Կիրակի, 20 հոկտեմբերի

Ոչ վերբալ պահվածք. «100 ժպիտ՝ 100 բարձի փոխարեն»



«Հետքը» շարունակում է ներկայացնել նախարարների ոչ վերբալ պահվածքը։ Այս անգամ կանդրադառնանք սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: 

Հրանուշ Հակոբյանը  ՀՀ սփյուռքի նախարար է 2008թ.-ից։ 2012-ին վերանշանակվել է նույն պաշտոնում։     

Բազային պահվածք 

Ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի՝ Հրանուշ Հակոբյանը դրսևորում է ակտիվ ոչ վերբալ պահվածք․էմոցիաներ, պատկերավորիչներ, հանգստացնող ազդակներ։ Ելույթների ժամանակ նրա դեմքին հազվադեպ կարելի է  նկատել պոզիտիվ էմոցիաներ․պատճառներից մեկն այն է, որ նրա դիմային մկանները  դեմքին խիստ արտահայտություն են տալիս։ 

Հրանուշ Հակոբյանը կիրառում է նաև փախուստի ՝ «քայլ տեղում, ետ-առաջ» ոչ վերբալ պահվածքը, ինչն անցանկալի իրավիճակներից խուսափելու միջոց է։ 

Թեև Արտեմ Ասատրյանի համեմատ  զրուցակցի հետ ավելի հաճախ է  հաստատում վիզուալ կոնտակտ, սակայն այն երբեմն լինում է շատ թռուցիկ, թեթևակի, ինչը զրուցակցին պակաս կարևորություն տալու, այսպես ասած ՝ «հայացքի չարժանացնելու», արհամարհանքի նշան է։

Հրանուշ Հակոբյանը հաճախակի է կրում վառ զգեստներ, որոնց մեջ գերակշռող է կարմիրը: Գույները թեև ոչ վերբալ պահվածքի հետ ուղղակի կապ չունեն, սակայն ընդհանուր համատեքստում  ևս կարող են տեղեկություն պարունակել անձի մասին. վառ գույներ նախընտրում են կրել պոզիտիվ, կենսուրախ մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց վրա ուշադրություն գրավելու կարիք ունեն:  

Պատկերավորիչներ  և հանգստացնող ազդակներ 

Ինչպես վերը նշվեց, Հրանուշ Հակոբյանն ունի պատկերավորիչների և հանգստացնող ազդակների կիրառման բազմաթիվ օրինակներ։

Օրինակ՝  «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, խոսելով Սփյուռքի նախարության նախաձեռնած  «անգլուխ մնացած 100 բարձերի» ծրագրի մասին, Հրանուշ Հակոբյանը կիրառում է ժեստային և ձայնային (շեշտադրում, տոնայնություն և այլն) պատկերավորիչներ։ Սակայն, դրան զուգահեռ կիրառում է ձեռքերի շփման հանգստացնող ազդակը, ինչը ցույց է տալիս, որ նա հայտնվել է ոչ հարմարավետ գոտում և փոքր-ինչ լարված է։ Առհասարակ, ոչ հարմարավետ գոտում հայտնվելու պատճառները բազմաթիվ են՝ անցանկալի թեմա, հարց, կասկած, ուղղակի լարվածություն և այլն։ 


Ձեռքերի հանգստացնող ազդակ Հրանուշ Հակոբյանը կիրառում է նաև այն ժամանակ, երբ պատասխանում է Հեղինե Բիշարյանի՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու՝ զորակոչային տարիքի մասին հարցին։ Այստեղ նա կիրառում է նաև գլխի դրական շարժման պատկերավորիչը, ինչն ամրապնդում և հաստատում է հնչեցրած խոսքերը:

 

         Հերքում  և անհամապատասխանություն 

Վերջերս համացանցում լայն տարածում էր գտել Հրանուշ Հակոբյանի ՝ Սերժ Թանկյանին և այլ սփյուռքահայերի ուղված կոչը՝ հայկական բանկերում գումար պահելու մասին։

Այստեղ ևս նա ակտիվորեն դրսևորում է ոչ վերբալ ազդակներ՝ երբեմն հերքելով, երբեմն էլ՝ դրսևորելով հակասական վերբալ և ոչ վերբալ պահվածք, իսկ  անհամապատասխանությունը, ինչպես գիտենք, փաստում է, որ մարդ չի  ասում, փորձում է թաքցնել այն , ինչ իրականում մտածում է։ 


Օրինակ՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի հարցին, թե արդյոք Սերժ Թանկյա՞նը պետք է այդ ներդրումը կատարի, Հրանուշ Հակոբյանը պատասխանում է՝ «Չէ՛,չէ՛»,  ժխտում է, սակայն գլխով կատարում է ետ-առաջ ՝  հաստատման «այո» ժեստը, ինչը նշանակում է՝ այո, նաև Սերժ Թանկյանը։ 


«Յուրաքանչյուր հայ պետք է գա, իր հայրենիքը տեսնի» ,-ասում է Սփյուռքի նախարարը։ Սակայն կատարում է գլխի ժխտողական շարժում։ Այս համատեքստում դրսևորված հերքման  ոչ վերբալ պահվածքը չի նշանակում, որ  Հրանուշ Հակոբյանը դեմ է, որ հայերը գան, տեսնեն իրենց հայրենիքը։ Այն պարզապես ընկալվում է որպես հենց այնպես ասված խոսք, որը սեփական համոզմունքով հաստատված չէ։

Անցյալ տարի սփյուռքի նախարարության կայքում Հրանուշ Հակոբյանի ծննդյան առթիվ տեղադրվեց մի շնորհավորանք, որը հանրության կողմից բացասական արձագանքի արժանացավ։ Դրա վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի նկատառմանը Հրանուշ Հակոբյանը գլխի ժխտողական ոչ վերբալ պահվածքով հերքում է, որ շնորհավորանքը պատահական է հայտնվել կայքում, ապա նույնը կատարում է վերբալ՝ խոսքային պահվածքով․«Շատ սխալ էր, ես չեմ գտնում, որ դա սարքած գործ է», ապա մի քանի վայրկյան հետո ավելացնում՝ դա «սարքած բան է»։  Այսպիսի բառային շփոթը նաև վկայում է մարդու լարվածության մասին, ինչն ուղեկցվում է նաև թեթևակի զզվանքի էմոցիայով։


                                       Խուսափում և փախուստ 

Հայտնվելով անհարմար, ոչ բարենպաստ իրավիճակներում՝ մենք ձգտում ենք հնարավորինս պաշտպանել ինքներս մեզ վերահաս վտանգից։

Եվ երբ ֆիզիկապես փախուստն անհնար է, օգնության է գալիս փախուստի ոչ վերբալ տարբերակը, որոնցից է, օրինակ, մարմինը հետ տանելը, տեղում հետ-առաջ քայլեր կատարելը, գլուխն ուսերի մեջ թաքցնելը («կրիայի էֆեկտ») և այլն։ Մեր մարմինը փորձում է հնարավորինս մեծացնել հեռավորությունը իր և այն ամենի միջև, ինչից վտանգ է զգում, հայտնվում է ոչ հարմարավետ գոտում, լարվում, նյարդայնանում է։

Խոսելով բանակում ծառայելուց խուսափելու տարիքային ժամկետի մասին՝ Հրանուշ Հակոբյանը մարմնով փախուստ է կատարում, որին զուգորդում է նաև հերքումը։


Շարունակելով խոսել նույն թեմայի շուրջ՝ Հրանուշ Հակոբյանի «փախուստին» գումարվում է  նաև  սեփական խոսքի հանդեպ անվստահությունը (մեկ ուսի բարձրացում, ասիմետրիա․ իրական էմոցիաները, բացի արհամարհանքից, սիմետրիկ են դրսևորվում)։ 


Փախուստի տարբերակ է նաև գլուխն ուսերի մեջ թաքցնելը՝ «կրիայի էֆեկտը»։ Հայտնվելով վտանգավոր իրավիճակում՝ մարդը փորձում է փրկել մարմնի՝ իր համար ամենակարևոր մասերից մեկը, տվյալ դեպքում՝ գլուխը. բարձրացրած ուսերը թաքցնում են գլուխը:
Վտանգը միշտ չէ, որ կապված է կյանքի ապահովության հետ․ սուտ

 խոսքի վրա բռնվելը, վերահաս ամոթը, հասարակության բացասական կարծիքն էլ կարող են մարդու համար վտանգի և փախուստի ազդանշան լինել։

Փախուստը ոչ միայն կարող է մատնանշել, որ մարդը չի ցանկանում խոսել այդ մասին, խուսափում է պատասխանից, այլ նաև այն, որ զրույցը, զրուցակիցը կամ թեման հետաքրքիր չեն:  

         Դրական էմոցիաների կարևորությունը 

Բազմիցս ներկայացրել ենք, թե որքան կարևոր է դրական էմոցիաների կիրառումը, մասնավորապես, եթե անձն այս կամ այն կերպ պետություն է ներկայացնում։

Այո, լավ է, երբ մարդ ակտիվորեն դրսևորում են իրենց էմոցիաները, ոչ վերբալ պահվաքով ընդգծում, հաստատում կամ հերքում սեփական միտքը, կիրառում պատկերավորիչներ։ Բնական է, որ հաճախ նաև լարվում են, դուրս գալիս հարմարավետության գոտուց, կիրառում հանգստացնող ազդակներ։

Բայց, այնուամենայնիվ, հյուրին սեփական տուն լավ է հրավիրել նաև ժպիտով։  

Նյութում օգտագործված են հատվածներ «Ազատություն» ռադիոկայանի ՝ (1), Ա1+ -ի  (2),  Առաջին լրատվականի (3 ),«Երկրի հարցը» հաղորդաշարի (4 )տեսանյութերից: 

Լուսանկարը՝  www.nyut.am 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված