Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Լևոն Արոնյան. «Իմ կյանքը շախմատում է»



Արդեն մեկ ամիս է, ինչ միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը Երևանում է: Այս ընթացքում նա մարզվում էր Ծաղկաձորում, բայց չնշեց այն խաղացողների անունները, ովքեր օգնել են իրեն պատրաստվել Շախմատի աշխարհի առաջնությանը: Լևոն Արոնյանի խոսքերով` Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքը շատ նպաստավոր էր և արդյունավետ: Մայիսին տեղի ունենալիք Շախմատի աշխարհի առաջնությանը Արոնյանի մրցակիցը լինելու է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը: Հայ շախմատիստը նախկինում էլ է խաղացել նրա հետ և հավանում է նրա ոճը, կարծում է` շատ բարդ ու հետաքրքիր խաղ կլինի: Արոնյանն ու Գրիշչուկն իրար հետ չորս խաղ են խաղալու, իսկ թե հաղթողն ում հետ կխաղա, Արոնյանը կարևոր չհամարեց: «Ամենալավ խաղ չկա, բոլորն էլ կարևոր են, քանի որ ես գործող շախմատիստ եմ, և ամեն խաղն ինձ համար լավ պարտիա է, նաև` երկրպագուների համար»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Լևոն Արոնյանը: Առաջիկա օրերին անցկացվելու է Մոնտե Կարլոյի մրցաշարը: Լևոն Արոնյանը կարծում է, որ դա իրեն կօգնի նախապատրաստվել Շախմատի աշխարհի առաջնությանը: «Ես շախմատում էլ, կյանքում էլ չեմ սիրում ինչ-որ մի բան թաքցնելը, խնայելը: Միշտ փորձում եմ իմ ուժեղագույն խաղը խաղալ: Այդ պատճառով էլ ճիշտ կլինի ասել, որ մեծ բաներ չեն փոխվել իմ խաղի մեջ, որովհետև այս պահին ուրախ եմ, որ իմ խաղը որակ է գտել»,- ասաց նա: Այս փուլում շախմատիստը միայն մտածում է մայիսի 3-27-ին Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելիք Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լևոն Արոնյանին նվիրել է բնակարան Երևանում, ինչից կարելի է ենթադրել, որ շախմատիստը իր ժամանակի մեծ մասը կանցկացնի Երևանում: Անդրադառնալով նրան, թե որտեղ է պատկերացնում իր կյանքը, Լևոն Արոնյանն ասաց. «Սխալ կլինի ասել՝ Եվրոպայում կամ Հայաստանում։ Իմ կյանքը շախմատում է»: Արոնյանի ծնողները բնակվում են Գերմանիայում, սակայն հավատարիմ են իրենց արմատներին: Արոնյանը տեղեկացրեց, որ մայրը Տավուշի մարզի գյուղերից մեկում է ծնվել։ Գրոսմայստերը սիրում է ընթերցանություն: Իսկ ջազը և դասական երաժշտությունը սիրում է «շախմատին հավասար»: Ավելին, խաղից առաջ Արոնյանին ոգևորողը հենց երաժշտությունն է։ Վերջերս էլ սկսել է տնտեսագիտական գրքեր կարդալ: Լրագրողներից մեկն ասաց, որ տնտեսագիտական գրքեր կարդալուց հետո Գարի Կասպարովը սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Հնարավո՞ր է, որ նույնը պատահի նաև Արոնյանի դեպքում: Շախմատիստը պատասխանեց, որ ինքը չգիտի, թե ինչով կզբաղվի վաղը կամ մյուս օրը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված