորից հետ են տարել ու դարձյալ պահել խցային պայմաններում և միայն օգոստոսի 18-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են  «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա բուժում է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված