Կիրակի, 20 հոկտեմբերի

2015-ի հունվարից հայերը ՌԴ-ում կաշխատեն առանց թույլտվության և արտոնագրի



Երեկ ՝ դեկտեմբերի 10-ին, Ռուսաստանի Պետդուման միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի վավերացմանը։ Սակայն Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներից գործատուները դեռևս աշխատանքային թույլտվություն և արտոնագիր են պահանջում։ Այդ մասին «Հետք»-ին գրել էր Սանկտ-Պետրբուրգում աշխատող Սերգեյ Դարբինյանը։ Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի վերջին, ու, չնայած որ 2015թ. հունվարից Հայաստանը դառնալու է ԵՏՄ անդամ, գործատուն իրենից, ինչպես նաև այլ հայ աշխատողներից աշխատանքային թույլտվություն է պահանջում:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ տեղեկացրեց. «2015թ. հունվարի 1-ից սկսած` ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործելու է աշխատանքի միասնական շուկա, ինչից հետևում է, որ ՌԴ-ում աշխատող մեր քաղաքացիները աշխատանքի նոր թույլտվություն կամ արտոնագիր ստանալու անհրաժեշտություն չունեն»։

Մենք  նաև կապվեցինք ՌԴ-ում միգրացիոն հարցերով զբաղվող «Альянс ТМ» ընկերության իրավաբան Ելենա Միրոնովայի հետ, ով, նշեց, որ դեռևս հստակորեն չի կարող փաստել, որ աշխատաշուկայում հայերն արտոնություններ կունենան. «Ցավոք, մենք դեռևս այդպիսի տեղեկատվության չենք տիրապետում, քանի որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի մտել Եվրասիական միություն։ Այնպես որ, մինչ այդ անհրաժեշտ է աշխատել աշխատանքի թույլտվությամբ կամ արտոնագրով»:

Հիշեցնենք, որ մինչ այժմ հայերը ՌԴ-ում աշխատելու համար պետք է ունենային աշխատանքային թույլտվություն կամ արտոնագիր։

Ի՞նչ տարբերություն արտոնագրի և աշխատանքային թույլտվության միջև

«ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին»  օրենքում հստակորեն մատնանշվում է արտոնագրի և աշխատանքի թույլտվության տարբերությունը։ Աշխատանքային թույլտվությունն անհրաժեշտ է, եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է աշխատանքի անցնել իրավաբանական անձի մոտ, այսինքն՝ որևէ ձեռնարկությունում, կազմակերպություն և այլն։ Այն տրվում է ՌԴ ժամանելու օրվանից առավելագույնը 1 տարի ժամկետով։

Արտոնագիրն իրավունք է տալիս աշխատել ֆիզիկական անձանց մոտ, եթե աշխատանքը կապված չէ ձեռնարկատիրական գործունեության հետ։ Օրինակ՝ զբաղվել վարձու աշխատանքով, անհատական, կենցաղային և այլ համանման այլ աշխատանքներով։

Միգրացիայի հարցերով զբաղվող տարածքային իշխանական մարմինը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում արտոնագիր տրամադրել կամ հայտնել այն տրամադրելու մերժման մասին։

Բացի այդ՝ 2015թ. հունվարի 1-ից ՌԴ-ում աշխատել ցանկացող բոլոր օտարերկրացիները պարտավոր են հանձնել քննություն։ Այն բաղկացած է լինելու 3 մոդուլներից՝ թեստային քննություններ` ռուսերենից, Ռուսաստանի պատմությունից և օրենսդրությունից։

Լուսանկարը` www.kazved.ru


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված