Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Հնդկական դեղի նոր խմբաքանակ է ներկրվել. հիվանդներից ոմանք դեռևս «DiaZone MR» են ստանում



Դեռևս այս տարվա հունվարի 30-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց, որ այսուհետ շաքարային 2-րդ տիպի դիաբետ ունեցող հիվանդների համար առաջիկա 5 տարիների ընթացքում (2015-2019թթ.) պետությունը ձեռք է բերելու ֆրանսիական «Diabeton MR»-ը՝ հնդկական «DiaZone MR»-ի փոխարեն, որից ստացվել էին բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ:

Առողջապահության նախարարի հրամանով՝ այս տարվա հուլիսի 1-ից Երևանի և մարզերի պոլիկլինկաներում շաքարային 2-րդ տիպի դիաբետ ունեցող հիվանդները պետք է ստանան «Diabeton MR»:
Սակայն պարզվում է, որ պոլիկլինկաների հիվանդներին դիաբետի դեղը տրվում է ընտրովի՝ հնդկական կամ ֆրանսիական: Ավելին՝ ներկրվել է «DiaZone MR»-ի դեղի  նոր խմբաքանակ։

    Ե՞րբ կվերջանա «Diazone MR»-ինորից 4000 տուփ է ներկրվել

Փետրվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը հայտնեց որ «DiaZone MR»  հնդկական դեղը ոչ թե ոչնչացվելու է, այլ բաժանվելու է հիվանդներին ՝ մինչև  ներկված խմբաքանակը սպառվի:

 Վերահսկիչ պալատի 2014թ․ հաշվետվության մեջ նշված է, որ դեռևս 2014թ․ ավարտին հնդկական «DiaZone MR» -ի մնացորդը կազմել է 1 672 000 հատ, այն դեպքում, երբ  բժշկական հաստատություններն արդեն իսկ ապահովված են եղել տվյալ դեղորայքով՝ առաջիկա  3-5 ամիսների համար։

Մինչև վերջերս Հայաստան ներկրված հնդկական «DiaZone MR» -ի վերջին խմբաքանակը ներկրվել է 2014թ․ նոյեմբերի սկզբին։

Սակայն ֆրանսիական «Սերվիե» ընկերության հետ «Diabeton MR» գնելու պայմանագիր կնքելուց հետո Հայաստան է բերվել հնդկական դեղի նոր խմբաքանակ։ Այս տարվա մայիսի կեսերին մոտ 4000  փաթեթ/ տուփ «DiaZone MR» է ներկրվել Հայաստան, ընդհանուր արժողությամբ՝ մոտ 16 765 ԱՄՆ դոլար։ Ընդ որում՝ դեղի մեկ տուփի արժեքն այս անգամ մոտ 70 %-ով աճել է՝ նախկին 2,5  ԱՄՆ դոլարից դառնալով 4,25 ԱՄՆ դոլար։

Հնդկական «DiaZone MR» հիվանդները պետք է ստանան մինչև այն չսպառվի։ Իսկ թե ինչպե՞ս և ե՞րբ այն կսպառվի, առողջապահության նախարարությունը հստակ պատասխան չի տալիս: 

Մեր այն հարցմանը, թե «DiaZone MR» -ի քանի խբմաքանակ է դեռևս մնացել, ԱՆ հստակ պատասխան չի տալիս` հայտնելով, որ հիվանդների մի մասին տրվում է հնդկական դեղը` հաշվի առնելով «ներկայացված եռամսյակային հաշվետվությունն ու պահանջարկը»: Ստացվում է, դեռևս դեղի պահանջարկ կա: 

«Պարզ չէ, որ մարդիկ  կգերադասեն «Diabeton»-ը , բայց «DiaZone»-ը պետք է վերջանա, չէ՞»պարզաբանում է էնդոկրինոլոգը

Հիվադներից մի քանիսը «Հետքի» հետ զրույցում պատմեցին, որ երբ իրենց հերթն է գալիս ստանալու, դեղ չի լինում: «Ամսվա սկզբին՝ 6-7-ին գնում ես, ասում են՝ թե բա «Diabeton»-ը վերջացել է»,- պատմեց հիվանդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Պարզելու, թե շաքարային 2-րդ տիպի դիաբետ ունեցող հիվանդերին ո՞ր դեղն է տրվում, մենք կապ հաստատեցինք Երևանի և մարզերի 10-ից ավել պոլիկլինիկաների էնդոկրինոոգների և տնօրենների հետ։ Նրանք ասացին, որ իրենք ստանում են նաեւ  հնդկական «DiaZone»-ը։

Օրինակ՝ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Նունե Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ով որ «DiaZone» նախկինում ստանում էր և գոհ էր, հիմա էլ է ուզում,  ստանում է»։

Թիվ 5 պոլիկլինկայի տնօրեն Սամվել Ռաֆյանն ասաց, որ առողջապահության նախարարությունից շաքարային դիաբետի բոլոր դեղերն էլ ստանում են, իսկ թե որը կտան՝ կախված է արդեն բժշկի ցուցումից․ «Այնպես չի, որ իրենց ասենք  «Diabeton»-ը հարկավոր չի, բայց պետք է «Diabeton» տանք»,- եզրափակեց տնօրենը։

Թիվ 13 պոլիկլինիկայի փոխտնօրենը, ով չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ իրենք էլ ունեն բոլոր դեղերը և բոլորից էլ տալիս  են՝ «Diabeton»,  «DiaZone», «DiaMar», «Diamet»։  ««DiaZone»-ը այս պահին վերջացել է, թե երբ կստանանք, հայտնի չէ»,-ասաց փոխտնօրենը։

15-րդ պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Վիոլետտա Պարունակյանը ևս նշեց, որ իրենք ֆրանսիականին զուգահեռ տալիս են նաև հնդկական համարժեքը։ Թե ինչու է մինչ այժմ տրվում այն, Վ․ Պարունակյանը պատասխանեց, որ կան մարդիկ, «ովքեր այդ դեղից շատ գոհ են»։

17-րդ պոլիկլիկնայի փոխտնօրեն Մարինե Մարգարյանը հավաստիացրեց, որ իրենց մոտ հիվանդներին «DiaZone» չի տրվում, այլ տրվում է «Diabeton»․«Մյուս խմբի մետֆորիմինի փոխարեն տրվում է «Diamet F»-ը, դա ուրիշ խմբի դեղորայք է»։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում նորից ստանան հնդկական դեղը, փոխտնօրենը հավաստիացրեց, որ՝ ոչ․ «Չէ՛, ոնց նորից ստանանք․բա չասե՞ց նախարարը, որ պետք է միայն «Diabeton MR» լինի»,-ասաց Մ․Մարգարյան։

Թիվ 19 պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Հրաչուհի Սարոյանը  ևս նշեց, որ դեղերը տալիս են՝ «նայած, թե ում ինչ է նշանակվում»։ Բացի ֆրասիական «Diabeton»-ից և դրա հնդկական համարժեքից, տրվում ե նաև շաքարի մյուս 2 հնդկական դեղերը։ Այն նկատառմանը, որ մինչև այժմ իրենց մոտ դեռևս տրվում են հնդկական դեղերը, էնդոկրինոլքգը զարմացավ և պատասխանեց․«Բայց ինչի՞ պետք է չտրվեր»։

« «DiaZone» –ի հետ տալիս ենք  նաև «Diabeton» մի քիչ, մինչև որ «DiaZone»-ը վերջանա լրիվ,-ասաց Հ․ Սարոյանը։ -Շատ բան կարող է նախընտրեն: Պարզ չի, որ իրենք կգերադասեն «Diabeton»-ը ստանալ, բայց «DiaZone»-ը պետք է վերջանա, չէ՞։ Պիտի վերջացնե՞նք, թե ոչ, հո չի մնալու, հետո վառեն այդ դեղը»։

Էջմիածնի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Անուշ Մուրադյանն ասաց, որ իրենք «այս ամսից արդեն» տալիս են ֆրանսիական «Diabeton MR»-ը, իսկ հնդկական այժմ վերջացել է և հավաստիացրեց,  որ այլևս չեն ստանալու և  «ինչ նախարարությունն ասել է, դա են ստանալու»։ 

Աշտարակի պոլիկլինիկայում հրաժարվեցին էնդոկրինոլոգի կամ որևէ այլ պատասխանատու անձի կոնտակտներ տրամադրելուց։ Փոխարենը 2014թ․ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ պարզվել էր, որ  «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «չի իրականացվել  շա­քա­րա­յին դիաբետով հիվանդների հաշվառում, տվյալների հավաքագրում և դասակարգում», և դեղորայքի իրական պահանջարկը արդյունավետ կերպով չի ձևավորել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Aramayis10:54 - 15 օգոստոսի, 2015
«Պարզ չէ, որ մարդիկ կգերադասեն «Diabeton»-ը , բայց «DiaZone»-ը պետք է վերջանա, չէ՞»․պարզաբանում է էնդոկրինոլոգը «DiaZone»-ը հարկավոր է խմացնել և վերջացնել այսպես տրամաբանող < էնդոկրինոլոգ>- ներին և նրանց հարազատներին
2. Diabeton MR06:05 - 18 օգոստոսի, 2015
մարդկանց փորձաճագարներից վատ են վերաբերվում, ոմանց կյանքի միակ նպատակը ընչաքաղցությանը հագուրդ տալն է
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված