Երեքշաբթի, 19 նոյեմբերի

20 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալը ցանկանում է օգտվել պայմանական ազատման իր իրավունքից



Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով 20 տարի պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, դատարանում վիճարկում է բանտի վարչական հանձնաժողովի որոշումը` իր պայմանական վաղաժամկետ ազատման հարցը մեկ տարով հետաձգելու մասին:

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դահլիճում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ արտագնա նիստ էր հրավիրել: Նախքան նիստը սկսվելը դատավորը նշեց, որ լրագրողները կարող են 2-3 րոպե լուսանկարել և տեսաձայնագրել: Հենց այդքան էլ տևեց նիստը, քանի որ Էրեբունու դատախազության ներկայացուցիչ, դատախազ Հայկ Մովսիսյանը նշեց, որ իրեն ժամանակ է պետք ցմահ դատապարտյալի անձնական գործին ծանոթանալու համար:

Ցմահ դատապարտյալը ցանկանում էր ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն դատավորը նշեց, որ նիստը հետաձգվում է մինչև հուլիսի 7-ը: Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ Ստեփան Գրիգորյանը կարող է իր դիրքորոշումը հայտնել հաջարդ դատական նիստին: Մինչ այդ դատավորը ճշտեց դատապարտյալի տվյալները: Գրիգորյանը նշեց, որ ծնվել է 1963թ., Երևանում, ունի 10-ամյա կրթություն: Նա ձերբակալվել է դեռևս 1996թ.: 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961թ. քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով` մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից. «2003թ. նախագահի ներման հրամանագրով մի պատիժը փոխվել է մյուսով»,-ասաց ցմահ դատապարտյալը` հրաժարվելով հանրային պաշտպան ունենալուց: 

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին լրացել էր ցմահ դատապարտյալի պատժի կրման 20 տարին: Ըստ քրեական օրենսգրքի հոդված 76-ի կետ 5-ի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին: Սակայն, շաբաթներ առաջ «Հետքին» ուղարկած նամակով դատապարտյալը հայտնել էր, որ մայիսի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը քննարկել էր հարցը, իսկ հունիսի 2-ին դատապարտյալը ստացել էր պատասխան, ըստ որի՝ իրեն ծանոթացրել էին հարցը մեկ տարով հետաձգելու մասին տեղեկանքին: Հունիսի 3-ին նա հացադուլ էր հայտարարել, ապա դիմել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` վարչական հանձնաժողովի հետաձգման որոշումը վիճարկելու համար:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված