Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

Էջմիածնի հիվանդանոցը սպասում է վերանորոգման իր հերթին



Էջմիածնի 40 տարի առաջ կառուցված հիվանդանոցը երբեք կապիտալ չի վերանորոգվել: Հիվանդանոցը սպասարկում է քաղաքի և շրջակա գյուղերի 120 000 բնակչությանը: Հիվանդանոցն ունի 2 մասնաշենք․մեկը կառուցվել է 1972թ․, մյուսը՝ 1980-ին։ Տարբեր տարիների հիվանդանոցի որոշ բաժանմունքներում կատարվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնակիորեն թարմացրել են հիվանդանոցի արտաքին տեսքը։

ՀՀ առողջապահության նախարարության 2014թ․ գերակա 4 խնդիրներից մեկը մարզային բժշկական հաստատությունների վերանորոգումն ու վերազինումն էր։ Ակնհայտ է, որ Էջմիածնի հիվանդանոցն այս տարի չի վերանորոգվի:

«Մենք մեր միջոցներով միշտ կարողանում ենք կատարելայդ ընթացիկ վերանորոգումները»,- ասում է հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանը: Նա հիվանդանոցի տնօրենն է 1998-ից։ Մեզ հետ զրույցում Վաչագան Մկրտչյանը պատմեց, որ վերանորոգման հարցը պարբերաբար   արծարծվել է եւ դեռևս նախկին նախարարի՝ Դերենիկ Դումանյանի օրոք «հարցը մտցրել էին ծրագրի մեջ»: Բայց նախարարը փոխվել է, փոխվել են նաեւ հիվանդանոցին վերաբերող ծրագրերը։ Այժմ նոր նախարարի հետ այդ ծրագրի քննարկումը պետք է նորից սկսվի։

 «Մինչ այդ,-ասում է տնօրենը,- արդեն Արմավիրի մարզպետարանի հետ ջեռուցման, նոր՝ եվրո դուռ-լուսամուտ դնելու և առաստաղի վրա աշխատանքներ իրականացնելու ծրագիր կա»։ Նա հավաստիացրեց, որ այդ աշխատանքների համար հատկացվելու է  127 մլն դրամ: Նախկինում հիվանդանոցը տաքացվում էր «տեներով», սակայն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով դա այլևս ձեռնտու չէ։

Վ․ Մկրտչյանը հույս է հայտնում, որ Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի հետ միասին առաջիկա 1-2 տարիների ընթացքում հիմնովին կվերանորոգեն հիվանդանոցը։ ԾԻԳ-ի կայքում Էջմիածնի հիվանդանոցի վերանորոգման վերաբերյալ որևէ ծրագիր մեզ չհաջողվեց գտնել։ Քանի որ հիվանդանոցը գտնվում է Արմավիրի մարզպետարանի ենթակայության տակ, հարցում ուղարկեցինք մարզպետ Ա․ Ղահրամանյանին՝ ճշտելու, թե մարզպետարանն ինչ քայլեր է ձեռնարկում հիվանդանոցը վերանորոգելու ուղղությամբ, և ներառվա՞ծ է այն, արդյոք, 2015թ․ ծրագրերում։ Մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ հիվանդնանոցի վերանրոգման հարցն «այժմ քննարկվում է Արմավիրի մարզի բարեկամ-գործընկեր Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ և ակնկալվում է, որ այն առաջիկայում լուծում կստանա»։

Վ․Մկրտչյանի խոսքերով` հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և սարքերով (բացի համակարգչային տոմոգրաֆից), պարզապես դրանք ժամանակակից չեն։ Մեր այցելության պահին հիվանդներից մեկը պալատից ձայն տվեց՝ «գրեք, որ սառնարան չկա, ուտելիք  չենք կարողանում պահել»: Բայց սառնարանը առկա խնդիրների ցանկում, թերևս, վերջին տեղերում է։ Նույն այդ հիվանդին ներարկվող դեղը կախված էր ոչ թե շտատիվից, այլ պատի վրա խփված մեխից։ 

«Մեզ մոտ 24-ժամյա ջրամատակարարում է,- ասում է Վ.Մկրտչյանը։- Ջուր ունենում ենք այնքան, ինչքան լինում է քաղաքում․երբ որ ջրագծերն էլ փոխվեն, խնդիրը կկարգավորվի»։ Տնօրենն ասում է, որ  հիվանդանոցում ջրավազան կա, անհրաժեշտության դեպքում այդ ջուրն օգտագործվում է։

Սակայն, որոշ կաբինետներում և հիվանդասենյակներում կարելի էր տեսնել պլաստիկ շշերով և դույլերով հավաքած ջուր։

Հարցին, թե ինչու են ջուրը պահեստավորել, եթե 24-ժամյա ջրամատակարարում կա, հիվանդները պատասխանեցին, որ «ջուր գալիս է օրվա մեջ 2 անգամ»՝ առավոտյան և երեկոյան ժամերին, այդ պատճառով էլ այն «հավաքելու» կարիք է լինում։ 

Լողանալու համար ջուրը կաթսաներով պետք է նախօրոք տաքացնել։

Այդ պատճառով մարդիկ բաղնիքից այդքան էլ հաճախ չեն օգտվում, իսկ զուգարանից հաճախ չօգտվել չեն կարող: «Էն անգամ էս դռան վերևի քարը ընկնելու էր հիվանդներից մեկի գլխին․բախտը բերեց»,- պատմում է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը։

Տանիքի թիթեղներն այնքան են մաշվել, որ անձրևների ժամանակ ջուրը ներս է հոսում։ «Մի անգամ հիվանդին բոքսից գրկել, իջացրել եմ ուրիշ պալատ, որովհետև ջուրը կաթում էր» ,- պատմում է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը (աշխատակիցներից ոչ մեկը չցանկացավ իր անունով հանդես գալ-հեղ.)։ Ջրի արտահոսքից էլ խոնավանում են պատերը:  

Բայց այս ամենով հանդերձ՝ հիվանդանոց գնացողների թիվը չի նվազել:

«Հիվանդների հոսքը շատ է,- նշում է Վ․Մկրտչյանը։- Մարդիկ նույնիսկ  օրեր առաջ հերթագրվում են մեզ մոտ պառկելու համար»։ 

Թեև տնօրենն վստահեցնում է, թե ամեն ինչ անելու է, որ մինչև իր թոշակի անցնելն այս հարցը կարգավորված լինի, սակայն աշխատակիցներից ոմանք թերահավատ են: «Ինչքա՜ն ժամանակ է՝ մարզպետը գալիս է, նախարարն է գալիս, խոստանում են, հինը մոռանում է, նորն է գալիս ու ոչինչ չի փոխվում»,- ասում էաշխատակիցներից մեկը։
Արդյունքում 120 000 մարդ սպասարկող քաղաքի միակ հիվանդանոցը դեռ սպասում է որևէ ծրագրում հայտնվելու իր հերթին։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված