Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

«Որակապես վերափոխվելու կազմակերպվելու ժամանակն է»



Մարտի 31-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի»  նախագահ Արփինե Գալֆայանը։ Ստորև ներկայացվում է ելույթի խոսքն ամբողջությամբ։ Արաբական երկրների շարժումները և մանավանդ Թունիսի և Եգիպտոսի ժողովրդական ապստամբությունները այսօր խորհրդանիշ են դարձել ամբողջ աշխարհի ազատատենչ ու ժողովրդավար շարժումների համար: Վախն ու ամենազորի անձեռնմխելիության հոգեվիճակը ՓԼՎԵՑԻՆ, և ժողովուրդը ԳԻՏԱԿՑԵՑ իր ինքնակազմակերպման և շարժման ՈՒԺԸ: Ամբողջ աշխարհի բռնատերերն ամեն պատճառ ունեն սարսափելու և իրենց վտանգված զգալու, այդ թվում` Հայաստանի ավտոկրատ, 2008թ. մարտի 1-յան արյունով հաստատված իշխանությունները: Վաղուց արդեն հստակ է, որ Հայաստանի ներկա ռեժիմն ընդունակ չէ իրական բարեփոխումների: Ապացույցը` հեռուստաընկերությունների փակումը, երկրի ամբողջ ընդերքը հանքահանող ընկերություններին վաճառելը և բնությունն անխնա շահագործելը, խոշոր գյուղացիական տնտեսությունների ստեղծումը, որոնք գյուղացու ձեռքից շուտով կխլեն նույնիսկ այսօրվա չնչին վաստակը, գյուղացիներին նորից վարկերի մեջ մտցնելու քաղաքականությունը շարունակելը, Երևանի փողոցներն առևտրականներից մաքրելը` առանց ընդունելի այլընտրանք ապահովելու և այլն, և այլն: Անհրաժեշտ է որակական փոփոխություն: Սակայն ոչ միայն քաղաքական ուժերի հարթության վրա: Ի՞նչ վիճակում ենք այսօր մենք, ո՞վ է Հայաստանի ժողովուրդը, ինչի՞ է ընդունակ այս երկրում ապրող ժողովուրդը: Իհարկե, դժգոհ են բոլորը կամ գրեթե բոլորը: Սակայն Հայաստանում բնակվող մարդը անտարբեր է ու հիասթափված, թույլին ճնշող, ուժեղի առջև պնակ լիզող, սեփական սխալները երբեք չընդունող ու անհաջողությունները չվերլուծող… որոշ բացառություններով: Մարդիկ սովորել են կաշառք տալ և վերցնել, ծախել իրենց ձայնը, ինչը նշանակում է, որ մարդն արժեք չի տալիս Հայաստանի քաղաքացիությանը: Սովորել են անտեսել ու արհամարհել հազարավոր անտուններին ու աղքատներին, որոնցով լցված են Երևանի փողոցները. մարզերի ողբալի վիճակի մասին չխոսենք: Նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների և հանրային ծառայությունների գների անընդհատ բարձրացումները տեղից չշարժեցին մարդկանց: Ահա այսպիսի ժողովրդի հետ մենք գործ ունենք: Նման ժողովուրդն ընդունակ չէ որակական իմաստով համակարգ փոխելու, այլ ավելի է այն այլասերելու, ինչպես եղել է Հայաստանի պատմության մեջ արդեն 20 տարի ու նաև դրանից առաջ: Իհարկե, անհերքելի է նաև, որ մի քանի տարի առաջվա համեմատ` գնալով զարգանում է լիովին հակադիր մի գործընթաց. հասարակական նախաձեռնող խմբերն ու շարժումները, որոնք զուտ քաղաքացիական հենքի վրա ձևավորված կամավոր միություններ են, իրենց փոփոխության գործոն են համարում և պայքարում են մյուս մարդկանց ևս արթնացնելու և մեր հասարակությունն ավելի լավը դարձնելու համար: Հենց այս շարժումների ու նախաձեռնությունների հիմքի վրա է, որ պետք է զարգացնել շարժումը Հայաստանում: Որակական փոփոխությունը կարելի է հաջողացնել միայն այն դեպքում, երբ կան գիտակից ու պայքարող, հավաքական շահերով առաջնորդվող, ծրագրված սոցիալական պայքարներ վարող ինքնակազմակերպված խմբեր, որոնք նաև, իրար հետ համագործակցելով, վերջ կդնեն այս համակարգին և այն կփոխարինեն որակապես նորով` ժողովրդավար ու արդար համակարգով: Այս է ցույց տալիս նաև Եգիպտոսի օրինակը, որտեղ վճռորոշ էր աշխատավորական միությունների դերը, և որտեղ արտահայտվեց երկար տարիների համայնքային զարգացման աշխատանքների արդյունքը: Բողոքի կազմակերպմանը զուգահեռ, անհրաժեշտ է նաև ձևակերպել այլընտրանքը՝ մեր տեսլականը համընդհանուր իմաստով (քաղաքական համակարգ, իշխանությունների տարանջատում) ու նաև տարբեր ոլորտների համար՝ կրթական, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, արտաքին-քաղաքական և այլն: Նաև պետք է քննարկման դրվի այն հարցը, թե ինչ սկզբունքներով է վերականգնվելու արդարությունը, և վերաբաշխվելու ռեսուրսները` իրավական և սոցիալ-տնտեսական իմաստով: Կարևոր է, որ այս ամենը չպետք է արվի փակ դռների հետևում, այլ ամենալայն ձևով քննարկման դրվի, որպեսզի գործընթացին մաս կազմի և համաձայնության գա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել կանանց մասնակցության վրա: Հայաստանում շատերն արհամարհանքով կամ անլրջությամբ են մոտենում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հանրային ոլորտում կանանց հավասար ներգրավման, որոշումների կայացման գործընթացին կանանց հավասար մասնակցության և ազդեցության հարցերին: Այնուամենայնիվ, շեշտում եմ իմ համոզմունքը, որ Հայաստանում տևական համակագային փոփոխություն տեղի չի ունենա, քանի դեռ կանայք, որ, ի դեպ, կազմում են Հայաստանի բնակչության կեսից ավելին, լիարժեք մաս չեն կազմում այս պայքարին: Գենդերային կարծրատիպերի և ավանդական գենդերային դերերի հեղափոխումը էական է և շարժման բոլոր փուլերում, և դրանցից հետո: Ավելին, հեղափոխությունների շարժիչ ուժը միշտ եղել է և մնում է երիտասարդությունը: Երիտասարդությանը պետք է ոչ թե օգտագործել ու մանիպուլացնել, ծառայեցնել միայն որակավորում չպահանջող գործերի համար, այլ զորացնել` իրոք պայքարը ուղղորդելու, որոշումներ կայացնելու, շարժմանը էներգիա հաղորդելու համար: Համակարգային փոփոխությունների պայքարում խիստ էական է, որ կասկածի տակ դրվի պատրիարխալ համակարգն իր հիերարխիաներով և ուժային հարաբերությունների թելադրանքով, այդ թվում հանդուրժող մոտեցում լինի մարդու իրավունքները հարգող ենթամշակույթների, խոցելի խմբերի և բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ: Եգիպտոսի ժողովրդական շարժման հաջողության երաշխիքներից էին` - կանանց մասնակցությունը - երիտասարդների շատ լայն ներգրավումը - սոցիալական ցանցերի և նոր տեխնոլոգիաների լայն կիրառումը - որոշումների ընդունման ավանդական հիերարխիկ մեխանիզմների փոխարինումը հորիզոնական և մասնակցային մեխանիզմներով - ապակենտրոնացվածությունը, բայց միաժամանակ շատ լավ կազմակերպվածությունը - կրոնական, ազգային, սոցիալական, մշակութային հանդուրժողականությունը և սոլիդարությունը - պայքարի ծավալումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև պետության այլ քաղաքներում ու շրջաններում - և վերջապես, շարժման հավատարմությունը Գանդիից սկիզբ առած ոչ բռնի պայքարի, գործող ռեժիմի հետ չհամագործակցելու և քաղաքացիական անհնազանդության սկզբունքներին: Արփինե Գալֆայան Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) նախագահ

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված