Կիրակի, 17 նոյեմբերի

Տուժողի իրավահաջորդ. «Խմբակային հանցագործություն են կոծկում, բայց 10 մարդու սիրուն աչքերի համար չեն անում»



Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին, կլրանա մեկ տարին այն օրվանից, երբ Ռուզաննա Ադանալյանն իմացավ, որ որդին՝ Արտյոմ Ադանալյանը, սպանված է: «Հետքն» անդրադարձել է այս ողբերգական պատմությանը՝ գրելով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի՝ որդու սպանության գործը կոծկելու մտավախությունների ու կասկածների մասին: Մոտ մեկ տարի որդեկորույս մայրը պայքարում է, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը, սակայն, ըստ նրա, նախաքննական մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը, թաքցնում է խմբակային հանցագործություն: Իսկ երկու օր առաջ Ռուզաննա Ադանալյանը տեղեկացել է, որ նախաքննությունն ավարտված է, և գործը ուղարկվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի 3 հարվածով՝ 2014 թ.-ի հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում: Ձերբակալված է միայն մեկը՝ Արթուր Մարտիրոսյանը: Արտյոմի մայրը պնդում է, որ տղան զոհ է գնացել դեռ նախորդ օրը ծավալված թմրանյութերի հետ կապված «ռազբորկայի» շարունակության պատճառով: Տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից շատերը լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում: «Խմբակային հանցագործություն են կոծկում, բայց 10 մարդու սիրուն աչքերի համար չէ, որ անում են»,- ասում է տիկին Ռուզաննան:

«Զարմանում եմ՝ նման անփույթ ձևով քննված գործը ինչպե՞ս է ուղարկվելու դատարան, երբ բազմաթիվ ինչու-ներ չեն գտել իրենց պատասխանները: Մեղմ է ասել, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ, լիրվ ու բազմակողմանի քննություն, ինչը օրենքի պահանջն է: Թաքցվել, անտեսվել են շատ կարևոր ապացույցներ: Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ քննիչը կատարող է, ինչ ասում են, այն էլ անում է»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ռուզաննա Ադանալյանը՝ նշելով, որ շատ է դիմել պատկան մարմիններին, բայց ապարդյուն: «Գլխավոր դատախազություն բողոք եմ գրում, գրություն են ուղարկում Շիրակի մարզի դատախազություն, նրանք էլ մի գրություն են պատրաստում ու ուղարկում ՀԿԳ ավագ քննիչ Հրաչ Առաքելյանին: Այսինքն՝ բողոքում ես մի մարմնի գործողություններից, բողոքդ հասցեագրում են նույն մարմնին, ումից բողոքում ես: Ստացվում է փակ շղթա»:

Իրեղեն ապացույցների որոշ մաս հայտնաբերվել է դեպքի 9 ամիս անց

Հատուկ քննչական ծառայությունում Ռուզաննա Ադանալյանը դիմում է ներկայացրել ընդդեմ քննիչ Հրաչ Առաքելյանի, սակայն ՀՔԾ-ն նրա գործողություններում որևէ հանցակազմ չի տեսել: Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Այնինչ, ըստ տուժողի իրավահաջորդի, բացթողումները, սխալները բազմաթիվ են՝ սկսած դեպքի վայր տնակը չկնքելուց, վերջացրած իրեղեն ապացույց առարկաների անհետանալով:

Տուժողի իրավահաջորդը ցույց է տալիս Քննչական կոմիտեի տարածած նյութից հանված լուսանկարներ, որտեղ թեպետ կա լրագրասեղանի ծածկոցը, այդուհանդերձ այդ ծածկոցը՝ որպես իրեղեն ապացույց չի ներկայացվել փորձաքննության:

«Օրինակ՝ դեպքի վայրից առգրավված ռետինե ծածկոցը՝ արյան հետքերով, թաքցրել է քննիչը ու չի ներկայացրել փորձաքննության: Խոհանոցում տարբեր առարկաների, այդ թվում՝ գազօջախի վրայից չեն վերցվել արյան նմուշներ: Իմ բոլոր ցուցմունքներում նշել եմ, որ դեղին դույլով արնաջուր եմ տեսել դեպքի օրը: Անցել էր 9 ամիս, սակայն ոչ մի արձագանք չկար այդ դեղին դույլից: Եվ ահա 9 ամիս անց այդ դույլը՝ արյան առատ հետքերով, հայտնաբերվել է մեր տնակից քիչ այն կողմ գտնվող տնակներից մեկում: Մարդիկ տեղափոխել էին իմ տան գույքը ու այնտեղից գտանք արյան մեջ կորած էլի շատ իրեր. լվացքի մեքենա, խոհանոցի սեղան, 4 վարագույր, գորգ, որոնց վրա արյան հետքեր կային»,- պատմեց Ռուզաննա Ադանալյանը՝ նշելով, որ մեկ այլ տեղից էլ հայտնաբերված հեռուստացույցի տակդիրից, 4 աթոռների վրայից, փափուկ խաղալիքների մազերից արյան նմուշները նույնպես վերցվել են դեպքից 9 ամիս անց:

Դեպքի վայր տնակը քանդվել է 2 ամիս առաջ

Շիրակշին բանավան 227/106 տնակը, որը վարձակալում էին Ադանալյանները և որտեղ տեղի է ունեցել Արտյոմ Ադանալյանի սպանությունը, 2 ամիս առաջ քանդվել է: «Պատահական իմացա, որ տնակը քանդել են: Հետո տնակի տիրոջ հետ խոսեցի, ասաց, որ այդպես է հարմար գտել: Բայց միգուցե իրեն հուշել են, որ քանդի: Վերջերս հատուկ գնացի դեպքի վայր, տեսա, որ հիմնովին քանդված է: Եթե քննչական մարմինը դեպքից 2-3 ժամ անց դեպքի վայր տնակը թողեց առանց կնքելու ու գնաց, հետո էլ նշեց, որ անհրաժեշտություն չի համարել դեպքի վայրը կնքել, էլ ինչ եմ ակնկալում»,- ասաց Ռուզաննա Ադանալյանը: 

«Քննիչը մեր ճամպրուկից թմրանյութ է հանել, հիմա հերքում է» 

Ըստ Ռուզաննա Ադանալյանի, քննիչ Առաքելյանը իրենց տնակից ճամպրուկի միջից հայտնաբերել է թմրանյութ, սակայն հետո հերքել է այդ հանգամանքը: «Բայց եթե այդպես է, դեռ նոյեմբերին եմ պահանջել, միջնորդություն ներկայացրել, որ ստուգվեն մեր տանը դեպքի օրը եղածների մազերը: Մերժվել է: 5 ամիս անց է միայն արվել փորձաքննություն, որը ցույց է տվել, որ նրանց մազերում չի հայտնաբերվել թմրամիջոց: Ուրեմն՝ կարող եմ ենթադրել, որ նա տեղեկացված է եղել, թե ինչ թմրանյութ են օգտագործել և որ այդ տեսակը 5 ամիս անց չի լինի օրգանիզմում»:

«Պատկերացնո՞ւմ եք՝ փորձագիտական եզրակացության մեջ գրել են՝ բաժանմունքում բջջաբան փորձագետ չլինելու պատճառով չեն պատասխանել ծխուկների վրա թքի սեռային պատկանելության մասին հարցին: Ես միջնորդել եմ, որ ուղարկեն մեկ այլ տեղ: Պահանջել եմ կրկնակի համալիր փորձաքննություն: Քննիչը մերժել է»,- պատմեց տուժողի իրավահաջորդը: 

Սխալ փաթեթավորման հետևանքով վերացել են մատնահետքերը

Ռուզաննա Ադանալյանը նշեց, որ իր տղայի մազերով ծրարը կիսաբացված է ներկայացվել փորձաքննության: Բացի այդ, ապացույցներից որոշները փաթեթավորել են այնպես, որ մատնադրոշմներն անհետացել են: Եզրակացության մեջ գրված է, որ նման մեթոդով փաթեթավորմամբ հնարավոր չէ, որ պահպանվեն մատնադրոշմները: Քննիչը պատասխանել է, որ փորձագետն է փաթեթավորել: «Բայց ո՛չ քննիչը, ո՛չ փորձագետը պատասխանատվություն չեն կրում կարևոր ապացույցներ կորցնելու համար»:

Կարևոր վկաներ դեպքից մի քանի օր անց հատել են ՀՀ սահմանը

Ռուզաննա Ադանալյանն ունի վկաներ, ովքեր կարող են վկայել, որ միակ կալանավորված Արթուր Մարտիրոսյանի ընկեր Հովհաննես Թոփչյանի ավտոտնակում նախորդ օրը կռիվ է եղել: Սակայն նրա ավտոտնակը խուզարկելու տուժողի իրավահաջորդի միջնորդությունը մերժվել է: Տիկին Ռուզաննան դիմել է Ոստիկանություն ու ստացել պատասխան, որ Թոփչյանը հանրապետության սահմանը հատել է դեպքից մի քանի օր անց՝ նոյեմբերի 3-ին:

ԱԱԾ-ն տրամադրել է ՀՔԾ-ի նախասրահում տեղի ունեցած միջադեպի ձայնագրությունը

Հիշեցնենք, որ Ռուզաննա Ադանալյանի պնդմամբ, այս տարվա հունիսի 30-ին, ժամը 10:30-11:30-ի սահմաններում իրեն քաշքշել ու իր նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել Աշոտ Հակոբյանը՝ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետը, երբ տուժողի իրավահաջորդը եկել է ՀՔԾ հայտնելու, որ քննիչ Առաքելյանի գործողությունների դեմ գրված բացատրությունն իր խոսքերից չէ կազմված, որ այն ստորագրել է առանց կարդալու:

Ռուզաննա Ադանալյանին թեպետ ԱԱԾ-ի կողմից տրամադրվել է ՀՔԾ շենքի նախասրահում հունիսի 30-ին նշված ժամին կատարվածի տեսաձայնագրությունը, այդուհանդերձ որդեկորույս մայրը կասկածում է, որ այն մոնտաժված է. «Բացակայում է այն հատվածը, որտեղ ՀՔԾ պաշտոնյա Հակոբյանը ինձ հետապնդելով էր գալիս դեպի մուտքի մոտի հեռախոսը, բացի այդ, չեն լսվում խոսքերը: Եթե ձայն լիներ, կլսվեր, թե Հակոբյանը ինչպիսի նվաստացնող խոսքերով է ինձ դուրս հրավիրելու կոչեր անում, սակայն նրա գործողություններում հանցակազմ չեն տեսնում իրավասու մարմինները»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Ռուզաննան:

Սակայն ԱԱԾ-ից տիկին Ռուզաննային գրավոր տեղեկացրել են, որ իրենց գնահատմամբ, տեսանյութի մոնտաժված լինելու հանգամանքը պարզելու անհրաժեշտություն չկա, քանի որ Ռուզաննա Ադանալյանն ԱԱԾ-ում գրած իր բացատրության մեջ մատնանշել է հենց ՀՔԾ շենքի նախասրահում տեղադրված հեռախոսի մոտ ունեցած միջադեպի մասին, ինչն էլ առկա է տեսանյութում:

Տիկին Ռուզաննան «Հետքին» տրամադրեց ԱԱԾ-ի տրամադրած տեսանյութը: Ներկայացնում ենք միայն շենքի նախասրահի հեռախոսի մոտ եղած միջադեպը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված