Շաբաթ, 21 սեպտեմբերի

«Ժամանակն է ազատվել քաղաքը և քաղաքային տարածությունը պոստսովետական մտածելակերպով դիտելուց»



Հարցազրույց Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանի հետ։

Միքայել Օհանջանյանը, որն արդեն 14 տարի ապրում է Իտալիայում, այս տարվա հուլիսի 26-ին այդ երկրում տեղի ունեցած «Premio Henraux» (ֆրանսերեն՝ «Պրեմիո Անղո») քանդակագործության երկրորդ միջազգային մրցույթի հաղթողն է: Մրցույթը բացառապես նախատեսված էր մարմարե քանդակների համար: «Henraux»-ն մարմարի արտադրությամբ զբաղվող  ընկերություն է, որը հիմնվել է 1821 թ. Ժան Բատիստ Ալեքսանդր Անղոյի կողմից: Նրան են պատկանել Միքելանջելոյի կողմից հայտնաբերված «Մոնտե ալիտիսիմո» (Monte Altissimo) բարձր որակի մարմարե հանքերը: Դրանք մեծ համբավ ունեն Իտալիայում: Անցյալ դարի կեսին «Henraux»-ի հետ համագործակցել և իրենց աշխատանքներն են իրականցրել Հենրի Մուռը, Հանս Արպը, Հենրի Ադամը, Իզամու Նագուչին և շատ այլ հայտնի արվեստագետներ։

-Այս տարի «Henraux» քանդակագործության երկրորդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեցիք: Ինչ-որ դերակատարում ունեցա՞վ այդ հաղթանակը Ձեզ համար:

-Ցանկացած արվեստագետի համար նման մակարդակի գնահատականի և ուշադրության արժանանալը միանշանակ հաճելի և օգտակար է։ Դեռ բավական ժամանակ չի անցել, սակայն ունեմ համագործակցելու մի շարք առաջարկներ, ինչպիսիք են «Benetton» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսը, որը ցուցադրվելու է աշխարհի մի շարք կարևոր ցուցասրահներում, իսկ եկող տարի՝ Վենետիկի 56 րդ միջազգային բիենալեի շրջանակներում։ Պետք է իրականացնեմ աշխատանք հատուկ այս ցուցանադեսի համար։

-Քանդակը արվեստի նախևառաջ ծավալատարածական ձև է, նյութականություն ունեցող «մարմին»:  Սա, կարծես, երկրորդ պլան է մղվում Ձեր նախագծով՝ «Անտեսանելիի նյութականությամբ»: Ո՞րն է խնդիրն այս դեպքում: Ինչո՞ւ անտեսանելի դարձնել նյութականությունը:

-Այո, իրավացի եք։ Քանդակը, իրոք, արվեստի մի արտահայտչամիջոց է, որը շոշափում է ծավալի և տարածության խնդիրներ։ Իմ աշխատանքով, սակայն, որևէ ցանկություն չեմ ունեցել երկրորդ պլան մղել ոչ մեկը և ոչ էլ մյուսը։ Հակառակը՝ ցանկանում եմ էլ ավելի ուսումնասիրել ծավալ-տարածություն-մարդ հարաբերակցությունը։ Այս պարագայում պարզապես ցանկացել եմ քանդակել օդը, «դատարկ» տարածությունը։ Իմ պատկերացմամբ՝ քանդակը նաև «դատարկ» տարածությունն է։ Իհարկե, բացի մասնագիտական որոնումներից, մետաֆորիկ տեսանկյունից, մեր՝ մարդու և մեր ժամանակակից հասարակական, ներքին և արտաքին աշխարհի, զգացմունքների և պատկերացումների ուսումնասիրություն է։


-Ձեր քանդակները, ինչպես ասել էիք մի առիթով, ներքին իրականությունների և հակասությունների պատկերումն են: Ի՞նչ եք փնտրում:

-Փորձում եմ պատկերել, ավելի ճիշտ քանդակել անտեսանելին, այն ինչ այս կամ այն պատճառով չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել, նկատել։

Վերջին շրջանի աշխատանքներս ուղղված են հենց այդ թեմաների ուսումնասիրությանը։ Մի կողմից դա ինձ հետաքրքրում է զուտ քանդակին առնչվող ուսումնասիրությամբ, մյուս կողմից այն կրում է հասարակական խնդիրների անալիզի բնույթ։ Ինչ խոսք, մեկը մյուսին կապված և մեկը մյուսին լրացնող ուսումնասիրություններ են։

-Ձեր քանդակային զննման արդյունքում պարզե՞լ եք, թե ինչպիսին է մարդն այսօր իրականության հետ հարաբերություններում: Ինչո՞ւ է նա կռիվ տալիս ինքն իր հետ:

-Մարդը, իմ կարծիքով, այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ։ Հավերժ պայքարի մեջ, ինքն իր հետ ինքն իրեն գտնելու համար, միայն մեկ կարևոր գործոնի տարբերությամբ՝ ժամանակի։

-Քանդակագործի համար ի՞նչ հող է ստեղծում Հայաստանը: Ի՞նչն է պակասում մեզ մոտ արվեստը մրցունակ դարձնելու համար:

-Արվեստը, կարծում եմ, մրցակցելու համար չէ։ Իմ պարագայում, համենայն դեպս, դա պայքար չէ։ Այն ուսումնասիրելու և ճանաչելու անփոխարինելի և բացառիկ միջոց է։ Ընհանրապես ստեղագործելն անկախ լինելու եզակի ճանապարհներից է։

Հայաստանն ինձ՝ որպես քանդակագործի, տվել է բավականը, վերջ ի վերջո հենց Հայաստանում եմ ստացել իմ հիմնական գիտելիքները՝ շնորհիվ հենց իմ հայ դասախոսների։ Բացի դրանից, Հայաստանն իմ ծննդավայրն է, իմ հայրենիքը, ուստի աշխատանքներիս ոգևորության հիմնական աղբյուրներից մեկը՝ թե իր տարածական և ծավալային տեսարաններով, թե հասարակական խնդիրներով։

-Վերջերս Հայաստանում բուռն քննարկումներ էին ընթանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս հարցում:

-Նախընտրում եմ տեսնել Հայաստանի բոլոր քաղաքները և ոչ միայն Երևանը ձևավորված ժամանակակից քանդակներով։ Մի կողմ դնելով Ձեր հարցի քաղաքական կողմը՝ կարծում եմ, ժամանակն է ընդհանրապես ազատվել քաղաքը և քաղաքային տարածությունը պոստսովետական մտածելակերպով դիտելուց։

-14 տարի  բնակվում եք Իտալիայում: Ի՞նչ եք կարծում՝ Ձեր արվեստի ընկալումը կփոխվե՞ր, եթե չմեկնեիք Հայաստանից:

-Դժվար է կանխագուշակել ինչ ընթացք կունենար իմ արվեստը, եթե ուսման չմեկնեի Իտալիա։ Իտալիայում ուսանելու տարիները միանշանակ իրենց կարևոր դերն են ունեցել իմ անձնական և մասնագիտական աշխարհայացքի ձևավորման և զարգացման վրա։ Սակայն դա տեղի է ունեցել իմ՝ արդեն մինչ այդ կուտակած փորձի վրա։

Մ. Օհանջանյանի լուսանկարը՝ Արչի Գալենցի, ստեղծագործությունների լուսանկարներից առաջին երկուսի հեղինակ՝ Օլիվիերո Սանտինի, երրորդի հեղինակ՝ Մեսսանա 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Rosella Mangeruca14:22 - 17 մայիսի, 2015
Congratulations Dear Mikayel, you're doing more & more powerfull works !!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված