ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Անմեղ մարդը մեկ տարի և չորս ամիս գտնվել է բանտում



Անմեղ ճանաչվածից նույնիսկ գրավոր ներողություն չեն խնդրել, ինչը օրենքի պահանջ է

54- ամյա բժիշկ Գագիկ Հարությունյանը մեկ տարի և չորս ամիս գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կալանքի տակ: 2013թ. նրան մեղադրել են քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պաշտոնական դիրքն օգտագործելով թմրամիջոցներ հափշտակելու կամ շորթելու մեջ: Թեպետ բժիշկը տառապում է շաքարախտով, սիրտը ստենտավորված է, այդուհանդերձ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը մի քանի անգամ երկարացվել է նախաքննության ընթացքում:

Դատախազը միջնորդել է դատարանին կայացնել մեղադրական դատավճիռ՝ դատապարտելով Գագիկ Հարությունյանին 10 տարվա ազատազրկման: Մինչդեռ այս տարվա հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անմեղ է ճանաչել Գագիկ Հարությունյանին՝ արարքներում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: «Եթե ինձ դատապարտեին, դժվար թե իմ առողջությամբ կարողանայի դիմանալ 10 տարի: Երևի բանտից հետ չէի գա»,-ասում է բժիշկը:

Դատավճռում նշված է. «Բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ՝ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն այն մասին, որ սույն գործով առկա է թմրամիջոցի հափշտակություն, իրացում կամ իրացման նպատակ»։

«Դատարանում ասացի՝ մենակ ես գիտեմ՝ այդ արարքը կատարե՞լ եմ, թե՞ ոչ»,- ասում է իմ զրուցակիցը:

Արդարացվածի նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, որը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով: Դրանցից մեկը նախաքննական մարմնին պարտավորեցնում է գրավոր ներողություն խնդրել արդարացվածից: «Հետքի» հետ զրույցում Գագիկ Հարությունյանն ասաց, որ ո՛չ բանավոր, ո՛չ առավել ևս գրավոր ներողություն չի եղել:

«Նեղացածություն չկա: Չեմ նեղանում, չեմ չարանում: Վիրավորանք ու ափսոսանք կա, որ ընտանիքիցս կտրվել եմ այդքան ժամանակ, թոռնիկիս մեծանալը չեմ տեսել»,- շեշտեց նախկին կալանավորը:

Բժշկին խաբեությամբ են տարել ոստիկանություն   

Գագիկ Հարությունյանը մոտ 20 տարի ղեկավարել է Արմավիրի մարզում գտնվող «Հիսուսի մանուկներ» պետական առողջական կենտրոնը: Գագիկը «Հետքին» պատմեց, թե ինչպես են երկու տարի առաջ սեպտեմբերի 30-ին քաղաքացիական համազգեստով 5-6 հոգի մտել իրենց տուն՝ չներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ: «Աշխատանքից տուն էի վերադարձել, եթե ճիշտ եմ հիշում՝ 2 «Ժիգուլի» մեքենա կանգնեց մեր տան մոտ, 5-6 հոգի՝ քաղաքացիական հագուստով, ասացին, որ հիվանդ կա, պիտի գնանք: Անգամ գործիքներս՝ ճնշում չափելու սարքս վերցրեցի, բայց ինձ, փաստորեն, խաբում էին: Տարան Երևան՝ ոստիկանության 6-րդ վարչություն: Ասեցին՝ նարկոտիկ ես ծախել, գրի, որ ընդունում ես մեղքդ, որ մեղմ վարվենք: Հերթով քննիչներ էին մտնում, հարցեր էին տալիս: Ես էլ ասեցի, որ տղաս փաստաբան է, ուզում եմ գա: Ինձ պատասխանեցին՝ ավելի լավ է մեր փաստաբանը տանք, քանի որ հնարավոր է՝ մեղմ վարվելու հարցը խաթարվի, եթե փաստաբանը տղադ լինի»,- պատմում է բժիշկը՝ ավելացնելով, որ չի համաձայնել ոստիկանների հետ:

Այդպիսով հոր պաշտպանությունը ստանձնել է որդին՝ փաստաբան Հարություն Հարությունյանն ու փաստաբան Հրանտ Անանյանը:

Առողջական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանի աշխատասենյակից խուզարկությամբ հայտնաբերվել է «Օմնոպոն» տեսակի թմրադեղի փաթեթ, որը կնքել, վերցրել են քննիչները: «Խուզարկողներին ասեցի՝ այրման տեղում՝ փոսի մեջ, շատ կա դրանից, գնացեք, տեսեք: Քաղցկեղով հիվանդներիցս մեկը օրը շփոթել էր, թե երբ եմ իրեն տվել այդ դեղամիջոցը, ասել էր օգոստոսի 31-ին, որը շաբաթ օր էր ու ոչ աշխատանքային, բայց ես այն դուրս էի գրել սեպտեմբերի 2-ին, ինչը արձանագրված է նաև մատյանում»,- ասաց արդարացված բժիշկը: Հենց հիվանդի ցուցմունքն էլ հիմք ընդունելով՝ Գագիկ Հարությունյանին կալանավորել են՝ տեղափոխելով «Նուբարաշեն» ՔԿՀ, առանց քրեական գործ հարուցելու: Գործը հարուցվել է 2014-ի հունվարին:

«Իհարկե, բանտում կան անմեղ մարդիկ»

Նախկին կալանավորը պատմում է, որ բանտախցում, որտեղ պահում էին իրեն, 16-17 մարդ կար՝ 35 քմ-ի վրա. «Երևի գազանանոցում ավելիշատ տեղ է հասնում ամեն կենդանուն: Հոգեկան  հիվանդություններ, թոքային հիվանդություններ, սթրեսներ, ամեն ինչ կար մեկ խցում: Որպես բժիշկ օգնում էի, կարդում էի շատ, հիմնականում հանցագործությունների մասին, Խրիմյան հայրիկի զրույցն էի կարդում Քրիստոսի հետ: Կալանավորները գալիս էին դատերից, սկսում էինք քրեական օրենսգիրք կարդալ: Տեսածս, շփվածս մարդկանցից մոտ 20-30 տոկոսը պիտի բանտում չլինեին: Բանտում մարդիկ սիրտը բացում են, պարզ երևում է՝ ով ով է: Անմեղ մարդիկ կան բանտում, հաստատ»,- համոզված է նախկին կալանավորը:

Արդարացվածին չեն վերականգնում նախկին պաշտոնում

Արդարացման դատավճռով ազատություն վերադարձած Գագիկ Հարությունյանն այսօր դատարանում պայքարում է, որպեսզի կարողանա վերականգնվել իր նախկին պաշտոնում՝ որպես տնօրեն: «Դա իմ արժանապատվության հարցն է»,-ասում է նա:

Այսօր նա նույն հիմնարկում աշխատում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ և վիրաբույժ: Նախկին տնօրենը նշում է, որ հիմնավոր կասկածներ ունի, որ իր պաշտոնում այլ անձի նշանակման համար է տեղի ունեցել այս ողջ պատմությունը:

Մինչև բացակայության հիմքի վերացումը Գագիկ Հարությունյանը չէր կարող պաշտոնավարել որպես տնօրեն: Սակայն խափանման միջոց կալանքի վերացումից հետո, ըստ նրա փաստաբան Հարություն Հարությունյանի, իր հայրը պետք է անհապաղ վերականգնվեր պաշտոնում:

«Ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակել, Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Աշոտ Ղահրամանյանը հրաժարվում էր Գագիկ Հարությունյանին վերականգնել իր պաշտոնում: Սակայն երբ իրավական դաշտ տեղափոխեցինք հարցը, նոր վերականգնեցին, բայց նույն օրը՝ այս տարվա մարտի 13-ին, աուդիտ բերեցին այն ժամանակահատվածի վրա, որն արդեն ստուգվել էր: Եվ 3 օր անց ազատեցին աշխատանքից»,-ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին Արմավիրի մարզի դատարանում լսվում է իրենց քաղաքացիական հայցն ընդդեմ Արմավիրի մարզպետարանի: Արդարացված Գագիկ Հարությունյանը պահանջում է, որ իրեն վերականգնեն նախկին պաշտոնում, վճարեն տուժանք, որ ըստ օրենքի պարտավոր էին 2ամիս առաջ ծանուցել աշխատանքից ազատման մասին, նաև հարկադիր պարապուրդի համար հատուցեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված