Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Բժիշկները «չեն սխալվում». կարմիր դիպլոմը` քրեական գործի կարճման հիմքում (տեսանյութ)



Փշատավանցի Սայադ Սեդրակյանի  երեք որդիներից առաջնեկը՝ Արտաշը, այժմ կլիներ 8 տարեկան, եթե ժամանակին բժիշկները բարեխղճորեն կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները:

2010թ. դեկտեմբերի 31-ին 3,5 տարեկան Արտաշն ունեցել է շնչառական խնդիրներ և նրան տեղափոխել են «Արմավիրի բժշկական կենտրոն», որտեղ երեխայի մոտ ախտորոշվել է «սուր լարինգոտրախեիդ 1-2-րդ աստիճան»: Այնտեղ երեխային ընդունել է բժշկուհի Արմինե Ասատրյանը, ով, Սայադ Սեդրակյանի խոսքերով, իրենց  հավաստիացրել է, թե ամեն ինչ նորմալ է և մինչ առավոտ երեխան դուրս կգրվի:

Թեև ընդունման պահից 4 ժամ անց Սայաթը նկատել է, որ իր երեխայի մոտ փոփոխություն չկա, սակայն վստահելով բժշկուհու ասածներին՝  որևէ այլ միջոց չի ձեռնարկել:

Գիշերը երեխայի վիճակն ավելի է վատացել: Արտաշի մոտ մնացած մայրն ու տատը փորձել են բժիշկ կանչել, սակայն, հանդիպելով փակ դռանը, հետ են վերադարձել երեխայի մոտ: «Մի քանի անգամ կինս գնացել ա բժշկուհուն կանչի, որպեսզի գա երեխային զննի, գնացել ա, իրա աշխատասենյակում չի եղել»,-պատմում է Սայաթ Սեդրակյանը:

Առավոտյան հիվանդանոց է եկել  Սայաթ Սեդրակյանն ու հայտնաբերելով, որ երեխայի վիճակը կտրուկ վատացել է, ցանկացել  է տեսնել բուժող բժշկուհուն, սակայն վեչջինս հերթափոխն արդեն հանձնած և գնացած է եղել: Սայաթը հիշում է, որ հերթափոխը նոր ընդունած բժշկուհին՝ Աննա Առուշանյանը, նույնիսկ տեղյակ էլ չէր երեխայի ծանր վիճակին:  

Այդ վիճակում Արտաշին շտապ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք:

«Ռեանիմացիայում չկար ոչ մի տեսակի սարքավորում, -հիշում է Սայաթը:- Վերակենդանացման բաժանմունք չունես, ինչի՞ ես ընդունում  նման կարգի հիվանդ, նամանավանդ,եթե այդ հիվանդության տեսակը /սուր լարինգոտրախեիդը/ մեծ ռիսկեր է պարունակում»:

Չկարողանալով երեխային պատշաճ օգնություն ցուցաբերել՝  տեղափոխում են  Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»: Սակայն այնտեղ 4 օր անգիտակից մնալուց հետո երեխան մահանում է:

«Իմ երեխան եղել ա նրա  (Արմինե Ասատրյանի- հեղ.) հիվանդը 15 ժամ,- պատմում է Սայադ Սեդրակյանը,- 15 ժամ ինքը ընդամենը մեկ անգամ ներարկել ա դեքսամետազոն, որը դատաբժիշկները գտել էին, որ հակացուցված ա եղել, որովհետև դեքսամետազոնը թուլացնում ա օրգանիզմի դիմադրողականությունը  և օրգանիզմն ինքնուրույն դադարում ա պայքարել»: 

Կարմիր  դիպլոմը՝  քրեական գործի կարճման  հիմք

Դեպքից հետո Սայադ Սեդրակյանը դիմել է Երևանի Շենգավիթի ոստիկանություն:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել «հիվանդի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից երկկողմանի միաձույլ թարախային բրոնխոպնևմոնիայի հետևանքով, որով նա տառապել է կենդանության օրոք»:

Սայադը հերքում է սա՝ իր երեխան միանգամայն առողջ է եղել: «Սովորական, ոնց որ բոլորս, թեթև մրսածություն ուներ: Կոնկրետ իմ երեխան շնչառական կամ այլ կարգի հիվանդություններ չի ունեցել»,-ասում է նա:

Ոստիկանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ) առաջադրել է մեղադրանք ոչ թե բժշկուհու , այլ «Արմավիր ԲԿ»-ի տնօրեն  Նշան Գևորգյանի նկատմամբ (ում դեմ 2010-2014թթ. հարուցվել են մի քանի քրեական գործեր, նաև նույն՝ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն հետագայում համաներման արդյունքում պատիժ չի կրել):

Գործի քննության ընթացքում կատարվել է հանձնաժողովային և դատաբժշկական  5 փորձաքննություն, որից 4-ի դեպքում փորձաքննությանը մասնակցած մոտ 40 բժիշկներ հաստատել են, որ երեխայի բուժումը թերի է իրականացվել, և «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի բժիշկներ Արմինե Ասատրյանը, Աննա Առուշանյանը, մանկական բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանը և ռեանիմատոլոգ Կարեն Անտոնյանը թույլ են տվել բժշկական սխալներ,  որի հետևանքով երեխան մահացել է:

Սակայն, դրանք ոչ մի արդյունք չտվեցին. Արմինե Ասատրյանի նկատմամբ քրեական գործերը մեկ մյուսի հետևից հարուցվում էին և կարճվում:

Առաջին անգամ քրեական գործի կարճման հիմքում դրվել էր ներման խնդրանքով 31 քաղաքացու ստորագրություն և բժշկուհու «կարմիր դիպլոմը»:

«Առաջին քրեական գործը երբ կարճեցին,- պատմում է Սայադը,- գրել էին, որ պարզվել ա, որ 31 քաղաքացիներ խնդրանքով դիմել են դատախազին՝ ներում շնորհել բժշկուհուն, քանի որ նա իրենց  երեխաներին բուժել է, և նրանք գոհ են»: Բացի դրանից, հաշվի էր առնվել այն փաստը, որ վերջին 1 տարվա ընթացքում Արմինե Աստարյանն այլ կարգի խախտումներ չի կատարել, շնորհակալագիր է ստացել  նախարարի  կողմից և բժշկական համալսարանն ավարտել է «գերազանցության դիպլոմով»: «Ես ներքին կարգով ստուգեցի՝ սովորական, ճմռթած կապույտ դիպլոմ ա»,- ասում է Սայադը:

Կարճման այս որոշումը նա  բողոքարկել է. Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի վերոնշված հիմնավորումն անհիմն է համարվել, ու գործին նորից ընթացք է տրվել: Նորից հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն նորից՝ կարճվել:

Սայադը ներկա է եղել բոլոր փորձաքննություններին: Նա հիշում է, որ բժշկական փորձաքննությանը մասնակցող բժիշնկների մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէր դեպքին և տեղում էր ծանոթանում հիվանդության պատմությանը: «Նույնիսկ «Հերացու» թիվ 1 հիվանդանոցում տեղյակ չէին, վերջին վայրկյանին են կարդացել, թե իրենք ինչ գործի հետ են ծանոթանում,- հիշում է Սայադը:- Դատաբժիշկներ կային, որ նույնիսկ նիստի ժամանակ քնում էին»:

Արդեն  մեկ այլ՝  դատախազ Սամվել Սինանյանի օրոք 5-րդ դատաբժշկական փորձաքննությունը հերքում է նախորդ 4 հանձնաժողովների եզրակացությունները, որտեղ բժիշկ-փորձագետները, հղում անելով այն փաստին,  որ համաշխարհային պրակտիկայում եղել են նմանատիպ դեպքեր, սակայն մահը եղել է անխուսափելի, եզրակացրել են, որ Արմինե Ասատրյանի և երեխայի մահվան մեջ պատճառահետևանքային որևէ կապ չկա։

«Այսինքն՝ էնտեղ մնում էր, որ դանակը վերցներ, երեխային սպաներ, նոր դառնար պատճառահետևանքային կապ», -ասում է Սայադը:

2011-2014թթ., սպառելով բոլոր դատական ատյաններն ու արդարության հանդեպ իր հույսերը, Սայադը դադարեցրել է պայքարը. «Ես պայքարում էի բոլորիս երեխաների համար. իմ երկրորդ, երրորդ երեխայի համար, իմ հարևանի երեխայի համար, Հայաստանի բոլոր քաղաքացիների երեխաների համար»:

«Ես ծանոթացա դատաբժշկական փորձաքննությանը. մեղքերը վերաբերում են բժշկուհի Արմինեին, ռեանիմատոլոգ Կարենին ու բաժանմունքի վարիչ Գառնիկ Դավթյանին, որոնք տվյալ իրադրության մեջ բուժող բժիշկ են հանդիսացել: Իսկ 130 հոդվածը, որը վերաբերում է տվյալ մասնագիտության տեր բժիշկներին, վերագրել են ինձ: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ բացարձակ անփութության պայմաններում, բացարձակ անզգույշ, անհոգատար վերաբերմունքի հետեւանքով հիվանդը ընկել է ծանր վիճակի մեջ»,- ասել է Նշան Գեւորգյանը:

 

 Արմինե Ասատրյանը ներում է Արտաշի ծնողներին՝ իրեն դատական քաշքշուկների մեջ ներքաշելու համար

Արտաշին ընդունած Արմինե Ասատրյանն այժմ էլ աշխատում «Արմավիրի պոլիկլինիկայում»:

Մեզ հետ ունեցած կարճատև հեռախոսազրույցում բժշկուհին տեղի ունեցածի մեջ իրեն մեղավոր չհամարեց. դատական գործը կարճվել է, ինքը մեղավոր չէ, դրանով ամեն ինչ ասված է: Արմինե Ասատրյանը վստահ է, որ ինքն արել է ամեն ինչ, ավելին անելու համար հիվանդնանոցում այդ պահին անհրաժեշտ սարքավորումներ ուղղակի չեն եղել: Նա ասում է, որ ներում է ծնողներին իրեն դատական քաշքշուկների մեջ ներքաշելու համար, քանի որ «նրանք երեխա են կորցրել»:

Սայադը պատմում է, որ բժշկուհին բազմիցս փորձեր է ձեռնարկել տարբեր ծանոթ-բարեկամների միջոցով որևէ փոխհատուցում առաջարկել, սակայն ինքը մերժել է. «Եթե իրենց գերեզմանները վաճառվում են, մերը չեն վաճառվում»: Սայադը դիմել էր Առողջապահության նախարարին՝ խնդրելով գոնե կասեցնել Արմինե Ասատրյանի բժշկական գործունեությունը, սակայն բժշկուհու հանդեպ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:  

Մանկական մահացության վիճակագրությունը

  Ըստ Առողջապահության համաշխարային կազմակերպության դասակարգաման՝ Հայաստանը մանկական մահացության միջին մակարդակ ունեցող երկրների դասից (10-20‰) տեղափոխվել է մանկական մահացության ցածր մակարդակ ունեցող երկրների ցանկ. 2013թ. Հայաստանում արձանագրվել է 10-ից ցածր՝ 9,7 % մանկական մահացության ցուցանիշ։
Ըստ ԱՎԾ  տվյալների՝ 2014թ. մանկական մահացության թիվը ևս նվազել է ՝ դառնալով  8,7 %։

2014թ. հունվար-դեկտեմբերին  Հայաստանում արձանագրվել է  0-4 տարեկան երեխաների մահվան  439 դեպք, որոնց մեջ գերակշռում են տղա երեխաները:

Ընդհանուր առմամբ ՝ 2009-2014թթ. ընթացքում  գրանցվել է մինչև 1տարեկան երեխաների  մահվան 2577 դեպք:

      Մանկական մահացության հիմնական պատճառները

  • Վարակային և մակաբուծային հիվանդություններ
  • Շնչառական օրգանների հիվանդություններ
  • Մարսողական օրգանների հիվանդություններ
  • Բնածին անկանոնություններից և ձևախախտումային խանգարումներ
  • Շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներ
  • Դժբախտ պատահարներ, թունավորում և վնասվածք
  • Այլ պատճառներ

Բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով 2010-2014թթ․ ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 121 դեպք, որից 22-ն ուղարկվել է դատարան, 54-ը կարճվել է, 2-ը՝ կասեցվել, 43-ը նախաքննության փուլում է։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված