Շաբաթ, 20 հուլիսի

Միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին քաղաքական երկխոսության առաջարկ է անում



Փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրությունները եւ հետընտրական գործընթացները դեռեւս միջազգային նորությունների եւ միջազգային կառույցների քննարկումների օրակարգում են:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ընդդիմության «վրանային քաղաքը» բռնի ուժով ցրելու գործողությունը, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների եւ զորքերի միջեւ տեղի ունեցած բախումները, որոնց արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 8 մարդ, դատապարտվեցին հիմնականում եվրոպական կառույցների եւ ամերիկյան կառավարության կողմից:

Մարտի 1-ի առավոտյան արդեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն էր հայտնել ցուցարարներին ցրելու գործողության ընթացքում վիրավորների եւ քաղաքական ընդդիմախոսների ձերբակալությունների առթիվ եւ ասել, որ «բոլոր հաղորդագրություններն ուժի չափազանցված կիրառման մասին պետք է լիարժեքորեն ուսումնասիրվեն»: Ավելի ուշ, երբ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում հայտարարեց արտակարգ դրություն եւ սահմանափակեց ինչպես մարդկանց ազատ տեղաշարժի, երթեր եւ ցույցեր անելու, այնպես էլ խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը, ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ արեց իշխանություններին վերանայել սահմանափակումների հիմնավորումը, հատկապես այն մասով, որ վերաբերում են զանգվածային լրատվամիջոցներին, քաղաքական կուսակցություններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին` ընդգծելով, որ «արտակարգ դրությունը կասեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որոշ իրավունքների եւ ազատությունների գործողությունը»: Արտակարգ դրության առաջին շաբաթվա ընթացքում Հայաստան այցելեցին Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` ԵԱՀկ գործող նախագահի հատուկ պատվիրակ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսքոթը եւ ուրիշներ, ովքեր միջնորդական առաքելություն են ստանձնել Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ` երկխոսություն սկսելու ուղղությամբ:

Չորս կետից բաղկացած (արտակարգ դրության վերացում, ձերբակալվածների ազատ արձակում, խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների եւ մարտի 1ի իրադարձությունների միջազգային, անկախ քննություն) նրանց առաջարկն ընդունվել է նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ով ղեկավարում էր հանրահավաքները, սակայն իշխանությունները, ըստ Տեր-Պետրոսյանի, դեռ չեն ընդունել: «Ուրիշ, վերացական բաներ են ասում` շոու, կլոր սեղան, բայց շարունակում են ձերբակալությունները»,- մարտի 11-ին տված ասուլիսում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա դրական է գնահատել եվրոպական եւ ամերիկյան դիվանագետների ջանքերը, թեեւ մինչեւ մարտի 1-ի իրադարձությունները միջազգային, մասնավորապես եվրոպական կառույցների դիրքորոշումը գնահատել էր «ֆորմալիստական»: Այդպիսի գնահատականի համար հիմք էր ծառայել միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, որում արձանագրելով բազմաթիվ խախտումներ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը, այնուամենայնիվ, համարել էին, որ «ընտրությունների անցկացումը հիմնականում համապատասխանել է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»: Ողբերգական իրադարձությունների նախօերին` փետրվարի 29-ի հանրահավաքում, եվրոպացիներին մեղադրելով կրկնակի ստանդարտի կիրառման մեջ` Տեր-Պետրոսյանն ասել էր. «ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդները, կարծում եմ, ճիշտ չեն արտահայտում այն ամենը, ինչ կատարվել է ոչ միայն ընտրությունների օրը, այլեւ ընտրական ողջ պրոցեսում: Սա քննություն է նրանց համար: Եվրոպական կառույցները, մասնավորապես` ԵԱՀԿ-ն եւ նրա դիտորդական առաքելությունը, այսօր ճգնաժամ են ապրում, եւ այդ ճգնաժամը նկատվում է ոչ միայն մեզ մոտ, նկատվել է նաեւ Վրաստանում, այսօր նկատվում է նաեւ եվրոպական մամուլում»:

Ի դեպ, նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր ընտրությունների դեռեւս նախնական արդյունքները, Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով բազմահազարանոց հանրահավաք էր անում Ազատության հրապարակում, իսկ նախագահի մեկ այլ թեկնածու` Արթուր Բաղդասարյանը բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկի պահանջ էր ներկայացրել ԿԸՀ-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջինը շնորհավորեց Սերժ Սարգսյանին` ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանին դեռեւս չի շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, եւ ամերիկյան դիվանագետների տված գնահատականներն ընտրություններին եւ հետընտրական իրադարձություններին այս դիրքորոշման տրամաբանության մեջ են: Փետրվարի 22-ին ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Թոմ Քեյսին հայ ժողովրդին հղած ուղերձում շնորհավորել էր նրան «ակտիվ ու մրցակցային նախագահական ընտրությունների կապակցությամբ», իսկ իշխանություններին կոչ էր արել «քայլեր ձեռնարկել հետագա ընտրությունները բարելավելու նպատակով»:

Երբ մարտի 3-ին «Վաշինգտոն Փոստ»-ում լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Լռություն Հայաստանի վրա» հոդվածը, որտեղ նա գրում է, որ զարմացած ու հիասթափված է Արեւմուտքի դիրքորոշումից, Թոմ Քեյսին հայտարարեց, թե ԱՄՆ-ը կողմերից որեւէ մեկին աջակցության մասին ուղերձ չի հղել: «Մենք հասկանում ենք, որ այս պրոցեսը դեռ ավարտված չէ, եւ սա է պատճառը, որ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան մեկնում է Երեւան, որպեսզի տեսնի, թե ինչ կարող է անել կողմերի միջեւ քննարկումներ նախաձեռնելու համար»:

Մեթյու Բրայզան իր այցի շրջանակներում, որի նպատակը, ըստ պաշտոնական տեղեկատվության, «առկա իրավիճակի մասին պատկերացում կազմելն ու որոշակի ուղերձներ փոխանցելն էր», հանդիպել է գործող նախագահ Քոչարյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն այդ այցի արդյունքում արված հայտարարության մասին ԱՄՆ պետքարտուղարության եւ պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրությունները, «մեղմ ասած», չեն համընկնում: Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` Բրայզան վարչապետ Սերժ Սարգսյանին ասել է. «Դուք հատուկ առաջնորդ եք: Սկզբունքորեն մենք Ձեզ սատարում ենք: Ես ու նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարծում ենք, որ Դուք ունեք այն տեսլականը եւ մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար»: Խոսելով արտակարգ դրության մասին` Մեթյու Բրայզան, ըստ կառավարության պաշտնական տեղեկատվության, համակրածիք է եղել վարչապետի հետ, որ այն լարվածությունը թուլացնելու մի գործիք է, բայց չի կարող անվերջ շարունակվել: Կառավարության հաղորդագրությունը լռում է ՀՀ իշխանություններին ուղղված Բրայզայի ուղերձի սուր անկյունների մասին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դա որակել է որպես «դատապարտելի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»: Ըստ «ԱՊ»-ի` Մեթյու Բրայզան նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին:

Պարզաբանելով այս հանդիպման տարիմաստ մեկնաբանությունները` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնն «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Կարծում եմ` որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած, եւ չեն արտացոլում պարոն Բրայզայի այցի ընդհանուր էությունը: Մեթյու Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»:

«Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց, կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցության պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվել որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»:

Բրայզան ինքը, մանրամասներ հաղորդելով իր հանդիպումների մասին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Վայրագություն տեղի է ունեցել երկու կողմերում էլ, եւ ես փորձել եմ դա հասկացնել իմ բոլոր հարցազրույցներում: Խնդիրն այն է, որ երբ մարդիկ փողոցներում հայտնվում են առճակատման իրավիճակում, եւ չկա տեղեկատվության ազատ հոսք` անկախ մամուլի միջոցով, յուրաքանչյուր կողմ փորձում է մեղավոր ճանաչել մյուսին: Բայց ի վերջո, իհարկե, կառավարութունը պատասխանատու է քաղաքացիների դեմ կառավարական ուժեր գործադրելու համար: Իսկ քաղաքացիներն էլ պատասխանատու են խաղաղ կերպով բողոքելու եւ օրենքի սահմաններում տեղավորվող մեխանիզմներ գործադրելու հարցում: Ահա այս ենք մենք կոչ անում բոլոր կողմերին»: «Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»,- ավելացրել է նա:

ՀՀ ԱԳՆ-ն կտրուկ արձագանքեց միջազգային լրատվամիջոցներին Բրայզայի տված մեկնաբանություններին: «Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը կարող է նման կամայական հայտարարություններ անել»,- մարտի 12-ին ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Նրա տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նման միակողմանի մեղադրանք հնչեցնելը անհիմն ու անօգուտ է: Վիրավորված ոստիկանների թիվը` 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով: Սա համընկնում է իրավապահ մարմիննների օպերատիվ տեղեկատվությանը, որը հանրությանն այս ամենի մասին տեղյակ էր պահել մարտի 1-ից դեռ օրեր առաջ: Այս պարագայում կառավարության արձագանքը որպես «ընդդիմադիր բողոքի ցույցերի ցրում» պիտակավորելը կամ որպես «կոպիտ եւ դաժան» որակելը ճշգրիտ չէ: Դա ամենեւին ոստիկանության կողմից քաղաքացիների վրա հարձակում չի եղել: Միջազգային հանրությունը պետք է խրախուսի բոլոր ներգրավված կողմերին` պատասխանատվություն ստանձնելու մեր հասարակության հիմքերին հասցված վնասի համար եւ փնտրելու առաջ գնալու ներառական ուղիներ»:

ԱԳՆ մամլո խոսնակը Բրայզայի հայտարարությունը համարել է «թյուր տեղեկացվածության հիման վրա արված» եւ այն գնահատել որպես «քաղաքական լարվածության սրմանը նպաստող»:

ԱՄՆ-ի վարչակազմի դժգոհությունները ՀՀ իշխանությունների` ներաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունների նկատմամբ, գնալով առավել շոշափելի են դառնում: Մարտի 7-ին ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկեց երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացվող օգնությունից:

««Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության ծրագիրը կարող է տուժել»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Մարտի 13-ին տված ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառել ծրագրի սառեցումը. «Հայաստանի եւ ընկերության միջեւ կնքված պայամանագիրը ստորագրվել է հստակ պայմաններով, որտեղ նշված են տնտեսական ու ժողովրդավարական չափանիշները: Չի բացառվում, որ եթե նրանցից մի քանիսում մենք անցնենք նշված գիծը, ապա, իհարկե, օգնությունը կարող է սառեցվել»:

Նախարարի խոսքով` Կ. Ռայսի` ամերիկյան ծրագրերի մի մասի սառեցման մասին խոսքերը վերաբերում են մի շարք կազմակերպությունների կողմից ֆինանսավորմանը, ովքեր դադարեցրել են իրենց գործունեությունն արտակարգ իրավիճակի հետեւանքով:

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերները» հնգամյա ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կազմում է 236 մլն դոլար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված