Երկուշաբթի, 21 հոկտեմբերի

Ֆերիկը շուտով վերանորոգված դպրոց կունենա, իսկ խմելու ջուր՝ դեռևս ոչ



Հողոտ և աթարի կտորներով լցված նեղլիկ ճանապարհները իրար են միացնում քարաշեն և «մաշված» տները: Ճամփեզրին հանդիպող կովերն տարբեր տեղերում կանգնած ալարկոտ որոճում էին, հեռվից երևում են տանիքներին հավասար դարսված խոտի չորացած դեզերը։

Գյուղի հենց սկզբնամասում մեծ տառերով գրված է` ՖԵՐԻԿ:

Ֆերիկն Էջմիածնի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղ է։ Այնտեղ գրանցված է 600, իսկ փաստացի ապրում է մոտ 300 հոգի։ Ֆերիկում մարդիկ իրենց խնդիրների մասին խոսել չեն սիրում. նրանք առհասարակ շատ զգուշավոր են, խուսափում են անծանոթների հետ շփվելուց: Նախքան որևէ բան ասելն էլ անպայման հետաքրքրվում են` արդյոք ուրիշների հետ խոսել ենք, և ինչու ենք հենց իրենց մոտ եկել:

Ոռոգման և խմելու ջուրը

Ֆերիկում սովորական գյուղական առօրյա է, միայն թե հողի մշակները չկան․ոռոգման ջուր չկա։ 130 հեկտար հողի համար գյուղը տարեկան վճարում է  2 մլն դրամ հողահարկ, սակայն մեծ մասն այդպես էլ  անմշակ է մնում։ Ոռոգման ջրի հարցը գյուղի համար նոր չէ: Գյուղապետը` Նորիկ Հայրապետյանը, բազմիցս  դիմել է բոլոր հնարավոր ատյաններին ` հասնելով մինչև վարչապետ և նախագահ։ 


«Ողջ Հայաստանով, երևի մենակ մեր «ՎիվաՍելլ»-ի նախագահին չենք դիմել»,- ծիծաղելով ասում է աշխատակազմի ղեկավար Շարո Մանոյանը: Պատասխանի հիմնական բովանդակությունը եղել է հետևյալը` «լուծել միջոցների առկայության դեպքում» :

«Խոյ» ՋՕԸ կազմակերպությունն ապահվում է ջրով, բայց այն բավականացնում է օրվա ընթացքում ընդամենը մի քանի ակոս ջրելուն: Վերջերս էլ  20 000 դրամով  թանկացրել է  մեկ հա առվույտի ոռոգման գինը:

«Առաջ մեր 1 հեկտար կարտոշկեն, եգիպտացորենը մոտ 51 000 դրամ  էր, հիմա դարձրել են 71-72 000. ասում են՝ գերնորմատիվ հողեր ունեք, ջրի շռայլում է լինում»,- նշում է  Շ. Մանոյանը:

Հորի ջուրն արտեզյան է, օգտագործվում է միայն կենցաղային նպատակներով: Շ. Մանոյանի խոսքով` մեկ հոր ունենալը հազվագյուտ երևույթ է, բաղնիք էլ ոչ բոլորն ունեն, հիմնականում «թեշտում» են լողանում: Բայց հոր փորելն էլ դեռ ջուր ունենալու երաշխիք չէ . պատահում է, որ նույնիսկ 17-20 մետր խորությամբ հոր են փորում, բայց ջուր այդպես էլ չի լինում։

Խմելու ջրի համար գյուղի բնակիչները հասնում են հարևան Հայթաղ գյուղ: Շատերն էլ չեն գնում. արտեզյան ջուր են խմում:

Ճանապարհը և տրանսպորտը

Գյուղից որևէ տեղ գնալն էլ հեշտ չէ․ճանապարհները դժվարանցանելի են։ Գյուղի միակ տրանսպորտային միջոցը տասնամյակներ ծառայող ավտոբուսն է, որը սպասարկում է օրվա մեջ 2 անգամ`առավոտյան ժամը 9:00-ին, և 12։30-ին:

Գյուղացիները դժգոհում են. ստիպված կամ մեքենա են վարձում, կամ հարևանի մեքենայով են մի տեղ գնում։ Գնալու տեղ էլ այդքան շատ չունեն․ հիմնականում մթերքները՝ լոբին, վարունգը, կանաչին տանում են շուկա:


«Պետությունը չի կարա էդ խնդիրը լուծի․ օրինակ` կտա՞ իրա ավտոն, ասի՝ տար, ապրանքդ ծախի»,-ասում է գյուղացիներից մեկը:

Ֆերիկում աղբահանություն չի իրականացվում. մարդիկ հավաքում են աղբն ու սայլակով տանում, թափում են մոտակա ամայի տարածքներում։ Գյուղապետարանում ասում են` կառավարությունից  ստացած  դոտացիան չի բավականացնում խնդիրներին լուծում տալու համար, համայնքային բյուջեի միջոցներն էլ սուղ են:

Դպրոցը

Գյուղի միակ դպրոցում այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ․42 աշակերտ ժամանակավորապես տեղափոխվել է գյուղապետարանի շենք։ Տնօրեն Լևոն Պողոսյանի խոսքով` մարզպետարարանը 49 մլն դրամ է հատկացրել դպրոցի վերանորոգման համար: Մրցույթը շահած Գագիկ Բիշարյանին պատկանող «Իմպերիալ-Տուր» ՍՊԸ-ն մինչև այս տարվա հոկտեբմերի 20-ը «խոստացել է «հանձնել դպրոցը» վերանորոգված վիճակում»։


Միայն թե նորոգված դպրոցում, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, գազաֆիկացում չի լինելու։ Գազի խողովակն անցնում է դպրոցի կողքով, բայց դպրոց չի մտնում։ «Գոնե թող պետությունն էլ օգնի,- ասում է Շ.Մանոյանը,- մի բան դնենք, գազաֆիկացում անենք, որ նաև մաքուր լինի»:

Դպրոցի տնօրեն Լ.Պողոսյանն առաջարկում է ացնել ջեռուցման մեկ այլ տարբերակի` դպրոցում օդորակիչներ տեղադրել . «Եթե անցնենք գազաֆիկացման, առանձին կատելնի պետք է լինի, ինձ հատկացված բյուջեն էլ չի բավարարելու դպրոցը ջեռուցելուն»։

Դպրոցը նաև կադրերի պակաս ունի․ չկա ֆիզիկայի, կենսաբանության մասնագետ, ուսուցիչներն իրար են փոխարինում:

«Քիմիկս նաև պարապում է կենսաբանություն, -ասում է տնօրենը,- որովհետև երկար տարիների փորձի շնորհիվ` 1975թ․-ից, ինքն է պարապել և արդեն, ինչպես ասում են, բովված, թրծված է»։ Աշակերտների սակավության պատճառով դասարանները համակազմ են` 2-3-րդ, 5-6-րդ, 7-8-րդ դասարանները՝ համատեղ, 9-ը` առանձին։

«Մի դասաժամի ընթացքում ուսուցիչը կես ժամաքանակով աշխատում է մի մասի հետ, մյուս կեսը՝ մնացած մասի»,- պարզաբանում է Լ.Պողոսյանը:

Մարզպետարանի կարգադրությամբ` դպրոցի մի մասը բուժկետ են դարձրել։ Բուժկետն ունի մեկ բուժքույր և առաջին օգնության համար նախատեսված դեղորայք: Գլխավոր սպասարկման կետը Հայթաղում է:

Առաջին լուսանկարում` Ֆերիկի դպրոցը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված