Կիրակի, 20 հոկտեմբերի

Պետպատվերով տրվող հնդկական դեղի ամենամեծ ներկրողը Հայաստանն է. հիվանդները դժգոհ են



Արդեն մի քանի ամիս է, ինչ Էջմիածնի բնակիչ Ա․Մ․ հրաժարվել է պետպատվերով իրեն հասանելիք հայկական արտադրության  «Կարբամազեպին» հոգեմետ դեղորայքից։ Պատճառը միանգամայն պարզ է․այն ոչ միայն չէր օգնում, այլև ավելի էր վատթարացնում  ինքնազգացողությունը: «Գլուխս սկսում էր պտտվել, սիրտս անընդհատ խառնում էր, մկաններս ձգվում էին»,-ասում է Ա.Մ.-ն։ Մինչ այդ նա  պոլիկլինիկայի կողմից տրվող համապատասխան ուղեցույցով դեղատնից ստանում էր «Ֆինլեպսին Ռետարդ»՝ իսրայելական «TEVA» ընկերության  դեղորայքը։

Դրանից բողոքներ չուներ, ոչ մի տարօրինակ զգացողություն օգտագործման ժամանակ չէր ունեցել։ 2013թ. հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներից Էջմիածնի պոլիկլինիկան «Ֆինլեպսին Ռետարդ» դեղի փոխարեն տրամադրում  է համարժեք հայկական արտադրանքը՝ «Կարբամազեպինը»:  Օգտագործելով այն և հասկանալով, որ ավելի վատ է իրեն զգում՝ Ա․Մ․ որոշում է այլևս չստանալ այդ դեղը։ Սկսում է սեփական միջոցներով ձեռք բերել  բազմիցս փորձված, իր համար վստահելի դեղորայքը։

«Եղել է այնպես, որ ապրիլ-մայիս ամիսներին նորից գնացել եմ դեղ ստանալու՝ էն հույսով, որ կարող ա նորից  «Ֆինլեպսին» տան, բայց էդ ժամանակ նույնիսկ հայկականն էլ չի եղել»,-ասում է Ա.-ն։ 
Նա հիշում է, որ հերթական անգամ դեղ ստանալիս վարիչի տեղակալ Բ․Կարապետյանն իրեն հարցրել է՝ «խմե՞լ եք էս դեղից․․․Դուք էլ եք բողոքում»։

 «Սկզբում «Ֆինլեպսին Ռետարդը» դեղատնից առնում էի 2600 դրամով, հետո՝ անցած տարի դարձավ 4200 դրամ, հետո 5300, հիմա՝ 6800 դրամ է»։  Իսկ վերջերս էլ հազիվ է կարողացել գտնել այդ դեղը, այն էլ ընդամենը՝ 2 տուփ:  Այժմ չգիտի՝ ինչ անի, մտածում է արտասահմանում ապրող  ծանոթներին խնդրել, որ ուղարկեն։
Փորձեցինք պարզել ինչու շուկայում չկա «Ֆինլեպսին Ռետարդ», կապ հաստատեցինք մի շարք խոշոր դեղագործական ցանցերի, ինչպես նաև մասնավոր դեղատների հետ։
«Գեդեոն-Ռիխտեր» ընկերության դեղագետ Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն 6-7 ամիս է , ինչ իրենք  «Ֆինլեպսին Ռետարդ» չեն ներկրում․պատճառն այն է, որ իրենք  ներկրում էին Ուկրաինայում գտնվող «TEVA» ընկերության պաշտոնական ներկայացուցչից, բայց այնտեղի վերջին ներքաղաքական զարգացումների պատճառով ներկրումը դադարեցվել է․պարզվել է, որ «TEVA» ընկերությունը կապեր ուներ Ուկրաինայի նախկին նախագահ Վ․ Յանուկովիչի հետ։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք  հետագայում համագործակցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, Ս․Գրիգորյանը դժվարացավ պատասխանել։ Նույն պատճառով է, որ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունում ևս  «Ֆինլեպսին Ռետարդ» դեղը բացակայում է։ «Նատալի-Ֆարմ» ընկերության ներկայացուցիչը «ուկրաինական գործոնը» բացառեց, պարզապես ասաց՝ չկա և առաջիկայում չի լինելու։

Ի՞նչ տարբերություն՝ հայկական «Կարբամազեպի՞ն», թե իսրայելական «Ֆինլեպսին»   

«Կարբամազեպին» հոգեմետ դեղորայքն արտադրում  է «Արփիմեդ» ՍՊԸ-ն Աբովյան քաղաքում։ Ընկերության հիմնադիրները, ըստ պետռեգիստրի տվյալների, Վաչագան Ղազարյանը և Արտակ Հարությունյանն են։ Դեղերի պետական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ «Արփիմեդ» ընկերության «Կարբամազեպին» դեղը տեղական շուկա ներմուծման իրավունք ունի մինչև 2014թ․սեպտեմբերի 26-ը։

«Արփիմեդ»-ի կողմից արտադրվող դեղորայքը սպառվում է ոչ միայն հայաստանյան շուկայում,  այլև արտահանվում է մի շարք երկրներ, ինչպիսիք են՝ Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը, Ուզբեկստանը և Քաթարը: «TEVA» իսրայելական ընկերությունն ունի մոտ 100 տարվա պատմություն և դեղագործարաններ ՝ աշխարհի շուրջ 44  երկրներում։

«Կարբամազեպին»-ը համարվում է ջեներիկ կամ գեներիկ-ընդհանուր դեղորայք։ Ջեներիկ դեղն արտադրվում է նույն հումքով և տեխնոլոգիայով, ինչ այլ անունը կրող համարժեք բրենդային դեղը։ Այն շուկա է դուրս գալիս իր գլխավոր ակտիվ նյութի անվանմամբ և ունի անհամեմատ ավելի ցածր գին։ (Որպես օրինակ` 50 դեղահաբ «Ֆինլեպսին»-ը՝ 4200-6800 դրամ, «Կարբամազեպին»-ը՝ 750 դրամ):  Բացի այդ, օրիգինալ՝ պատենտավորված դեղորայքից տարբերվում է բաղադրության մեջ առկա հավելանյութերով և արտադրման տեխնոլոգիայով։ Այսպես օրինակ ՝ «Ֆինլեպսին Ռետարդ» դեղի գլխավոր «հումքը» կարբամազեպինն է։ Որակական առումով այն պետք է որ նույն ազդեցությունն ունենա, քանի որ քիմիական ակտիվ տարրը նույնն է։

Բայց, վերը թվարկված տարբերությունների շնորհիվ, «Ֆինլեպսին»-ը  սովարական կարբամազեպինի համեմատ  ունի երկարաժամկետ ազդեցություն և այդ իսկ տեսանկյունից ավելի անվտանգ է: 

Հնդկական «անհայտ» դեղը, որի ամենամեծ ներկրողը Հայաստանն է 

Հնդկական «DiaZone MR» դեղը ջեներիկ դեղ չէ։ Այն գլիկլազիդ ակտիվ նյութ պարունակող դեղորայք է, որը պետպատվերով տրվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին՝ կարգավորելու արյան մեջ գլյուկոզայի քանակը և խթանելու ինսուլինի արտադրումը։

Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով տրվող դեղերի 2013թ․ի  ցանկում «DiaZone MR»  անվանումով դեղորայք չկար, փոխարենը կար՝ «Գլիկլազիդ 60մգ» անվանումը։

Էջմիածնի պոլիկլինիկայում 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցողներին պետպատվերով «DiaZone MR»  են տալիս։ Այն եկել է փոխարինելու նույն՝ գլիկլազիդ ակտիվ տարրն ունեցող ֆրանսիական «Diabeton»-ին։ Վերջին դեղից Մարուշ տատը բողոքներ չուներ։ Ամիսներ առաջ հերթական անգամ դեղ ստանալու ժամանակ, «Diabeton»-ի փոխարեն իրեն  տալիս են «DiaZone-MR» դեղը։ «Ի՞նչ անեմ, սկսեցի էդ դեղը  խմել, հիմա իմ համար ի՞նչ տարբերություն «Դիազոն» ա, «Դիաբետոն» ա , էն էլ չէ, զգացի, որ առաջվանից վատ եմ զգում»։ Բացի այդ, Մարուշ տատը դժգոհում է դեղի տհաճ համից, որ երկար ժամանակ բերանից չի անցնում։ Այդ պատճառով էլ որոշում է դեղատնից գնել իր նախկին «Diabeton»-ը։ «Առաջ մի պլաստինկեն 700 դրամով էի առնում, հետո քիչ-քիչ դառավ 2000 քանի դրամ, հիմա հաստատ չեմ հիշում»,- ասում է Մարուշ տատը։

«DiaZone-MR»-ը հնդկական դեղորայք է: Այն արտադրում է «Perdaman Pharmaceutical Pvt. Ltd.» ընկերությունը։ Հայաստանում ներմուծման հավաստագիր ձեռք է բերվել 5  տարի ժամկետով՝ 2012թ հոկտեմբերից մինչև 2017թ․հոկտեմբեր։

Ըստ Հնդկաստանում գրանցված կազմակերպություններին  վերաբերող zauba.com-կայքի տվյալների՝ 2013թ․ի հունվարի դրությամբ Հայաստանը  միակ պետությունն էր, որ  ներկրում էր հնդկական  «DiaZone-MR 60 mg» դեղորայքը։ 2013թ. հոկտեբմեր, մայիս և 2014թ․հունիս ամիսներին Հայաստանին է միանում նաև հարևան Վրաստանը։ 

Ընդհանուր առմամբ՝  2013 հունվարից մինչև -2014թ. հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանը ձեռք է բերել  199,593 ԱՄՆ դոլարի (մոտ 80 մլն դրամ ) շուրջ 77 000 դեղորայք։ 

Հայաստանը հանդիսանում է տվյալ դեղորայքի ամենախոշոր ներկրողը։ Հաջորդը Վրաստանն է՝ մոտ 10000 դեղորայք ՝ 22 135 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Դեղի միջին գինը 2013-2014թթ․կազմել է 2,59 դոլար (մոտ 1050 դրամ):  Համեմատության համար՝ «Diabeton»-ի 30 դեղահաբի գինը ներկա պահին տատանվում է  4350-5100 դրամի սահմաններում։
Վերոնշյալ  3 դեղատների  ցանցերում, («Ալֆա-Ֆարմ», «Գեդեոն-Ռիխտեր», «Նատալի-Ֆարմ»), ինչպես նաև այլ՝մասնավոր դեղատներում «DiaZone-MR» դեղը ոչ միայն չեն վաճառում, նույնիսկ անունը երբևէ չեն լսել։ 

Վերահսկիչ պալատը 2013թ․ի տարեկան հաշվետվության մեջ փաստում է, որ գնումների ոլորտը դեռևս կարգավորված չէ․կան մի շարք թերություններ, որոնք պահանջում են համապատասխան լուծում և վերահսկողություն։ Թեև դեղերի կենտրոնացված գնումների շնորհիվ պետությունը կարողացել է զգալի խնայողություններ անել՝ 2014թ․ նվազեցնելով ծախսը 186 մլն 672 հազար դրամով, բայց  դրան զուգահեռ չի նվազել քաղաքացիների դժգոհության թիվը։ Առողջապահության պետական տեսչության աշխատակազմի տնօրենի տեղակալ Գոհար Փանաջյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք ևս բազմաթիվ դժգոհություններ են ստացել քաղաքացիներից մի շարք  դեղերի որակի վերաբերյալ՝ավելացնելով, որ ուրախ է որ «այդքան իրավագիտակից քաղաքացիներ ունենք»։ 

(շարունակելի)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված