Երկուշաբթի, 16 սեպտեմբերի

Վահագն Խաչատրյան. «Այն, որ իշխանության մեջ ՕԵԿ-ը չկա, «մեծ կորուստ» է քաղաքական իրականության համար»



«Մեկնաբանելու կարիք չկա. դա ՕԵԿ-ն է` իր ամբողջ պատմությամբ»,- այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով իշխող կոալիցիան լքելու` ՕԵԿ որոշմանը:

Նա նշեց, որ ՀԱԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի, երբ ապրիլի 25-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես գա վերջնական հայտարարությամբ` իշխող կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ: ՀԱԿ անդամը ակնկարկեց, որ ՕԵԿ-ի անցած ճանապարհը հուշում է` նրանք կարող են մտադրությունը փոխել և վերադառնալ կոալիցիա, ուստի հորդորեց այս հարցում չշտապել:

«Եկեք սպասենք, որովհետև միայն դրանից հետո կարող ենք հասկանալ պատճառը, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը կտրուկ փոխեց իր մոտեցումները: Դա ՕԵԿ-ն է, Արթուր Բաղդասարյանն է, դրա համար սպասենք, էլի, մի քիչ, առաջ չընկնենք, հիմա ասենք, հետո փոխվեն: Ինչպես հասկանում եմ, նրանց որոշումը վերջնական չէ, դրա համար պետք է սպասել` հնարավոր է, որ անակնկալներ լինեն: Դա ՕԵԿ-ն է, պատմության մեջ իր վայրիվերումներին ականատես ենք եղել, դիմացեք մի շաբաթ ու կտեսնենք»,- նշեց նա:

Նա չպատասխանեց այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի համար ՕԵԿ-ի հետ համագործակցությունը ևս դառնա քննարկելի, ինչպես ԲՀԿ-ի ու «Ժառանգության» դեպքում, ովքեր «Հետք»-ի հետ զրույցում ասել են, որ կքննարկեն այդ հարցը, եթե ՕԵԿ-ը նման հայտ ներկայացնի: «Չեմ ուզում կանխատեսումներ անել, ընդամենը հուշում եմ` ՕԵԿ-ն է` իր պատմությամբ»,- հավելեց նա:

Վահագն Խաչատրյանը կատակեց նաև, թե մի շաբաթ սպասելը դժվար չի լինի, թեև «բեռը ծանր» կլինի: «Այն, որ իշխանության մեջ ՕԵԿ-ը չկա, «մեծ կորուստ» է մեր քաղաքական իրականության համար»,- հեգնեց նա: Իսկ իրականում, Խաչատրյանի խոսքով, ինքը նման ակնկալիք չի ունեցել ու անակնկալի  է եկել` լսելով իշխող կոալիցիան լքելու մասին ՕԵԿ որոշումը:

«Որովհետև մինչև վերջին պահը ՕԵԿ-ը իշխանության հետ է եղել, իշխանության բոլոր ծրագրերին աջակցել է, դրանց այլ մոտեցումներ չի ցուցաբերել: Հրապարակավ` կառավարության դիրքորոշումից տարբերվող որևէ դիրքորոշում ծրագրերի մասով չի հայտնել: Խոսքը փոքր հարցերից մինչև այնպիսի խայտառակ օրենքների ընդունման մասին է, ինչպիսին կուտակային կենսաթոշակային համակարգն է կամ տրանսպորտի գինը, նկարահանող սարքերը և այլն: Իրենք նույն հաջողությամբ մասնակցել են այս ամենին, իրենց կառավարության անդամներն էլ կուրծքը ծեծելով պաշտպանել են այս ամենը: Այս վիճակի համար այնքանով, որքանով պատասխանտու է ՀՀԿ-ն, պատասխանատու է ՕԵԿ-ը: ՕԵԿ-ը եղել է այն ուժը, որը առանձին մարդկանց շահերի սպասարկմանն է ծառայել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Մեր ճշտող հարցին, թե այն, որ ՕԵԿ-ը իրեն հռչակում է ընդդիմություն, չի՞ ազատում նրան այն պատասխանատվությունից, որը կրել է կոալիցիայի անդամ լինելու շրջանում, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Չէ, իհարկե, պարզապես պատասխանատվության չափը ամեն մեկն ինքն է որոշում: Համոզված եմ, որ մարդիկ խիստ իշխանամետից խիստ ընդդիմադիր չէին դառնա, եթե ընտրությունները չկեղծվեին, ու լիներ ժողովրդավարություն»,- նշեց նա:


Գլխավոր էջ



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Լինսի հիմնադրամը Հայաստանում» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված