Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիներն անվճար բուժում կստանան



Առողջապահության նախարարության կողմից հարուցվել է վարչական վարույթ Քաջարանի հիվանդանոցում քաղաքացիների՝ հեպատիտ C-ով վարակվելու դեպքի առթիվ: Դրա շրջանակներում ստեղծված հանձնաժողովը երեկ Քաջարանի հիվանդանոցի տարբեր ստորաբաժանումներում  կատարել է ուսումնասիրություններ, որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի որոշակի խախտումներ։ Բացի այդ՝  բերվել են արյան նուշմներ, որոնք դեռևս պետք է հետազոտվեն։ 

Այս մասին հայտնեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր կայացած ասուլին: Նա տեղեկացրեց, որ հետազոտման արդյունքները տրամադրվելու են Սյունիքի մարզի քննչական կոմիտեին։ 

Փոխնախարարը նշեց նաև, որ 2014թ. ընթացքում տվյալ հիվանդանոցում վիրահատված (մոտ 191  մարդ),  ինչպես նաև արյան հետ շփում ունեցող ողջ բուժանձնակազմը ենթարկվելու է ստուգման։  

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետարան «Քաջարանի բժշկական կենտրոն»-ից ահազանգ էր ստացվել, որ 7 մարդ է վարակվել հեպատիտ С-ով։ Այն փոխանցվում է արյան միջոցով՝ վատ ախտահանված բժշկական գործիքենրի և արյան փոխներարկման միջոցով։ Հունվարի 17-ին «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով  7 մարդկանց մոտ հայտնաբերվել է հեպատիտ С։

Դեպքի կապակցությամբ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

«Քաջարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ավագյանն այս պահին երկրում չէ: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ չունի. 2014թ,ի սեպտեմբերին նա մեկնել է վերապատրաստման, վերադարձից որոշ ժամանակ հետո նա երկրից հեռացել է, իսկ թե որտեղ է հիմա, հայտնի չէ։

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ պետք է հստակորեն տարանջատել  արդեն հիվանդացածներին  և վարակակիրներին. «Վարակված, դեռևս չի նշանակում հիվանդ»,-շեշտեց Ա.Ասոյանը։ Նա նաև ավելացրեց, որ քաղաքացիներին օգնելու համար, բացի պետական միջոցներից,  կա ևս մեկ «աղբյուր» (թե որն է այդ աղբյուրը, նա այդպես էլ չբացահայտեց), որը ֆինանսապես կաջակցի վարակված քաղաքացիներին։  Վ.Պողոսյանն էլ ավելացրեց, որ հիվանդներից մեկն արդեն բուժվում է Կապանի հիվանդնոցում. «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի նրանց առողջացման բոլոր խնդիրները լուծենք»,- ասաց փոխնախարարը:

 «Հետքի» այն հարցին, թե բացի վարակված մարդկանց անվճար բուժօգնության տրամադրումից, առողջությանը հասցված վնասի այլ փոխհատուցում լինելու  է, թե ոչ, Վ. Պողոսյանը պատասխանեց, որ այդ հարցն արդեն դատարանը պետք է լուծի. «Երբ իրավապահ մարմինները կավարտեն քրեական գործը, կլինի դատական պրոցես, դատարանը կորոշի՝ թե ով պետք է ինչ փոխհատուցի՝  և՜ բուժման ծախսը, և՜ բարոյական վնասը»։

Հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար փոխնախարարը հորդորեց բոլոր բուժհաստատություններին պահպանել առողջապահության նախարարության կողմից սահմանված նորմատիվ ակտերն ու իրականացնել անվտանգ գործունեություն՝ քաղաքացիների առողջությանը չվնասելու համար։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված