Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Հետաքննող լրագրողներն» ընդդեմ գլխավոր դատախազության. պահանջը ինֆորմացիայի տրամադրումն է



Վարչական դատարանում լսվում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:

Հիշեցնենք, որ «Հետքը» (հիմնադիր` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ) դեռևս 2014թ. նոյեմբերին գրավոր նամակով ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու 1995 թ-ին ՀՀ գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով դատախազական վարույթին և կատարել լուսանկարահանում: Դատախազությունը որևէ կերպ չէր արձագանքել մեր հարցմանը: Նույնաբովանդակ նամակ «Հետքը» ուղարկվել էր նաև 2015թ. մարտին, սակայն գլխավոր դատախազությունից երկրորդ անգամ ևս որևէ պատասխան չէինք ստացել: Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան:

Դատարանում դատավոր Լիաննա Հակոբյանը հարցեր ուղղեց կողմերին՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մանե Գալուստյանին ու «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանին, հետո կողմերը հարցեր ուղղեցին միմյանց:

«Հայցվորի երկու հարցումներին չեք պատասխանել, ինչո՞ւ». դատավորի հարցին գլխավոր դատախազության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ հարցով զբաղվում է այլ ստրաբաժանում, և ինքը տեղյակ չէ, թե ինչու չեն պատասխանել:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց, որ ստացել է գլխավոր դատախազության պատասխանը հայցի վերաբերյալ, որտեղ գրված է, որ պահանջվող ինֆորմացիան տրամադրելով կխախտվեր երրորդ անձանց անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքը:

Գրիշա Բալասանյանը ներկայացրեց 20 տարի բանտում պատիժը կրող Սողոմոն Քոչարյանի կողմից «Հետքի» խմբագրին ուղղված դիմումը, որտեղ նա նշում է, որ դեմ չէ իր վերաբերյալ նյութերի ծանոթացմանն ու հրապարակմանը:     

Բացի այդ, փաստաբան Գրիշա Բալասանյանը ներկայացրեց ՀՀ դատական դեպարտամենտից ստացված գրություն, ըստ որի դեպարտամենտի ղեկավարը թույլատրել է դատարանների կենտրոնական արխիվում ծանոթանալ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին կատարել լուսանկարահանում և տեսանկարահանում: Երկու փաստաթղթերը կցվեցին գործին:

-Տեղեկատվություն ստանալու իրավունքի և անձնական կյանքի իրավունքի բախումն է այստեղ: Հետևաբար պետք է պարզենք նաև ո՞րն է այդ  տեղեկատվություն ստանալու նպատակը,- հարցրեց դատավորը:

- Սողոմոն Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ կայացվել է ոչ ճիշտ դատավճիռ: Հենց կազմակերպության անվանումը հուշում է, որ հիմնական գործունեությունը հետաքննական նյութերի պատրաստումն է: Լուսաբանումները կարող են նոր երևան եկած հանգամանքներով գործի վերաբացման հիմք դառնալ,- պատասխանեց Գրիշա Բալասանյանը:

Փաստաթղթերը գործին կցելուց հետո դատավոր Լիանա Հակոբյանն ասաց, որ արդեն իրավիճակ է փոխվում և դատախազության ներկայացուցչին հարցրեց՝ արդյոք պատասխանող կողմի դիրքորոշումը չի փոխվում անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքի վերաբերյալ, քանի որ անձը թույլատրել է հրապարակել իրեն վերաբերող տեղեկատվությունը: Մանե Գալուստյանն ասաց, որ դատախազությունն իր դիրքորոշումը արդեն ներկայացրել է, սակայն նշեց, որ դիրքորոշման փոփոխության վերաբերյալ դատարանին լրացուցիչ կտեղեկացնի:

Մանե Գալուստյանը հարցրեց, թե ինչ է նշանակում դատախազական վարույթ: Գրիշա Բալասանյանը նկատեց, որ եթեայդ հարցը անհասկանալի էր, դատախազությունը, որպես տեղեկատվության տիրապետող, կարող էր ճշտել: «Սակայն Ձեր պատասխանից երևում է, որ դատախազության համար պարզ է եղել՝ խոսքը հսկողական վարույթի մասին է»,- պատասխանեց փաստաբան Բալասանյանը՝ ներկայացնելով դիմում, որտեղ դատախազական վարույթ բառերը խնդրում է փոխարինել հսկողական վարույթ բառերով:

Մանե Գալուստյանը նշեց, որ հսկողական վարույթ հասկացողություն, որքանով ինքն է հիշում, 1995 թ.-ին հստակեցված չէր: Դա կարգավորվել է 2006 թ.-ին: Հսկողական վարույթներում պահպանվում են քրեական գործի պատճեները՝ բացառությամբ ցուցմունքներ, առերես հարցաքննություններ. «Ստացվում է՝ ինքնանպատակ է դառնում այդ նյութերին ծանոթանալը»,-ասաց գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

«Բայց ինքնանպատակ լինելը դեռևս հիմք չէ: Կարող է 10 կազմակերպությունից նույն տեղեկատվությունը պահանջեին համեմատելու համար: Բայց Դուք ընդհանրապես անգործություն եք դրսևորել, որևէ պատասխան չեք տվել»,-ասաց դատավորը:

«Եթե պնդում եք, որ, ըստ էության, նույն փաստաթղթերն են քրեական գործում ու հսկողական վարությում, ինչո՞ւ եք մերժում»,-հարցրեց փաստաբան Բալասանյանը:

«Առարկության տեսքով ներկայացրել ենք»,- պատասխանեց Մանե Գալուստյանը՝ ներկայացնելով միջնորդության գործը կարճելու մասին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը:

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 22-ին: Իսկ հուլիսի 10-ին նույն դատարանը՝ նույն դատավորի նախագահությամբ լսելու է նույն կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության: Հայցապահանջը նույնն է՝ պարտավորեցնել ոստիկանությանը տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված