ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Գիշերը 23:30-ին դատարանի որոշմամբ Արա Բուդաղյանին կալանավորել են



Հայկ Ալումյան. «Ես դեռ չեմ հիշում մի դեպք, որ Կենտրոնի դատարանը ԱԱԾ-ի կալանքի միջնորդությունը մերժի» 

Հունիսի 5-ի գիշերը՝ ժամը 23:30 –ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական ջրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը  որոշում է կայացրել Արա Բուդաղյանին կալանավորելու մասին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանը զրո հիմքով է կայացրել նման որոշում: Փաստաբանը տեղեկացրեց, որ հենց այսօր բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան կալանքի որոշման դեմ: 

«Ես դեռ չեմ հիշում մի դեպք, որ Կենտրոնի դատարանը ԱԱԾ-ի կալանքի միջնորդությունը մերժի: Այսօր այդ դատարանը նման է նույնիսկ ոչ թե ԱԱԾ-ի ինչ-որ մի վարչության, այլ բաժնի, որն ուղղակի տեղակայված է դատարանի շենքում»,-ասաց փաստաբան Ալումյանը՝ տեղեկացնելով, որ նույն գործով մյուս երեք անձինք ևս կալանավորված են: 

Արա Բուդաղյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարան: 

Փաստաբան Հայկ Ալումյանը միայն շաբաթ օրն է տեղեկացել, թե որտեղ է գտնվում իր պաշտպանյալը: Երևան քաղաքի ՁՊՎ-ում նույն օրը տեսակցել է նրան: Արա Բուդաղյանը հայտնել է, որ որևէ առնչություն չունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների հետ:  

«Այս ընտանիքը Սյունիքում պայքարի մի օջախ է: Ուզում են այդ օջախը չեզոքացնել: Երբ այս ընտանիքը պայքարում էր, մի եղբորը մեղադրանք առաջադրեցին, էլի էին պայքարում, արդեն մյուս եղբորը մեղադրանք առաջադրեցին: Ուզում են կոտրել պայքարը, արմատախիլ անել: Բայց մենք շարունակելու ենք պայքարել: Իրենց ուզածը չի լինելու: Հավանաբար իրենց ուզածը նա է, որ մենք կենտրոնանանք Արա Բուդաղյանի գործի վրա ու մոռանանք 2013 թ.-ի հունիսի 1-ը: Այդպես չի լինելու»,-տեղեկացրեց Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը: 

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013-ի հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը: 

Լուսանկարում՝ փաստաբան Հայկ Ալումյանը և Արա և Ավետիք Բուդաղյանների եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված