ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Որդեկորույս մայրը պնդում է՝ բարձրաստիճան պաշտոնյան իրեն քաշքշել ու ահաբեկել է



Ռուզաննա Ադանալյանը միշտ իր մոտ է պահում որդու՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի լուսանկարները: Արդեն 9 ամիս է՝ որդին չկա. նա սպանվել է դանակի 3 հարվածով՝ 2014 թ.-ի հոկտեմբերի 29-ին, Գյումրիում (Շիրակշին բանավան 227/ 106): 

9 ամիս որդեկորույս մայրը իրավապահների դռներն է թակում՝ ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Նա պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից շատերը լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում: Ձերբակալված է միայն մեկը՝ Արթուր Մարտիրոսյանը: Արտյոմի մայրը պնդում է, որ տղան զոհ է գնացել դեռ նախորդ օրը ծավալված թմրանյութերի հետ կապված «ռազբորկայի» շարունակության պատճառով: Տուժողի իրավահաջորդ ճանաչված Ռուզաննա Ադանալյանը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը զուգահեռ կատարել է իր սեփական քննությունը: Նա շեշտում է, որ քննիչ Հրաչ Առաքելյանը օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի տարել, անհետաձգելի քննչական գործողություններ չի կատարել: Մի խոսքով՝ գործն առ այսօր բացահայտված չէ: 

Քննիչի կատարած խախտումների դեմ որդուն կորցրած մայրը բողոքներ է ներկայացրել տարբեր իրավասու ատյաններ: Սակայն, ինչպես ինքն է վկայում, հանդիպել է որոշ պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքին: Անգամ ՀՔԾ շենքում, ըստ տիկին Ռուզաննայի վկայության, մեկ ամիս առաջ՝ հունիսի 30-ին իրեն քաշքշել, հրել, ծեծելու ու դուրս շպրտելու սպառնալիքով ահաբեկել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Աշոտ Հակոբյանը: Այդ ամենը արձանագրված է շենքի նախասրահում տեղադրված տեսախցիկի միջոցով, սակայն մինչև օրս Ռուզաննա Ադանալյանին չեն տրամադրում այդ տեսագրությունը:  

 ՀՔԾ պաշտոնյան՝ քաղաքացուն. «Ասեց՝ հեսա դուրս եմ շպրտելու, վիզդ պոկելու եմ» 

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այս տարվա հունիսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Ռուզաննա Ադանալյանը հաղորդում է տվել, որ քննիչ Հրաչ Առաքելյանը որդու սպանության գործով նախաքննությունը բազմաթիվ խախտումներով է կատարել ու կատարում. «Բայց հոգիս կերան 4 ժամ մինչև հաղորդում վերցրեցին ինձնից»,-ասաց տիկին Ռուզաննան: Հունիսի 16-ին այդ հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Հունիսի 26-ին Ռուզաննա Ադանալյանը ներկայացել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի հեռախոսականչով. «Արդեն համակարգչից ինչ-որ նյութեր էր նա հավաքել ինքնուրույն: Կողքից էլ մեկն անընդհատ դուռը բացում էր ու շտապեցնում: Ասաց՝ գրեք՝ «կարդացի, ստորագրում եմ»: Հենց գրում էի «կարդացի» բառը, զգացի, որ ախր չեմ կարդացել»,-պատմեց սպանված Արտյոմի մայրը, ով հետո փորձել է ներկայացնել հավելյալ փաստաթղթեր, բայց դա նրան չի հաջողվել: 

«Գրեցի պետին, որ հաղորդումս թերի է եղել, ստորագրել եմ առանց կարդալու: Հունիսի 30-ին առավոտյան 10:30 եղա ՀՔԾ-ում, ներքին համարով զանգեցի վարչության պետի տեղակալ Ս.Մինասյանին: Ասացի, որ իմ բացատրությունը չկարդացի, եկել եմ դա լրացնեմ: Շատ ցինիկ տոնով ասաց, որ իմ հավեսը չունի. «լավ էլ կարդացել եք, տիկի՛ն»: Ասացի, որ զանգելու եմ պետին, պատասխանեց՝ ում ուզում ես զանգի»,- ասաց Ռուզաննա Ադանալյանը: 

Ապա նա ներքին հեռախոսով զանգել է պետի քարտուղարին, որտեղից պատասխանել են, որ պետին հանարավոր չէ տեսնել, բայց վարչության  պետերից մեկը կմոտենա: «Եկավ մեկն, ում անմիջապես ճանաչեցի, նա էր, ով շտապեցնում էր Մինասյանին՝ Աշոտ Հակոբյանը՝ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետը: Տիկին Ռուզաննայի խոսքով, երբ նա նույնը սկսել է պատմել Աշոտ Հակոբյանին, վերջինն ասել է. «Լավ եմ արել շտապեցրել եմ, լսի՛, մենք քո հավեսը չունենք, արի հլը ստեղ»: «Իսկ ես ասում էի, որ եկել եմ նրա համար, որովհետև իմ բացատրությունը, որ Ս Մինասյանը նախապես համակարգչով կազմել էր, իմ մտքերը չեն: Ասեց՝ «Ղալաթ ես արել, նոր ա միտդ ընկել… որոշումդ արդեն կլայացրած ա, խաբար արեք, բերեք սրան որոշումը տվեք, գնա»,- պատմեց տիկին Ռուզաննան:   

Դրանից հետո, ըստ Ռուզաննա Ադանալյանի, Աշոտ Մանուկյանը շարժվել է իր հետևից, մինչև հասել է ներքին հեռախոսին. «Ձեռքս գցեցի, որ հեռախոսը վերցնեմ զանգեմ պետին, խփեց ձեռքիս, հեռախոսին, քաշքշեց, հրեց ինձ: Ասեց՝ հեսա դուրս եմ շպրտելու, վիզդ պոկելու եմ: Ոստիկանն ամաչելով ասում էր ինձ՝ լավ դուրս եկեք»: 

Պաշտոնյայի գործողություններն արձանագրած տեսանյութն ԱԱԾ-ում է. այն քաղաքացուն չեն տրամադրում 

Նույն օրը Ռուզաննա Ադանալյանը ՀՔԾ պետ Վ.Շահինյանին բողոք է ներկայացրել, իսկ 2 օր անց Գլխավոր դատախազին է գրել այս ամենի մասին: Պահանջել է ՀՔԾ նախասրահի տեսախցիկի՝ հունիսի 30-ին, ժամը 10:30-11:30-ին կատարված տեսագրությունը: Սակայն մի քանի օր անց Ս. Մինասյանը պատասխանել է, որ տիկին Ռուզաննայի բողոքում առերևույթ հանցագործության հատկանիշներ չկան:   

Մի քանի օր անց, սակայն, Ռուզաննա Ադանալյանին զանգահարել են ԱԱԾ-ից: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Համբարձումյանին նա հայտնել է, որ ցանկանում է  փաստաբանի հետ գնալ. «վախեցա, որ էնտեղ էլ կքաշքշեն»:  Տիկին Ռուզաննան հայտնեց, որ անցյալ շաբաթ եղել են ԱԱԾ պաշտոնյայի մոտ, ով հայտնել է, որ տեսանյութն իրենց մոտ է: «Տարավ տեսանյութը նայելու, արագացված էր ցույց տալիս կադրերը: Ասացի, որ փորձաքննության ուղարկեն, գուցե մոնտաժված է: Պատասխանեց, որ վստահ է՝ ԱԱԾ-ին չէին կարող մոնտաժված տեսագրություն տալ: Բայց ինձ չտվեց տեսանյութը, ասաց՝ դատախազությունից պահանջեք»,- պատմեց Ռուզաննա Ադանալյանը՝ նշելով, որ ամեն կերպ փորձելու է ստանալ տեսանյութը:

Շարունակելի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված