Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

«Խոյ» ՋՕԸ-ի տնօրենը զգուշացնում է՝ եթե հոդվածը չփոխվի, գյուղի համար վատ կլինի



Երեկ «Հետքը» հոդված էր հրապարակել Էջմիածնի տարածաշրջանի եզդիաբնակ Ֆերիկ գյուղի  և տեղի որոշ խնդիրների մասին։ Նյութում մասնավորապես խոսվում էր նաև ոռոգման ջրիպատճառով անմշակ մնացած հողերի մասին։ Այսօր «Հետք» էր զանգահարել  Ֆերիկի գյուղապետ Նորիկ Հայրապետյանը։ Նա պնդում էր, որ դա «աբսուրդ է», և գյուղը ոռոգման ջրի  խնդիր չունի:

«Դա մեր տարածաշրջանի ամենաջրառատ գյուղն է եղել,- ասում է գյուղապետը,- հետո էլ՝ սա եզդիրների գյուղ է , որ տերմինոլոգիային լավ չեն տիրապետում, բառերին լավ չեն տիրապետում, երբեմն էլ ասածը ճիշտ չի ընկալվում» : Թյուրիմացության պատճառով էլ, ըստ նրա, այժմ իրենց գյուղի ջուրը կտրել են․ «Եկել են արտեզյաններն անջատել են ոռոգման ջրի,-  պատմում է Նորիկ Հայրապետյանը,-  ասում են՝ դուք բողոքել եք՝ ջուր ունենալով հանդերձ, հիմա էլ անջատել են, ասում են՝ ոռոգման սեզոնը վերջացել է, երբ որ դուք ոռոգման տարածք կունենաք, կմիացնենք, իսկ այդ արտեզյանը մեզ համար օրհասական է եղել․դա օգտագործել ենք իբրև խմելու և ոռոգման ջուր»:

«Խոյ»  ՋՕԸ-ի տնօրեն Սեյրան Սարգսյանը  մեզ հետ զրույցում երկար պատմեց, թե իրենք ինչքան ջուր են մատակարարում այդ գյուղին, և նույնիսկ ամռան - ձմռան ամիսներին գյուղացին օգտվում է խորքային հորերի ջրից։  Ֆերիկին միշտ «ուրիշ աչքով են նայել»՝ իբրև ազգային փոքրամասնության, սակայն այժմ  գյուղացիները կզրկվեն այդ ջրից․«Հիմա ես  չեմ տա էդ ջուրը։ Դուք մտածում եք, որ 2015 թ.-ին ես այդ խորքային հորերը կմիացնեմ, որ իրենք ջու՞ր խմեն, չարաչար սխալվում եք»,- ասաց  «Խոյ» ՋՕԸ-ի տնօրենը։ Նա նաև հերքեց, որ մեկ հեկտար առվույտ հողատարածքի ոռոգման ջուրը թանկացել է:

Այն հարցին, թե ինչու՞ են իրենք անջատել ոռոգման արտեզյան ջուրը և ինչու՞ այժմ Ֆերիկը ջուր  չունի, նա՝ նախ պատասխանեց, որ այդպիսի բան չի եղել․ «Ձեզանից եմ լսում, թե ասում եք՝ ջուր չեմ տալիս, մենք ջուրը չենք կտրել, հիմա ջրի պահանջարկ էդ գյուղը չունի,- ապա ավելացրեց,- վերևի մասն ենք  ջուրը կտրել, քանի որ ոռոգման սեզոնը համարյա ավարտվել է»:

Նա նաև նշեց, որ այսուհետ գյուղը «դնելու է չափի տակ»  ու « կովերին էլ ջուր չի տալու»:  «Հմի էդ իրանց խմելու ջուրն ա, խմելու ջուր չենք տալիս, ի՞նչ եք ուզում,- ասաց Ս․ Սարգսյանը,- թող գնան վերցնեն իրենց նասոսը»:

Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավար Շարո Մանոյանին, ով զրուցել էր մեզ հետ և պատմել ջրի թանկացման մասին, Սեյրան Սարգսյանն ասաց, որ այսուհետ ինքը նրա «ջուրը ևս կչափի» և «կզրկի խմելու և լողանալու ջրից»:

Լուսանկարում` գյուղապետ Նորիկ Հայրապետյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մհո09:13 - 11 հոկտեմբերի, 2014
Բա ոնց, Եզիդի ախպեր! Պետի վրա բողոքես, համ էլ ուզածիդ չափ ջուր խմես? Հայ - հայ՜:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված