Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ցուցմունքը



Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց հոկտեմբերի 27-ին սկսված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի գործով  դատական նիստը: Այսօր ցուցմունք  է տվել Դիլհամ Ասկերովը: Դիլհամ Ասկերովը անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրում է հունիսի 11-ին Քարվաճառում վնասազերծված ու ոչնչացված Հասան Հասանովին: 

Ո՞վ է Դիլհամ Ասկերովը 

Ցուցմունքի  համաձայն՝ ծնվել է Վարդենիսի շրջանի Ազիզլու գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են Քարվաճառի Չախլար գյուղ: 1992 թվականին զորակոչել են փոխգնդապետ Յուսիֆ Թեմուրովի գումարտակ: 1993  թվականին ռազմական հեղաշրջումից հետո բոլորին ձերբակալել են Հ.Ալիևի հրամանով, սակայն նա, ինչպես շատերը, ժամանակին հասցրել է փախուստի դիմել ՌԴ:  Ներումից հետո վերադարձել է հայրենիք, սակայն պարբերաբար մեկնել էր Ռուսաստան սեզոնային աշխատանքի:

Սահմանի առաջին հատումը

1998 թվականին, ըստ նրա ցուցմունքի, սահմանը հատել է ծնունդով քելբաջարցի հովիվի հետ, ով լավ գիտեր տեղանքը: Ասկերովը  Չախլար գյուղում լուսանկարել է գերեզմանոցները, եղբոր շիրմաքարը: «Երկու գիշեր մնացել ենք գերեզմանոցներում: Հետո նույն ճանապարհով վերադարձել ենք Ադրբեջան»: Ասկերովի այցելության մասին ուժային կառույցներում իմացել են, թեև ոչ մեկին չի ասել: Այդ պատճառով էլ տեփափոխվել է ՌԴ:

Դիլհամ Ասկերովը  ԼՂՀ պետական սահմանը հատել է 6 անգամ՝ 1998 թվականին, 1999, 2005, 2007-ի հունիսին ու սեպտեմբերին և 2014 թվականին:

Հանդիպում Շահբազ Գուլիևի հետ

Ռուսաստանում պատահաբար հանդիպել է Շահբազ Գուիևի հետ: «Նրա դեմքը ծանոթ թվաց ինձ: Հիշեցի, որ հանդիպել եմ պատերազմի ժամանակ, նա սանիտար էր»,- ցուցմունքում ասաց Դիլհամ Ասկերովը:

Երրորդ  անգամ սահմանը հատեցին Շահբազ Գուլիևի հետ, մինչ այդ՝ ոմն Ռաֆֆիի հետ, ում հայրը թաղված էր նույն գերեզմանոցում. «Շահբազ Գուլիևի հետ արդեն տեսախցիկով էինք գնացել, ոչ թե լուսանկարչական սարքով»: 

Սահմանը հատելու նպատակը

Ասկերովը պնդում է, որ Շահբազի հետ սրճարան հիմնելու նպատակ կար, որտեղ պիտի ցուցադրվեին տեսանյութեր Քարվաճառից: Իսկ մինչ այդ պարզապես այցելում էր եղբոր շիրմաքարին: Մի անգամ էլ այցելել է հանուն գումարի. Աղդաբան գյուղում ծնված ոմն Վագիֆ 400 մանաթի դիմաց  խնդրել է իրեն ուղեկցել հայրենի գյուղ, որտեղ զենք ուներ թաղված. «Այն ժամանակ նաև նկարահանեցի զինվորակաների»:  Հետագայում Ասկերովը չեղյալ է համարում սրճարան հիմնելու մտադրությունը, քանի որ համացանցում տարածվել էին մեծ քանակությամբ տեսանյութեր Քարվաճառից: 

Վերջին  այցելությունը, ըստ Դիլհամ Ասկերովի, հանուն ոսկու էր: Ծնունդով Քարվաճառից մեծ հարստության տեր Ջաբիրը ասել է, որ 4 կիլոգրամ ոսկի կա թաղված այնտեղ: Նա էլ, ըստ Ասկերովի, հենց սպառազինել է. «Ես ուզում էի իմ վինչեստերը վերցնեի, ասացին, որ ավելի լավ զենքեր կտան…»: Իսկ Շահբազ Գուլիևը իր ցուցմունքում նշել էր, որ զենք-զինամթերք ստացել էր մինչ սահմանը հատելը՝ Դաշքեսանի կողմերում. «Առավոտյան երբ արթնացանք, Հասանը արդեն զենք-զինամթերքով էր, ասաց՝  անտառում գազաններից պաշտպանվելու համար է»:

 Ո՞վ է սպանել Սմբատ Ցականյանին

Ասկերովը դատավարության ընթացքում բազմաթիվ անգամ նշել է Հասան Հասանովի հետ լարված հարաբերությունների մասին, ով ֆիզիկապես ամենաուժեղն էր խմբում. «Անտառում էինք, նոր էի զարթնել, երբ մի տղա կեռասենուց ճյուղեր էր նետում Հասանին»: Ըստ Ասկերովի, հաջորդ օրը շարժվելիս 500 մետր հեռու էր, երբ Հասանը հասավ իրեն, առանց երեխայի էր. «Բա որտե՞ղ է տղան» հարցիս պատասխանեց, թե փորն էր ցավում,  բաց թողեցի: 100 տոկոս, սպանողը նա էր»:

Ասկերովը Հասանովին բնութագրում է որպես դաժան մարդ, բոլոր մեղքերը բարդում է նրա վրա ու համարում КГБ-ի գործակալ. «Դրա մասին վերջում իմացա»:

«Հնարավո՞ր է Հասանը չկա, դրա համար եք սպանության մեղքը նրա վրա բարդում»

Որպես հավելյալ տեղեկություն, ներկայացնում ենք հատվածներ Դիլհամ Ասկերովի հարցաքննությունից

-Ձեզ որևէ մեկը հովանավորու՞մ էր:
-Ջաբիրը ինձ դրամ տվեց տեսախցիկի համար, իսկ Հասանը գումար՝ վարկս մարելու նպատակով:
-Ո՞ր թվականի մասին է խոսքը:
-2014, ապրիլ ամիս:
-Եղել են դեպքեր, երբ նախքան սահման հատելը հանդիպել եք որևէ ուժային կառույցի աշխատակցի հետ:
-98 թվականին: Բայց դրանից հետո Ռուսաստան եմ հեռացել:
-Ովքե՞ր էին:
-Մեկը դատախազ էր, մյուսը՝ ոստիկանության աշխատակից: Լուսանկարները պատռել ու բաց են թողել:
-Նրանք գիտեի՞ն սահմանը անցնելու մասին:
-Ուշ իմացան, հնարավոր է ինչ-որ բան էին ուզում....
-Որևէ առաջադրանք նրանց կողմից եղե՞լ է:
-Ոչ:
-Իսկ որևէ զինվորական օբյեկտ լուսանկարել եք:
- Չեմ ժխտում: Ինչ տեսել, նկարել ենք:
-Վերջին այցելության ժամանակ ի՞նչով էիք զինված:
-Ինքնաձիգեր, ատրճանակներ, նռանակներ ու դանակներ:
-Վերջում ինչու՞ չարձակեցիք անչափահասին:
-Պիտի այդպես անեի, սակայն դա իմ ուժերից վեր էր… սպանության ժամանակ ես բավականին հեռու էի…
-Հնարավո՞ր է Հասանը չկա, դրա համար եք սպանության մեղքը նրա վրա բարդում
-Ոչ:
-Ձեր հարաբերությունները նորմալ են Շահբազ Գուլիևի հետ:
-Այո:

Դատականը նիստը կշարունակվի վաղը: 

Լուսանկարը՝ artsakhpress.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված