ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

«Տիգրան Սարգսյան-Փայլակ Հայրապետյան» գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում



«Իմ վստահորդ, գործարար Փայլակ Հայրապետյանը չի զրպարտել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, նա պարզապես կրկնել է այն, ինչ դեռևս երկու տարի առաջ գրվել է մամուլում»,- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր ասաց գործարարի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը՝ առարկելով հայցի դեմ:

Այս գործով նիստը նախագահում է դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ, ներկայում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com կայքի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և նրանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը` ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանը զրպարտչական է համարում shamshyan.com  կայքի թղթակցին գործարարի տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա բարձրաձայնել է հետևյալի մասին. «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»: Ինչպես նաև այն, որ հոդվածում նշվել է, թե «նա նաև պատմել էր (Փայլակ Հայրապետյանը,-հեղ.), որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009թ-ին` էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի` Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը,  որից 100 մլնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով` ադամանդի հումքով, իսկի 100 մլնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել: Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խարդախությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչև 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում` Սիրերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի»:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այս ամենը չի համապատասխանում իրականությանը, ինչը հայցադիմումում նշել է նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն այսօրվա նախնական նիստին ներկայացրեց տարբեր ԶԼՄ-ներից քաղվածքներ, այդ թվում՝ կառավարության պաշտոնական կայքից՝ gov.am-ից հանված, որտեղ անդրադարձ կա օֆշորային հայտնի պատմությանը. «Այս հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել, Տիգրան Սարգսյանի մասով այն առանձնացվել է, գործը դեռ նախաքննության փուլում է, մյուս մասով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Սուքիասյանին, գործն արդեն դատարանում է»,-ասաց Գրիշա Բալասանյանը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ»-ից ստացված վարկային գումարի հիմնական մասը փոխանցվել է Կիպրոսում գրանցված ընկերությունների բանկային հաշիվներին: Այդ ընկերությունների բաժնետերերն են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը: Իսկ «Ամերիաբանկ»-ում գրավադրված էր Փայլակ Հայրապետյանի անշարժ գույքը: 

Այս անգամ էլ նիստին չէր ներկայացել որպես երրորդ անձ ներգրավված Գագիկ Շամշյանը, թեպետ ծանուցվել էր:

Դատավոր Զարուհի Նախշքարյանն ու հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ցանկանում էին ճշտել՝ արդյոք մամուլի հրապարակումներում արտահայտվածը ճշմարտությու՞ն է, թե՞ ոչ: Գործարարի ներկայացուցիչը պատասխանեց, որ այնտեղ արտացոլված է ճշմարտությունը, քանի որ մինչ այս պահը հակառակի վերաբերյալ որևէ ապացույց չկա, իսկ փաստաթղթերի զգալի մասը ստացվել է Կիպրոսից, որտեղ էլ գրանցված են եղել օֆշորային ընկերությունները:

Այսօրվա նիստը տևեց մոտ երկու ժամ և բավականին լարված: Պատահմամբ պարզվեց, որ հայցադիմում ներկայացնելու օրը Տիգրան Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է նաև միջնորդություն, որտեղ բացի հերքման տեքստը, անդրադարձ կա նաև shamshyan.com էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված այնպիսի փաստերի, որոնք հայցադիմումում չեն նշվել: Մասնավորապես՝ այն, որ օֆշորային գոտում գրանցված ընկերություններին փոխանցված գումարով «մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են»:

Դա պարզվեց, երբ  Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը, Արամ Օրբելյանին հարց ուղղելով, փորձեց հստակեցնել, թե հրապարակված հոդվածից քանի դրվագ է վիճարկվում: Դատավոր Զարուհի Նախշքարյանը շտապեց պատասխանել, որ երկու դրվագ է, ինչը հայցադիմումում «հստակ նշված է»: Արամ Օրբելյանն էլ ասաց, թե երեք դրվագ է և նշեց նաև 90 կիլոգրամ ոսկու հատվածը:

Գրիշա Բալասանյանն ասաց, որ վիճարկվող այդ հատվածին ծանոթանալու համար ժամանակ է պետք: Դատավորը նշեց, որ ծանոթանալու համար կարող է տալ 5 րոպե ժամանակ, ինչի դեմ առարկեց փաստաբանը՝ հավելելով, որ պետք է խորհրդակցի նաև իր վստահորդի հետ, քանի որ մինչ այդ դատարանը միջնորդությունը իրենց չի ուղարկել և տեղյակ չեն եղել, որ հրապարակված հոդվածից ևս մեկ հատված է վիճարկվում:

Բացի այդ, Արամ Օրբելյանը և դատավոր Զարուհի Նախշքարյանը մի քանի հարցերով փորձում էին ճշտել, թե պատասխանողը ո՞ր օրենքի հիման վրա է կազմել առարկությունները: Գրիշա Բալասանյանն էլ պնդում էր, որ պետք է նիստը հետաձգվի, որպեսզի կարողանա արդյունավետ պաշտպանություն իրականացնել:

Քանի որ միջնորդությունը Փայլակ Հայրապետյանին չի ուղարկել հենց դատարանը, վերջինս փորձում էր այդ փաստը անուշադրության մատնել՝ ասելով, որ կողմը պետք է իմանար, որ նման միջնորդություն կա: «Որտեղի՞ց պետք է իմանայի, եթե ինձ չի ուղարկվել»,-հակադարձեց Գ. Բալասանյանը: Հենց այս պահից սկսած՝ դատավորը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի նիստը չհետաձգվի, ինչի դեմ տարբեր պատճառաբանություններով առարկեց Փ. Հայրապետյանի փաստաբանը:

Ի վերջո, նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 4-ը, սակայն ոչ թե Գրիշա Բալասանյանի միջնորդության հիման վրա, այլ դատարանի նախաձեռնությամբ, քանի որ «այդ իրավիճակում հնարավոր չէր նիստը շարունակել»:

Թեժ քննարկման առարկա դաձավ նաև գործով երրորդ անձի հարցը: Գրիշա Բալասանյանը փորձում էր ճշտել, թե ով է Գագիկ Շամշյանը, քանի որ իր վստահորդի մասնակցությամբ հարցազրույցը հրապարակել է ոչ թե նա, այլ shamshyan.com կայքը: Դատավորն ասաց, որ shamshyan.com-ը չէր կարող գալ դատարան, հետևաբար ներգրավվել է Գագիկ Շամշյանը, իսկ թե վերջինս ի՞նչ կապ ունի shamshyan.com-ի հետ, գործում որևէ ապացույց չկա: Հերթական անգամ Գրիշա Բալասանյանը հարց ուղղեց կողմին, թե այս գործով ո՞վ է Գագիկ Շամշյանը, ի՞նչ կապ ունի լրատվամիջոցի հետ, ինչին պատասխանեց դատավորը. «Կողմը չի կարող իմանալ, թե ով է Գագիկ Շամշյանը»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված