Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Արցախի Տող գյուղի գինին` հայկական և ռուսական շուկաներում



Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում արտադրվող «Կատարո» գինու արտադրամասի յուրաքանչյուր այցելուի համար էքսկուրսիան սկսվում է մեկ բաժակ կարմիր չոր գինուց: Գլխավոր տեխնոլոգ Գրիգորի Ավետիսյանը, լցնելով բաժակները, ասում է, որ լավ գինին բացելուց մի քանի օր հետո ավելի հագեցած համ պիտի ունենա, ոչ թե փչանա:

Բաժակները լցնելուց հետո Գրիգորին թեթև շարժումով թափահարում է ափի մեջ պահած բաժակը, ապա հոտ քաշում ու հետո միայն համտեսում:

«Լավ է,- գոհունակությամբ ասում է նա,- գինու որակը ստուգելու համար բացում ենք ու մի քանի օր պահում: Օդի հետ շփվելիս այն լրիվ այլ համ է ունենում»:

Գինու արտադրությունն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է: Էռնեստ Ավետիսյանը երեք որդիների հետ ամեն ինչ սկսել է 6 հա խաղողի այգուց: Նրանք խնդողնի տեսակի խաղող էին աճեցնում, իսկ մթերքը հանձնում վերամշակման կետ:

«Տարեցտարի խաղողի ընդունման գինն ընկնում էր, մենք էլ որոշեցինք ինքներս վերամշակել: Տեսանք՝ խնդողնուց լավ գինի է ստացվում: Ոգևորված՝ սկսեցինք արդեն արտադրամաս ստեղծել»,- պատմում է Է. Ավետիսյանը:

Ավետիսյանները հիմնեցին «Անուշ 1» ընկերությունը եւ 2010 թ. սկսեցին գինու արտադրությունը: Հադրութի շրջանում գտնվող Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով էլ կոչել են իրենց արտադրած գինին՝ «Կատարո»: Առաջին տարում արտադրել են 5000 շիշ, որը սպառվում էր միայն Հայաստանում:

Այսօր «Կատարո» գինին սպառվում է Ռուսաստանում, Հայաստանում և Արցախում՝ մոտ 3000-3500 դրամով: Հազիվ հասցնում են հայկական ու ռուսական շուկայի պահանջարկն ապահովել:

Ավետիսյանները ծրագրում են գինի արտահանել նաև եվրոպական  երկրներ: Սպառման աշխարհագրությանը զուգահեռ ընդլայնելու են նաև արտադրության ծավալները: Գ. Ավետիսյանի հավաստմամբ՝ այս տարի պլանավորում են արտադրել 50 հազար շիշ գինի: «Պահանջարկ կա, մնում է ներդնենք նոր սարքավորումներ և արտադրությունը կրկնապատկենք՝ հասցնելով տարեկան 100 հազար շշի»,- ասում է Գ. Ավետսիյանը:

Գինու արտադրության ամեն մի փուլն Ավետիսյաններից մեկն է կարգավարում: Բայց սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատողներ են վարձում:

«Կատարո»-ի պատրաստման գրեթե ողջ գործընթացը ձեռքով է արվում, այդ թվում՝ շշալցումը: Մեր այցելության ժամանակ Ավետիսյաններն արդեն 2013 թ. գինու շշալցմանն էին նախապատրաստվում:

Այս տարի Ավետիսյանները խաղողի նոր տեսակների առաջին բերքը կստանան, որով առաջիկայում պետք է տարբեր տեսակի եվրոպական գինիների արտադրություն սկսեն:

Գ. Ավետիսյանը համոզված է, որ եվրոպական գինիների հետ մրցակցել հնարավոր է, պարզապես պետք է խաղողագործությունն Արցախում լուրջ հիմքերի վրա դնել:

Իսկ մինչ այդ որակով գինու լավագույն խաղողի տեսակն Արցախի համար մնում է խնդողնին: Դրա վառ ապացույցն այն է, որ 2012 թ. Արենի գինու փառատոնում 2000-5000 դրամանոց գինիների անվանակարգում «Կատարո»-ն առաջին տեղն է գրավել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. GB03:31 - 22 մայիսի, 2014
I think Kataro wine will be a world class wine in the future!
2. John M. Aljian, MD22:51 - 27 նոյեմբերի, 2014
I just opened a 2012 Kataro wine that was given to me as a gift. The wine is impressive, beautiful nose, nice depth, soft silky tannin and subdued fruit. I would like to try the 2013, I hope I can get it in the NY Metro area.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված