ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Սումգայիթի գործը չի կարելի անջատել ղարաբաղյան պահանջատիրությունից



Միջազգային ատյաններում պետք է փոխհատուցում պահանջել 23 տարի առաջ Ադրբեջանում կազմակերպվեց սումգայիթյան ողբերջությունը: Այսօր այս մասին խոսելու համար լրագրողների հետ հանդիպել էին «Сумгаит, геноцид, гласность» գրքի հեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը և Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանը: Տարիներ շարունակ Հրայր Ուլուբաբյանը եղել է Սումգայիթում կոտորված հայերի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար: Սումգայիթում տուժածները նրան վստահագրեր են տվել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Նա իր հետազոտություններում համոզվել է, որ Սումգայիթում սպանվել է ոչ թե 26-29 մարդ, ինչպես նշվում է, այլ 100-ից ավելի: Մեկ բան ևս, սումգայիթյան ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե փետրվարի 27-29-ին, այլ 26-29-ին: Հաշվի առնելով այն, որ Սումգայիթում հայերը սպանվել են, ունեցվածք կորցրել` Հրայր Ուլուբաբյանը զարմանալի է համարում մեր երկրի ղեկավարների լռությունը այս առումով: «Ինձ համար անսպասել և զարմանալի է, որ մեր երկրի ղեկավարները` և նախագահը, և արտաքին գործերի նախարարը, որևէ խոսք չասացին Սումգայիթի մասին»,- ասում է հրապարակախոսը: Ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե իբր հայերն են կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությունը, իսկ մեր կողմը, բանախոսի կարծիքով, ոչինչ չի անում սրա դեմ: Հրայր Ուլուբաբյանը պահանջում է, որ երկրի ղեկավարը դիմի միջազգային դատարան և փոխհատուցում պահանջի Սումգայիթում տուժածների համար: «Ինչ է` սպասենք Սումգայիթի 100-ամյա՞կն էլ լինի, որ տուժաների, զոհվածների հետքն էլ չգտնենք, կամ հատուկենտ մարդի՞կ լինեն: Ինչո՞ւ հիմա չեն անում»,- հարցնում է Հրայր Ուլուբաբյանը: Նրա խոսքերով` վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնազերծել է Սումգայիթի հետ կապված մի փաստաթուղթ է, որում հրապարակված ցուցակում բազմաթիվ սխալ ազգանուններ և տվյալներ կան: «Փնթի գործ են անում»,- ասում է Հրայր Ուլուբաբյանը: Իսկ Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային ինստիտուտի ծրագրերի համակարգող, փորձագետ Շուշան Խաթլամաջյանն ասում է, որ պետական այրերը հուսահատ են և չեն կարծում, որ միջազգային ատյաններում հաջողության կհասնեն: Այդ պատճառով էլ առաջ չեն քաշում Սումգայիթի ցեղասպանության հարցը: «Քանի որ հետո առաջացավ ղարաբաղյան խնդիրը, Սումգայիթը կարծես կողքի մնաց, չտեղավորվեց այդ ամբողջ պահանջատիրության մեջ, սակայն եթե ուշադիր նայենք, դա լավ տեղավորվում է: Սումգայիթի գործը չի կարելի անջատել ղարաբաղյան պահանջատիրությունից»,- ասում է Շուշան Խաթլամաջյանը` հավելելով, որ պետք չէ ստեղծել հանձնաժողովներ, այլ պետք է ամեն մի տուժածի համար անհատական փոխհատուցում պահանջել, օգնել: Նա ևս Սումգայիթը համարում է կազմակերպված` նշելով, որ սումգայիթյան կոտորածը ազդակ եղավ Խորհրդային Միությանն այն մասին, որ բավական է անարդարության դեմ մի փոքր բողոք, և սկսվում է ջարդը, առավել ևս, որ դրան հաջորդեցին մի շարք ջարդեր նաև այլ քաղաքներում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված